«Լոկոմոտիվը» հաշվարկում է ՀՖՖ-ի կողմից՝ իրեն հասցված ֆինանսական և բարոյական վնասի չափը

Երևանի «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ակումբը հաշվարկում է ՀՖՖ-ի կողմից՝ իրեն հասցված ֆինանսական և բարոյական վնասի չափը՝ հիշեցնելով, որ Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի:

«Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանի վճիռը հրապարակվելու է օգոստոսի 5-ից հետո։ Այդ իսկ պատճառով մեր մամուլի ասուլիսը կկայանա դատարանի կողմից վճիռը հանրայնացնելուց հետո, որպեսզի կարողանանք հանրությանը ներկայացնել ամբողջ պրոցեսի ողջ մանրամասները։ Ներկա պահին մեր պաշտպանական թիմը՝ համագործակցելով մի շարք տեղական և միջազգային փորձագետների հետ, կատարում են հաշվարկ-գնահատում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից մեր ակումբին և նրա յուրաքանչյուր անդամին հասցված ֆինանսական և բարոյական վնասի իրական չափը պարզելու համար, որպեսզի բոլոր իրավունքները վերականգնելուց զատ ամբողջությամբ վերականգնվեն նաև մեր ակումբին հասցված ֆինանսական և բարոյական վնասները միջազգային դատարանի միջոցով։ Մամուլի ասուլիսի վայրի և ձևաչափի մասին հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- նշված է «Լոկոմոտիվի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ֆուտբոլային ակումբը Լոզանի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՖՖ-ին:

«Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ չեղարկելով և առոչինչ համարելով 02.07.2020թ-ի Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև 29.07.2020թ-ի բողոքարկման կոմիտեների՝ պայմանավորված խաղերի ակնհայտ ապօրինի պատրվակով «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի դեմ կայացված որոշումները։
Այսպիսով վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։ Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր՝ Շվեյցարիայի, Ուկրաինայի և Հայաստանի փաստաբաններին, ակումբի անդամներին՝ կատարված ահռելի աշխատանքի համար»,- ասված էր հաղորդագրությունում: