Հայաստան — Ռումինիա. Խնդիրը՝ չկտրվել իրականությունից

Մարզչական կարիերայի ընթացքում շատ բան տեսած Կապառոսին հայ ֆուտբոլիստները թերևս կարող են զարմացնել միայն իրենց նվիրումով ու ցանկությամբ: Տղաներին ոչինչ չի մնում, քան լսել մարզչին ու փորձել կյանքի կոչել նրա մտահղացումները: Իսպանացու հեղինակությունը հանդերձարանում ու դրա սահմաններից դուրս, անկախ ամեն ինչից, իր դրական ազդեցությունը թողել է: Ի դեպ խոսքը վերաբերում է ոչ միայն հարցի մարզական կողմին, այլ նաև՝ միջանձնային: Շատ կարևոր է, թե ինչ է ակնկալում մարզիչը խաղացողից ու ինչ է վերջինս ակնկալում մարզչից: Այս տեսանկյունից հատկապես ոչ այնքան Իսլանդիայի հետ խաղի արդյունքը, որքան Հայաստանի հավաքականի խաղի անատոմիան պետք է որոշ հարցերի պատասխաներ: Առաջին ու գլխավորն այն էր՝ արդյոք Կապառոսին հաջողվել է տղաների մեջ սերմանել գիտակցությունը, որ չկան ուժեղ և թույլ մրցակիցներ և պետք է անվախ լինել դաշտում: Սա էր որպես առաջնահերթություն իսպանացին ընդգծել մեկ տարի առաջ: 

Փոխըմբռնում կա

Իսլանդացիների հետ խաղը ցույց տվեց, որ փոխըմբռնում կա մարզչի ու խաղացողների միջև: Կարծես կողմերը կողմնորոշվել են նաև մեկը մյուսից ունեցած ակնկալիքների հարցում: Կես կատակ, կես լուրջ իր սպասումների մասին, օրինակ, Տիգրան Բարսեղյանը համարձակվեց կիսվել նախախաղային ասուլիսի ժամանակ: Այլ կերպ ասած՝ Կապառոսի տնկած ծառը բողբոջել է: Կհասցնի պտուղ տալ, թե՝ ոչ, կախված է ոչ միայն նախապես կիրառված դեղամիջոցների արդյունավետությունից, այլ նաև եղանակային պայմաններից, որը հաճախ տհաճ անակնկալներ մատուցում է:

Հոգեբանական կողմը

Պետք է պատրաստ լինել ու ամբողջ ուժը ներդնել խաղադաշտում՝ ստիպելով երեք միավորի ձգտող մրցակցին առնվազն քրտինք թափել, իսկ հնարավորության դեպքում՝ գործել անվախ ու անկաշկանդ: Առաջիկա մրցակիցը նույնպես Հայաստան է ժամանել երեք միավորի ետևից ու կձգտի դրան հասնել ամեն գնով: Տպավորություն է, որ միավորների հնարավոր կորուստն Երևանում կարող է և չներեն գլխավոր մարզիչ Միրել Ռեդոյին հայրենիքում, ինչպես ժամանակին չներեցին նրա ավագ գործընկերոջը՝ Անգել Յորդանեսկուին: Ճնշումը մեծ է Ռեդոյի ու նրա սաների վրա, ինչից կարելի է և պետք է օգտվել: Սառնասիրտ, համբերատար գործողություններով ու խաղային կարգապահությամբ միայն Հայաստանի ընտրանին կարող է ստիպել Ռումինիային բացվել: 

Մեկնարկը կարող է որոշիչ լինել

Մրցակիցն ունի թույլ կողմեր, որոնք հստակ երևացին նախորդ երկու տուրի խաղերում: Նրանց տեսանկյունից Հայաստանի ընտրանու նման հավաքականների հետ խաղում կարևոր է արագ գոլ խփել, ցանկալի է մեկնարկային 15-20 րոպեի ընթացքում: Ելենով նաև նախախաղային ասուլիսի ժամանակ ռումինացիների գլխավոր մարզչի խոսքերից՝ դա է նրանց խաղային ծրագրի առաջնային կետերից մեկը: Սա ոչ մի կերպ չի բացառում իրադարձությունների լրիվ այլ զարգացում, որը գուցե պատրաստել է ռումինական կողմը Կապառոսին ու նրա սաներին անակնկալի բերելու համար: Ամեն դեպքում, պետք է զգույշ ու ուշադիր լինել հատկապես թիկունքում, որը դեռ ոչ վաղ անցյալում կաղում էր համարյա խրոնիկ դարձած կոպիտ ու անփույթ գործողություններից: Նույնիսկ Իսլանդիան, իր գունատ ու անատամ հարձակումով, դրվագներից մեկում կարողացավ թիկունքում թողնել հայ պաշտպաններին, մասնավորապես խոսքը վերաբերում է պաշտպանության ձախ թևին, իսկ Ռումինիայից վտանգ կարելի է սպասել առաջին հերթին հարձակման աջ եզրից: 

Խնդիրը

Եվս մեկ անգամ նկատենք՝ ցանկությունը մեծ է զարգացնել հաջողությունը ոգևորության այս ալիքի վրա, բայց ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ այն կուրացնի: Խնդիրը պարզ է. չշեղվել ճանապարհից՝ կտրվելով իրականությունից: 

Հաբեթ Հարությունյան

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Լուսանկարները՝ ՀՖՖ

Hot Videos