«Մադրիդի» ապագա ծրագրերը. Առավելագույնը մեկ խոշոր տրանսֆեր

Կառլոն Անչելոտին վերադարձավ «Մադրիդ»: Զիդանի հեռանալուց հետո մարզչի հարցը լուծվեց, մնում է հասկանալ թե ինչպես է իտալացին փորձելու լուծել իր առջև դրված խնդիրները: Խոսքն առաջին հերթին կադրային հարցերի մասին է, մյուս կողմից ամեն ինչ չէ, որ նրանից է կախված: Շատ է խոսվում, որ մադրիդցիները պարզապես հնարավորություն չունեն խոշոր տրանսֆերներ իրականացնել ու թերևս կարող են բավարարվել ընդամենը մեկով: Փոխարենը կլինեն խաղացողներ, որոնք կհեռանան թիմից ու մեծ հաշվով վերևում նշված խոշոր տրանսֆերը կկայանա, թե ոչ կախված է նրանից, թե որքան գումար կկարողանա Արքայական ակումբը հավաքել իր խաղացողների տրանսֆերների վաճառքից:

Իսպանական ռադիոներից մեկում Պակո Գոնսալեսը խոսել է մադրիդյան ակումբի առաջիկա ծրագրերից և նշել է, որ ըստ ամենայնի Անչելոտիից բացի այս ամառ «Մադրիդի» շարքերը կարող է համալրել ևս մեկ մեծ անուն, բայց այս պահին ակումբը մտածում է առաջին հերթին խնդրի հակառակ կողմի մասին:

Գոնսալեսն ասում է, որ թիմի հիմնական կազմում այս պահին 33 ֆուտբոլիստ կա և նրանցից ոչ մեկի մասով առաջարկ չկա այդ թվում նաև Էդեն Ազարի: Այսինքն տրանսֆերային շուկայում թանկարժեք ևս մեկ խաղացող ձեռք բերելուն զուգահեռ, եթե ակումբը չվաճառի, ապա կընկնի մեծ պարտքերի տակ: Մտածում են, որ պետք է Յովիչին տալ վարձավճարով, բայց ոչ վաճառել: Բրահիմ Դիասի ու Կուբոյի նման խաղացողները նոր ակումբ գտնելու հարցում խնդիր պետք է որ չունենան: «Ռոման» ցանկանում է պահել Բորխա Մայորալին, բայց նրանք չունեն անհրաժեշտ 15 միլիոն եվրոն:

Ըստ Գոնսասելի՝ այս ամառվա գլխավոր խնդիրն այն է, որ գումար ունեն միայն այն ակումբները, որոնք ունեն պետական ֆինանսավորում: Դանի Սեբալյոսն իր հերթին չի ցանկանում այլևս վարձավճարով խաղալ ու բանակցում է «Բետիսի» հետ, բայց խնդիրն այն է, որ ակումբը տրանսֆերի համար վճարելու գումար չունի:

Կրկին խոսում են Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի մասին, բայց մադրիդցիներին հեշտ կյանք ոչ ոք չի խոստանում այդ հարցում: «Մադրիդը» մեկ դեպքում կարող է իրեն թույլ տալ Մբապեի կամ նման խաղացողի տրանսֆեր, եթե մինչև օգոստոս հասցնի շատ խաղացողներ վաճառել: Ի դեպ, Գոնսալեսը պնդում է, որ ակումբը կարող է ընդամենը մեկ նման գործարք իրականացնել: Ակումբը ձեռք չի բերի կենտրոնական պաշտպան, որպեսզի փակի Սերխիո Ռամոսի դիրքը: Դժվար է ակնկալել, որ «Մադրիդում» կհայտնվի նաև նոր կենտրոնական կիսապաշտպան:

Փորձագետն ընդգծում է, որ չի կարող այնպես լինել, որ ակումբը միաժամանակ ձեռք բերի Մբապեին ու Էրլինգ Հոլանդին: Ի դեպ, Իսպանիայի մայրաքաղաքից չեն կապվել Փարիզ՝ Մբապեի տրանսֆերային արժեքը ճշտելու կամ խաղացողներ փոխանակելու հարցերով: Սա բացառվում է՝ ըստ Գոնսալեսի: «Մադրիդը» կվճարեր 200 միլիոն եվրո, եթե «Պարի Սեն Ժերմենը» նման ցանկություն հայտներ:

Սպասվում է, որ այս ամառ Սերխիո Ռամոսից բացի ներկայիս կազմի ևս երկու առաջատար խաղացող կլքեն ակումբը: Ակումբի ներսում սպասում են, որ 33 խաղացողից երեքը շուտով կհեռանան: Ռամոսը չի պատրաստվում երկարաձգել պայմանագրի ժամկետը, Վարանը կարող է հեռանալ, եթե նրա տրանսֆերի համար 35-40 միլիոն եվրո առաջարկող լինի: Իսկոն է նոր ակումբ փնտրում: Ակումբում չեն սպասում, որ թիմից հեռանալու որոշում կկայացնի Մարսելոն, նույնիսկ եթե շարունակի քիչ խաղալ: Բացի այդ, դեռ ոչինչ չի ասվում Գարետ Բեյլի մասին: Անտոնիո Բլանկոն, Միգել Գուտիերեսն ու Պարկը կմնա «Կաստիլիայում» և Անչելոտին կկարողանա օգտվել նրանց ծառայություններից անհրաժեշտության դեպքում: