«Մադրիդի» երրորդ անընդմեջ հաղթանակը Կլասիկոյում. «Բարսայի» շարքն ընդհատվեց

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Հաշվետու խաղին մասնակցեց կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, սակայն աչքի չընկավ արդյունավետ գործողությունով: Արգենտինացին վերջին յոթ կլասիկոյում չի կարողացել ոչ գոլ խփել, ոչ գոլային փոխանցում կատարել: Վերջին անգամ, երբ Լեոն աչքի է ընկել արդյունավետ գործողությունով կլասիկոյում, «Մադրիդի» կազմում էր դեռ խաղում Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2018 թվականի ամռանը տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»:

«Սերուցքայիններն» ընդհատեցին Կումանի գլխավորած թիմի անպարտելիության շարքն առաջնությունում կազմված 19 խաղից: Վերջին անգամ կապտանռնագույնները պարտվել էին դեկտեմբերի 5-ին: Այդ օրը հաղթեց «Կադիսը» 2:1 հաշվով: Բացի դրանից, «Բարսան» մինչև կլասիկոն ինը խաղ անընդմեջ չէր պարտվել բոլոր մրցաշարերը հաշվի առած:

Նկատենք, որ Լա Լիգայի շրջանակներում «Ռեալ Մադրիդն» առաջին անգամ սկսած 1978 թվականից երեք խաղ անընդմեջ կարողանում է հաղթել «Բարսելոնային»: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը «Բարսելոնային» հաղթել էր նաև ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում: Անցած տարվա հոկտեմբերին մադրիդցիները հաղթել էին 3:1 հաշվով: Առաջին շրջանի խաղից առաջ Զիդանի սաները հաղթել էին «Բարսային» անցած տարվա մարտի 1-ին կայացած մրցավեճում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos