Ինչ է իրենից ներկայացնում Կոնֆերենցիաների լիգան ու քանի տեղ ունի այնտեղ Հայաստանը

Այս տարի առաջին անգամ թիմերը կմասնակցեն ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը: Ֆուտբոլային հանրությունը վաղուց տեղյակ էր նոր մրցաշարի մասին, սակայն այս օրերին շատերն են փորձում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այն: 

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը Եվրոպայի ակումբային հեղինակությամբ երրորդ մրցաշարն է և անցկացվելու է Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղարկություններին զուգահեռ: Նման մրցաշար ստեղծելով՝ ոլորտի պատասխանատուները փորձում են օգնել ավելի շատ թիմերի զգալ եվրոպական ֆուտբոլի համն ու շունչը, հատկապես խոսքը վերաբերում է այն երկրների թիմերին, որոնք ամեն կերպ փորձում են մասնակցել եվրագավաթային խաղարկություններին, բայց շատ դեպքերում չի հաջողվում: Ասել է, թե հնարավորություն է մակարդակով ավելի ցածր լիգաները ներկայացնող թիմերի համար: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այստեղ տեղ են գտել ոչ միայն նշված երկրների թիմերի, այլ նաև եվրոպական առաջատար առաջնությունների ներկայացուցիչների համար, մասնավորապես Անգլիայի Պրեմիեր լիգայից գալիք խաղարկությանը մասնակցելու է Լոնդոնի «Տոտենհեմը», որը նոր ավարտված Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց յոթերորդ տեղը:

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հանդիպումները տեղի են ունենալու հինգշաբթի օրերին: Մրցաշարն անցկացվելու է առնվազն մինչև 2024 թվականը: Մրցաշարին կմասնակցեն 184 թիմ ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրից՝ այդ թվում նաև այն 46 թիմը, որոնք կմիանան Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի խաղարկություններից:

Խմբային փուլից առաջ տեղի կունենա որակավորման առաջին, երկրորդ և երրորդ փուլերը: Փլեյ-օֆֆ փուլը բաժանվում է հիմնական ճանապարհի և չեմպիոնների ճանապարհի: Այստեղով կանցնեն թիմերը, որոնք դուրս են մնացել Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղարկությունների չեմպիոնների ճանապարհից: Խմբային փուլի ուղիղ ուղեգիր չի լինի: Այս փուլ դուրս կգան 32 թիմ՝ 17-ը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական ճանապարհից, 5-ը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության չեմպիոնների ճանապարհից, 10-ը Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլից դուրս մնալուց հետո:

Խմբային փուլում կլինի ութ խումբ, դրան կհաջորդեն անցումային խաղերը, 1/8 եզրափակչը, քառորդ եզրափակիչը, կիսաեզրափակիչն ու եզրափակիչը: Որոշիչ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի «Նացիոնալ Արենայում»: Այս մասին ՈւԵՖԱ-ի գործկոմը հայտնել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին: Ստադիոնը պաշտոնապես բացվել է 2019 թվականի նոյեմբերին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիա — Ֆրանսիա խաղով: Ստադիոնը կառուցվել է ՈւԵՖԱ-ի HatTrick ծրագրի շրջանակներում:

Կոնֆերենացիաների լիգայի խաղարկության հաղթողը կստանա չեմպիոնական գավաթ ու Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլին մասնակցելու իրավունք, եթե իհարկե հաղթողն ազգային առաջնությունում Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր ձեռք չի բերել:

Ստացվում է, որ համաձայն եվրագավաթների նոր կառուցվածքի ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլերում կխաղան առնվան 34 երկրի թիմեր: Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում կխաղան առնվազն 14 գործող չեմպիոն: Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում կխաղան 8-11 չեմպիոն: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում կլինեն 9-12 չեմպիոն: ՈւԵՖԱ-ի բոլոր ասոցիացիաները ներկայացուցիչներ կունենան բոլոր երեք խաղարկություններում: Սա այն դեպքում, երբ եվրագավաթային քվոտաները կմնան անփոփոխ:

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը չի ազդի Չեմպիոնների լիգայի խաղարկության ձևաչափի վրա: Այստեղ փոփոխություններ չեն լինի: Եվրոպայի լիգայի խաղարկությունում խմբային փուլի մասնակիցների թիվը 48-ից կկրճատվի մինչև 32: Այսինքն 12 խմբի փոխարեն կլինի 8 խումբ՝ յուրաքանչյուրում չորս թիմ:

Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում խմբերում հաղթողները  1/8 եզրափակչի ուղիղ ուղեգիր կստանան: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմերն անցումային հանդիպումներ կանցկացնեն Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում խմբերում երրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմերի հետ և կխաղարկեն 1/8 եզրափակչի մնացած ութ ուղեգրերը: Այսինքն ավելանում է անցումային խաղերի փուլը:

Փոփոխության կենթարկվի նաև Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման սխեման: Խմբային փուլում կխաղան Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության հաղթողը, ազգային առաջնությունների արդյունքներով ուղիղ ուղեգիր նվաճած 11 թիմ, Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլերն անցած 10 թիմ և Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլերին մասնակցած 10 թիմ:

Հայաստանի չեմպիոնն եվրագավաթային ճանապարհը կսկսի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից: Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլերում Հայաստանին տեղ հատկացված չէ: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը կարող են մասնակցել երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն ու Հայաստանի գավաթակիրը: Ներկա պահին Երևանի «Արարատն» արդեն ապահովագրել է իր տեղը նոր մեկնարկող մրցաշարում: Մյուս կողմից դեռ շարունակում է պայքարը չեմպիոնության համար: Այս պահին չեմպիոնության հարցը կախված է առաջին հերթին «Ալաշկերտից»: Հայաստանն Եվրոպայի լիգայի գալիք խաղարկության մասնակից կարող է ունենալ միայն մեկ դեպքում, եթե Հայաստանի չեմպիոնը առնվազն մի քանի փուլ անցնի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: