«Մադրիդն» ու Անչելոտին կապի մեջ են. Իտալացին սպասում է

Մադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում Զինեդին Զիդանին, որը մրցաշրջանի ավարտից հետո որոշեց հեռանալ ակումբից: Այս օրերին խոսվում է թեկնածուների մասին, որոնց թվում է Կառլո Անչելոտին: Իսպանական AS պարբերականն անդրադարձել է թեմային: Աղբյուրին հաջողվել է հաստատել տեղեկությունն այն մասին, որ մադրիդյան ակումբից կապ հաստատել են իտալացի մասնագետւ հետ: Մինչ այդ այս մասին հայտնել էր Cadena SER-ը: Նշվում է, որ «Սերուցքայինների» ճամբարից արդեն մոտ մեկ շաբաթ է կապի մեջ են Անչելոտիի հետ: Հաղորդման համաձայն՝ մարզիչը պատրաստ է վերադառնալ Մադրիդ:

Վերջին օրերին հատկապես շատ սկսեցին գրել Անչելոտիի հնարավոր վերադարձի մասին: Մյուս կողմից տեղեկությունը տարածողները նկատում են, որ ներկա պահին «Մադրիդը» գլխավորելուն մոտ են նաև Մաուրիսիո Պոչետինոն ու Ռաուլ Գոնսալեսը: Վերջին երկուսի հարցում որոշակի կասկածներ ունեն ակումբի ներսում և չեն ուզում շտապել: Խոսվում էր նաև Անտոնիո Կոնտեի մասին, սակայն ըստ ամենայնի իտալացին չի գլխավորի թիմը, քանի որ կողմերը չեն պայմանավորվել մասնագետի աշխատավարձի, ինչպես նաև տրանսֆերային քաղաքականության հարցում: Այս ֆոնին բոլոր սլաքները կարծես գնալով թեքվում են դեպի Անչելոտին:

Զիդանի հեռանալուց հետո դեռ պետք է լուծել առկա վեճերն ու խնդիրները ակումբում ու շատերն այս օրերին «խաղաղապահի»  դերում տեսնում են Կառլո Անչելոտիին: Այլ կերպ ասած՝ հենց իտալացին է ի զորու համակարգել գործողությունների ծրագիրն արտակարգ իրավիճակում: Փորձառու մասնագետը գործող պայմանագիր ունի անգլիական «Էվերտոնի» հետ մինչև 2024 թվականը, բայց, ըստ իսպանական լրատվականների, բարդ չի լինի ժամանակից շուտ խզել այն: Նշվում է, որ անգլիական կողմն ևս իրադարձությունների նման զարգացումը չի բացառում և արդեն լծվել է փոխարինող փնտրելու գործին: Մասնագետներից մեկը, որը կարող է փոխարինել Անչելոտիին «Էվերտոնում», վերջերս «Վուլվերհեմպտոնից» հեռացած Նունո Էսպիրիտո Սանտուն է:

Շատ բան կախված է նաև նրանից, թե ինչպես կդասավորվեն Մաուրիսիո Պոչետինոյի հարaբերությունները «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարության հետ: Իսպանական լրատվականները նշում են, որ արգենտինացի մասնագետի հնարավորությունները «Մադրիդը» գլխավորելու կմեծանան, եթե նա հեռանա ֆրանսիական ակումբից, բայց իսպանական կողմն իրեն հեռու է պահում գործընթացից: Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում, որ հարաբերությունները «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարների հետ մտնեն փակուղի: Մյուս կողմից Պերեսի այս դիրքորոշումը կարող է հանգեցնել նրան, որ Պոչետինոն կմնա ու կշարունակի մարզել «Փարիզի» ֆուտբոլիստներին:

Ռաուլն ևս «Մադրիդը» գլխավորելու գլխավոր թեկնածուներից մեկն է, սակայն ակումբի ղեկավարները դեռ վստահ չեն, որ երիտասարդ մասնագետը պատրաստ է նման քայլ կատարել մարզչական կարիերայում: Միևնույն ժամանակ ապագայի հետ կապված գրեթե բոլորի հույսը հենց Ռաուլն է և վերջինիս տեսնում են հենց «Կաստիլիայի» ղեկին: Ժամանակին Զիդանն էր այդ դերում և օգնում էր հենց Անչելոտիին: Մյուս կողմից Ռաուլն առաջարկ ունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» և չի բացառվում, որ իսպանացին կորոշի աշխատանքի անցնել գերմանական ակումբում:

Անչելոտին իր հերթին հանգիստ սպասում է իրադարձությունների զարգացմանը: Այս ֆոնին չի բացառվում, որ առաջիկա ժամերի ընթացքում նորություններ կլինեն նրա հնարավոր վերադարձի մասին: «էվերտոնում» նա իրեն վատ չի զգում և այս ընթացքում հասցրել է մերժել միլանյան «Ինտերի» առաջարկը: «Մադրիդն» այլ պատմություն է և հնարավորության դեպքում դժվար թե իտալացին ասի «ոչ»: