Հայաստանի հավաքական. Խայտառակությունից շնորհավորանքներ՝ երկու միավոր

Մունդիալի ընտրական փուլը Հայաստանի ընտրանին ավարտեց չորրորդ տեղում՝ վաստակած 12 միավորով: Անցկացրած տասը խաղից չորսում Կապառոսի գլխավորած թիմը պարտություն կրեց՝ երեքում բաց թողնելով չորս գոլից ոչ պակաս (6:0՝ Գերմանիա, 5:0՝ Մակեդոնիա, 4:1՝ Գերմանիա): Ընդհանուր հաշվով Հայաստանի հավաքականը խփեց ինը, բաց թող 20 գոլ՝ այս ցուցանիշով առաջ անցնելով միայն խումբը եզրափակող Լիխտենշտեյնից, որն իր միակ միավորը վաստակեց, իսկ խփած երկու գոլից մեկը խփեց Հայաստանի հետ երեւանյան մրցավեճում: Թերեւս սրանով ամեն ինչ ասված է ու սա է իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել՝ անկախ ասուլիսներին հնչող «սերվանտեսյան բառախաղերից» ու շնորհավորանքներից:

10 խաղ՝ 10 միավոր. խայտառակություն

Անցած ընտրական փուլում Հայաստանի ընտրանին գլխավորեցին երկու մասնագետ՝ Արմեն Գյուլբուդաղյանցն ու Աբրահամ Խաշմանյանը: Վերջինս հավաքականը գլխավորեց մի իրավիճակում, երբ այն նույնիսկ չորս Կապառոսով հնարավոր չէր փրկել: Նրա օրոք նվազագույն հաշվով տանը պարտվեցին հույներին, իսկ վերջին խաղում ինը գոլ ընդունեցին Եվրոպայի ապագա չեմպիոն Իտալիայից: Խաշմանյանը չհասցրեց էլ հասկանալ ինչնինչոց է, երբ «խայտառակություն» բացականչությունների ներքո հրաժեշտ տվեց իր համար այդքան բաղձալի պաշտոնին: Նկատենք՝ նրանից առաջ Գյուլբուդաղյանցն էր հեռացել, որի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին 8 խաղում վաստակել էր 10 միավոր՝ այդ ընթացքում հաղթելով հույներին ու բոսնիացիներին: Ի դեպ, Եվրոյի ընտրական փուլում եւս մեր ընտրանու խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը կազմեց -11 (14/25):

10 խաղ՝ 12 միավոր. ներողություն, շնորհակալություն

Ի տարբերություն նախորդ ընտրական փուլի, երբ Հայաստանն իր երեք հաղթանակը տարավ երրորդ տուրից վեցերորդ տուրն ընկած հատվածում՝ այս անգամ դա արեց մեկնարկային երեք տուրում: Մնացած յոթ տուրում Կապառոսի գլխավորած թիմը բավարարվեց երեք ոչ-ոքիով ու կրեց չորս պարտություն՝ երեքը խոշոր հաշվով, որից երկուսը վերջին երկու տուրում ընդհանուր 9:1 հաշվով: Ցավալի էր հատկապես Երեւանում մակեդոնացիներից կրած պարտությունը, այն էլ հինգ գոլի տարբերությամբ: Դրանից հետո Կապառոսը ներողություն խնդրեց՝ շտապելով հայտնել ֆեդերացիայի հետ իրենց ապագա նախագծերի մեկնարկի մասին, իսկ Գերմանիային պարտվելուց հետո չխնայեց ու շնորհավորանքներ էր, որ փոխանցեց բոլորին այս ընտրական փուլի համար:

Խայտառակությունից շնորհավորանքներ՝ 2 միավոր

Ֆիքսենք. Կապառոսն անհամեմատ ավելի երկար աշխատելու հնարավորություն ստացավ, քան նախորդ մրցափուլում աշխատած մարզիչները: Իսպանացին ընտրության ավելի մեծ հնարավորություն ուներ, քան նրա նախորդները: Օրինակ ստացվեց այնպես, որ հենց տվյալ ժամանակահատվածում «ռուսական դեսանտը» որոշեց վերջապես հանդես գալ Հայաստանի հավաքականում, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի ու այսպես շարունակ: Վերջապես Կապառոսը ստանում է մոտ տասը անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում էին Գյուլբուդաղյանցն ու Խաշմանյանը: Արդյունքը՝ ոչինչ չտվող +2 միավոր:

Խնդիրը Կապառոսի մեջ չէ, այլ՝ ընկալման

Խոսքն ամենեւին Խոակին Կապառոսի մասնագիտական որակների մասին չէ, այլ կատարված աշխատանքի դիմաց նրա ստացած գումարների ու մեր ընկալման: Իհարկե նա ամեն ինչ արել է ու կանի պայմանագրով ֆիքսված գումարի չափն արդարացնելու փորձեր անելու համար: Կներեի՞ն նրան Իսպանիայում նման ձախողումների համար: Քիչ հավանական է, շատերը մինչդեռ նրա ջրաղացին ջուր են լցնում, մասնավորապես երբ ամեն անգամ խոսում են «պատմական արդյունքից»՝ մատնանշելով Ազգերի լիգայի խաղակության դիվիզիոններից մեկի խմբում հաղթելը:

Ավելի քիչ հնարավորություններ՝ պատմական արդյունքի փոխարեն

Ազգերի լիգայի անցած խաղարկության հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ընտրանին, իսկ Մունդիալի ուղեգրի համար Ազգերի լիգայի խաղարկությունից պայքարը կշարունակեն Ավստրիան ու Չեխիան: Նույնիսկ այս մասով երրորդ դիվիզիոնի իր խմբում հաղթելը Հայաստանին ոչինչ չտվեց: Առջեւում Եվրոյի ընտրական փուլն է, իսկ մինչ այդ Հայաստանի ընտրանին փորձելու է ուղեգրի համար պայքարել Ազգերի լիգայի խաղարկության միջոցով՝ հանդես գալով երկրորդ դիվիզիոնում, որտեղ անհամեմատ ավելի բարդ է լինելու խմբում հաղթելն ու փլեյ-օֆֆում պայքարը շարունակելը: Արդյունքում ստացվում է ավելի քիչ հնարավորություններ՝ պատմական արդյունքի փոխարեն, մինչդեռ սա փորձ է արվում ներկայացնել որպես առաջընթաց ու հաջողություն՝ արդարացնելով Կապառոսին վճարված ու ապագայում վճարվելիք միլիոնները:

Հ.Գ. ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ընտրանին չորրորդ տասնյակի վերջին տեղերում է: Սրա հայելին՝ մեր հավաքականի գրանցած արդյունքներն են: Թերեւս սա պետք է լինի ելակետը երազանքներ գծելու ճանապարհին, այլ ոչ թե գրեթե ոչինչ չտվող մրցափուլում կամ մի քանի խաղում տարած կիսատ-պռատ հաղթանակները: Այս ամենը հուշում է մեկ բան. չկա կոնկրետ ստրատեգիա, մարտավարություն եւ այն կյանքի կոչելու համար համակարգված ու կազմակերպված գործողություններ: Հավելենք՝ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում առաջին 32 հորիզոնականում եվրոպական 18 հավաքական կա: Գալիք Մունդիալին մասնակցելու են նրանցից 13-ը: Այսինքն առաջին 32-ի մեջ մտնող եվրոպական հինգ հավաքական չի մասնակցելու Աշխարհի առաջնությանը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը ներկա պահին 89-րդն է աշխարհում:

Հաբեթ Հարությունյան