Կենտրոնական պաշտպանների պակաս. Ում կվստահի հավաքականի թիկունքը Կապառոսը

Մունդիալի ընտրական փուլի իր խմբում Հայաստանի ազգային ընտրանին անցկացրած ութ հանդիպումից հետո վաստակած 12 միավորով կիսում է երրորդից չորրորդ տեղերը Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Մեկ միավոր ավելի ունի իր ակտիվում Ռումինայի ընտրանին, խումբը գլխավորում է Գերմանիան 21 միավորով: Նոյեմբերի 11-ին Կապառոսի սաներն Երեւանում ընդունելու են մակեդոնացիներին, իսկ դրանից երեք օր անց՝ գերմանացիներին: Չի բացառվում, որ խմբում ինտրիգը կպահպանվի մինչեւ վերջին տուրը կապված նրա հետ, թե որ հավաքականը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը:

Ռումինիան՝ նախընտրելի իրավիճակում

Ներկա պահին ավելի նախընտրելի դիրքում Ռումինիան է եւ առաջիկա երկու խաղում հաղթելու դեպքում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Ռումինացիները նախ ընդունելու են իսլանդացիներին, իսկ հետո հյուր են գնալու Լիխտենշտեյնին: Միավորի կամ միավորների հնարավոր կորուստը կարող է միայն հնարավորություն տալ մոտակա մրցակիցներին հասնել կամ անցնել ռումինացիներից: Այս մասով որոշիչ կարող է դառնալ երեւանյան հանդիպումը Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ:

Որոշիչ խաղին՝ կորուստներով

Հայաստանի ընտրանին մակեդոնացիների հետ մրցավեճին մոտենում է զգալի կորուստներով, մասնավորապես խոսքը վերաբերում է պաշտպանության կենտրոնին: Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնեն Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը: Անցած հավաքին, բացի նշված տղաներից Կապառոսը հրավիրել էր այդ դիրքի եւս երկու ֆուտբոլիստի՝ ի դեմս Անդրե Չալըշըրի ու Հրայր Մկոյանի: Առաջինը վնասվածքի պատճառով բաց թողեց Իսլանդիայի ու Ռումինիայի հետ խաղերը, երկրորդը վնասվածք ստացավ առաջնության վերջին տուրի «Ուրարտուի» հետ խաղի ժամանակ ու փոխարինվեց առաջին կեսում: «Սիլկերբորգի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Չալըշըրը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից Մակեդոնիայի ու Գերմանիայի հետ խաղերին նախապատրաստվելու համար: Իր թիմի վերջին խաղին չի մասնակցել որակազրկման պատճառով, մինչ այդ հասցրել է մասնակցել մեկական խաղի գլխավոր թիմի ու երկրորդ թիմի կազմում: «Սելկիբորգն» եւս մեկ հանդիպում ունի: Մինչեւ ընտրանու առաջիկա խաղն եւս մեկ հանդիպում ունի «Արարատը» եւ մրցելու է «Սեւանի» հետ: Կհասցնի ապաքինվել Մկոյանը, թե ոչ ցույց կտա ժամանակը:

Կապառոսի ընտրությունը

Չալըշըրն, ըստ ամենայնի, ապաքինվել է ստացած վնասվածքից, բայց որքանով պատրաստ կլինի առաջիկա խաղին նույնպես պարզ չէ: Խաղային պրակտիկայի պակասը կարող է թողնել իր ազդեցությունը: Կապառոսն իրոք հայտնվել է աննախանձելի իրավիճակում եւ պետք է ելքեր գտնի թիկունքը ամրացնելու համար: Ճիշտ է, այս ընթացքում հասցրել է զարմացնել կայացրած անսպասելի որոշումներով, սակայն սա այն դեպքն է, երբ ընտրության լայն հնարավորություն իսպանացին չունի: Կարելի է ենթադրել, որ բացերը նա կփորձի փակել երիտասարդականի, մասնավորապես բանակայինների տղաներով, որտեղ ի դեպ հանդես է գալիս ավելի փորձառու Հայկ Իշխանյանը: Մյուս կողմից վերջիններիս մրցելույթները շատ հուսադրող չեն ու այդ մասին են խոսում նաեւ նրանց մասնակցությամբ խաղերում բաց թողած գոլերի քանակն ու գրանցված արդյունքները: Գլխավոր թեկնածուներից է նաեւ «Սեւանի» կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը, որը հասցրել է ազգային ընտրանու կազմում մեկ հանդիպում անցկացնել ու նույնիսկ դառնալ գոլի հեղինակ: Ի դեպ, Քարտաշյանը իր թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման, ութում «Սեւանը» գոլ բաց չի թողել («Սեւանն» առաջնությունում ամենաքիչ գոլեր բաց թողած թիմն է կայացած 12 տուրից հետո` 8 գոլ):  Գուցե  հենց Քարտաշյանին է վիճակված մասնակցել Հայաստանի հավաքականի համար վերջին տարիների ամենավճռորոշ խաղերից մեկին: