Եվս մեկ հնարավորություն Կումանին. Լապորտայի որոշումն ու ապագա ծրագրերը

Ավարտված մրցաշրջանում «Բարսելոնան» բավարարվեց ընդամենը մեկ տիտղոսով, բայց նույնսիկ դա չսփոփեց ոչ մեկին Կատալոնիայում: Թիմից ավելի մեծ են սպասելիքները: «Կապտանռնագույնների» ճամբարում մեծ սպասումներ ունեն ակումբի նորանշանակ նախագահ Ժոան Լապորտայից և մեծ հույսեր են կապում նրա հետ: Ասել է, թե վերջինս ի զորու է իր շուրջը համախմբել բոլոր նրանց, որոնք կապահովեն թիմի հաղթական վերադարձը:

Լապորտան առանց ժամանակ կորցնելու փորձում է կյանքի կոչել իր նախընտրական խոստումներն ու արդարացնել ակումբի նվիրյալների մեծ սպասելիքները: Առաջին քայլերն ուղղված դեպի պայծառ ապագա ոչ բոլորի սրտով է, կան հարցեր ղեկավարությանը, սակայն ինչպես երևում է ակումբի ներսում հավատում են իրենց ծրագրերին:

Մրցաշրջանի ավարտից շատ չանցած կատալոնական ակումբը հայտարարեց իր առաջին ձեռքբերման մասին և թիմի երկրպագուներին ներկայացրեց հարձակվող Սերխիո Ագուերոյին: Ակումբ է արդեն վերադարձել Էրիկ Գարսիան, որը ժամանակին որոշել էր ապագան կապել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: Լապորտան դժվար թե այսքանով կսահմանափակվի: Ինչ վերաբերում է գլխավոր մարզչի հարցին, ապա ակումբի ղեկավարն առանվազն մեկ տարով փակեց այն՝ իր վստահությունը հայտնելով Ռոնալդ Կումանին:

Հոլանդացին ժամանակին փոխարինեց Կիկե Սետյենին, որի օրոք թիմը գունատ տեսք ուներ ու հասցրեց խայտառակվել Մյունխենի «Բավարիայի» հետ մրցավեճերում: Կումանի առջև խնդիր էր դրված առնվազն վերադարձնել Լա Լիգայի չեմպիոնական գավաթը Մադրիդից, սակայն նրանից առաջ ընկավ Դիեգո Սիմեոնեն: Գավաթը մնաց Մադրիդում, փոխվեց միայն այն պահելու վայրը: Բացի այդ, Կումանի գլխավորությամբ «Բարսելոնան» չկարողացավ հեռուն գնալ նաև եվրաասպարեզում ու դուս մնաց պայքարից Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչից: Թիմը կարողացավ հաղթել միայն երկրի գավաթի խաղարկությունում, սակայն դա բավարար չէր, որպեսզի դադարեն խոսակցությունները կապված մարզչական փոփոխության հետ:

Չնայած դրան Լապորտան ակումբի տնօրենների խորհրդի հետ հանդիպումից հետո հաստատեց, որ թիմը կշարունակի մարզել Կումանը: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը դեռ չէր ավարտվել և ակումբի ղեկավարության այս որոշումն իրավիճակը շտկելու ևս մեկ հնարավորություն է հոլանդացու համար: Մյուս կողմից շատ բան կախված է նրանից, թե ինչպես իրենց կպահի ակումբը տրանսֆերային շուկայում: Լուրջ խնդիր ունեն լուծելու՝ սկսած առաջնությունից մինչև եվրագավաթներ, որտեղ բավականին սասանվել է նրանց հեղինակությունը:

Արդեն կայացած նոր տրանսֆերներից Էրիկ Գարսիան ակումբի ակադեմիայի սան է և միշտ երազել է ամենաբարձր մակարդակում ներկայացնել հարազատ թիմը, մինչդեռ Ագուերոյի տեղափոխության մասին վաղուց էր խոսվում: 33 տարեկան արգենտինացու տրանսֆերը ընդգծում է սխալը, որն ակումբը թույլ տվեց անցած մրցաշրջանից առաջ՝ հրաժարվելով Լուիս Սուարեսի ծառայություններից: Ուրուգվայցին տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո» ու նոր թիմի կազմում հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

Շատ է խոսվում այն մասին, որ Կումանը ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել հայրենակցին՝ Մեմֆիս Դեպային ֆրանսիական «Լիոնից»: Այս ընթացքում «Բարսելոնայի» շարքերն է համալրել Էմերսոն Ռոյալը: Վերջինս վերադարձավ 7,8 միլիոն ֆունտի դիմաց: Ըստ ամենայնի կատալոնական ակումբը շուտով կհայտարարի ևս մեկ տրանսֆերի մասին: Ջորջինյո Վեյնալդումն անգլիական «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով կարող է համալրել «Բարսայի» շարքերը: