«Մադրիդն» ու Մբապեն սպասում են. կսպասեն ևս մեկ տարի

Միջազգային մամուլը շարունակում է գրել Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի մասին, մինչդեռ մի շարք հանգամանքներ հուշում են, որ ֆրանսիացին առնվազն մեկ մրցաշրջան էլ կմնա Փարիզում: Իսպանական Marca-ն գրում է, որ չնայած խոչընդոտներին «Մադրիդը» կարող է ձեռք բերել հարձակվողի տրանսֆերը ամենավերջին պահին: Դժվար է լինելու, բայց հնարավոր է: Ըստ աղբյուրի` իսպանական կողմն հետ է կանչել իր առաջարկը, բայց դեռ կա ժամանակ գործարքն իրականացնելու համար:

Շաբաթներ տևած բանակցությունները կարծես մտել են փակուղի, ժամանակը գնում է, բայց դեռ կա հույս, որ կողմերը կգան ընդհանուր հայտարարի: Մադրիդում վճռական են տրամադրված և ցանկանում են Մբապեին տեսնել իրենց շարքերում սկսած ընթացիկ մրցաշրջանից:

Բարդ իրավիճակ է և դեռ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի «Պարի Սեն ժերմենը» այն տեղեկությանը համաձայն որի Արքայական ակումբը պատրաստվում է իր շարքերը համալրել ևս մեկ ֆրանսիացով, որի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական ակումբը: Խոսքը «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի մասին է: Այս պահին «Մադրիդը» բանակցում է «Ռենի» հետ և ըստ Marca պարբերականի բանակցություններն սահուն են ընթանում և չի բացառվում, որ ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի: 18-ամյա խաղացողի ծառայություններով այս ամառ շատերն էին հետաքրքրված, բայց ամեն ինչ տանում է նրան, որ ֆուտբոլիստն ի վերջո կընտրի «Ռեալը», որը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել տրանսֆերի համար:

Այս ֆոնին մնում է սպասել ևս մի քանի ժամ: Տրանսֆերային պատուհանը փակվում է երեքշաբթի կեսգիշերին: Իսպանական լրատվականները հայտնում են, որ «Մադրիդի» ներկայացուցիչներն երկուշաբթի հանդիպել են «Պարի Սեն ժերմենի» ղեկավարների հետ, սակայն գոհ չեն մնացել հանդիպման արդյունքներից: Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ դադարեցնում են բանակցությունները, քանի որ ավելին չեն կարող անել, ինչ արել են այս ընթացքում: Իսպանական կողմն առաջարկել է 170 միլիոն եվրո + 10 միլիոն եվրո որպես բոնուս Մբապեի տրանսֆերի համար, սակայն «Փարիզի» ղեկավար կազմը մերժել է այն:

Ստեղծված իրավիճակում «Մադրիդին» մնում է սպասել պատասխանի Ֆրանսիայից: Ի դեպ, հատկանշական է, որ եթե տրանսֆերը չկայանա, ապա մադրիդցիները հնարավորություն կունենան Մբապեին ձեռք բերել գալիք ամռանը, բայց արդեն որպես ազատ գործակալ, երբ կավարտվի խաղացողի գործող պայմանագրի ժամկետը:

Այս մասով Մադրիդում գրեթե չեն անհանգստանում, քանի որ Մբապեն ինքն է ցանկանում հեռանալ «Պարի Սեն Ժերմենից»: Եվ ֆուտբոլիստը, և «Մադրիդի» ներկայացուցիչները անհամբեր սպասում են այսօր կայացվելիք որոշմանը: Ամեն դեպքում, աղետալի ոչինչ չի լինի, եթե «Փարիզից» բացասական արձագանք ստանան. խաղացողը կշարունակի գոլեր խփել ներկայիս թիմի կազմում, իսկ «Ռեալը» կսպասի նրան ևս մեկ տարի` լավ իմանալով, որ Մբապեն ցանկանում է տեղափոխվել հենց Մադրիդ:

Հավելենք, որ այս ընթացքում «Պարի Սեն Ժերմենը» փորձել է համոզել Մբապեին մնալ` առաջրկելով նոր պայմանագիր, սակայն խաղացողը մերժել է դրանք հույսով, որ նրա տեղափոխությունը Իսպանիայի մայրաքաղաք կկայանա: Marca պարբերականը հավելել է, որ եթե տրանսֆերը չկայանա մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, ապա «Մադրիդը» կարող է համաձայնության գալ Մբապեի հետ գալիք հունվարին համաձայն որի խաղացողը կտեղափոխվի «Սանտիա Բեռնաբեու» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո` ստորագրելով հինգ տարվա պայմանագիր: