«Կայրաթը», նրա ֆուտբոլը, ուժեղ կողմն ու խնդիրները. Ղազախ գործընկերոջ հարցազրույցը Football365.am-ին

Օրեր անց Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» նորամուտն է նշելու եվրագավաթներում: Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում  երևանյան թիմը մրցակցի հարկի տակ մրցելու է «Կայրաթի» հետ: Խաղին ընդառաջ զրուցել ենք ղազախական vesti.kz պարբերականից մեր գործընկեր Ալիշեր Աբդուլինի հետ: Վերջինս խոսել է «Կայրաթի» ընթացիկ գործերի, մարզավիճակի, առաջիկա խաղից սպասելիքների մասին:

  • Ի՞նչ վիճակում է «Կայրաթը» մոտենում «Նոայի» հետ խաղին:
  • Առաջնությունը մեզ մոտ մարտի 16-ին ընդհատվեց: Մինչև հուլիսի 1-ը փաստորեն ոչ մի հանդիպում չանցկացվեց: Այդ օրը «Կայրաթը» մրցեց «Ժետիսուի» հետ և հաղթեց 3:0 հաշվով: Հետո կրկին ընդհատվեց առաջնությունն, արդեն երկրորդ անգամ: Մինչև վերսկսվելը թիմերը փորձեցին ինչ-որ կերպ մարզավիճակ պահել, ընկերական խաղեր էլ եղան: Ճիշտ է, շատ չէին բարձրաձայնում այդ մասին, որպեսզի խուսափեն տարաբնյութ պատժամիջոցներից: Արդյունքում միայն օգոստոսի 18-ից կրկին որոշում կայացվեց վերսկսել առաջնությունը՝ խստացված պայմաններով ու որոշակի սահմանափակումներով: Դրանից հետո «Կայրաթը» ստացվում է երկու խաղ անցկացրեց: Նախ մրցեց աուտսայդեր «Կասպիյի» հետ, հաղթեց 3:0 հաշվով, իսկ օրեր առաջ 3:1 հաշվով ուժեղ գտնվեց «Տոբոլից»: Վերջինն իրոք կարևոր խաղ էր, քանի որ «Տոբոլը» պայքարում է բարձր տեղերի համար և կարևոր էր երեք միավոր վաստակել այդ մրցավեճում: Կարելի է ասել խաղային պրակտիկայի առումով վատ վիճակում չէ թիմը, վերադառնում են: Ավելին կասեմ, որ այս պահին ցույց տված խաղի առումով լիգայում լավագույնն է «Կայրաթը»: Նույն «Աստանան», օրինակ, չհասցրեց ժամանակին սկսել և միանգամից խաղաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ նրան ջախջախեցին:
  • Ինչպիսի թիմ է «Կայրաթը», շա՞տ է կախված առանձին կատարողներից:
  • Իհարկե, կան խաղացողներ, որոնցից սպասելիքները մեծ են, բայց մյուս կողմից թիմը բավականին լավ ու երկար պահեստայինների նստարան ունի: Կազմի խորության առումով հարցեր չկան: Հենց երեկ նոր պաշտպան ձեռք բերեցին: Խոսքը Բելառուսի հավաքականի խաղացող Դենիս Պոլյակովի մասին է, որը մինչ այս Ռուսաստանում է խաղացել: Բանն այն է, որ մինչև այդ ձեռքբերումը թիմում ընդամենն երկու կենտրոնական պաշտպան կար, որոնք խաղում էին բոլոր խաղերում առանց փոխարինման: Գուցե կար մի հատված, երբ կարողանում էին նույնիսկ նման վիճակում խաղերը հանել, բայց պարզ էր, որ առնվազն մեկ կենտրոնական ևս պետք է թիմին: Մնացած դիրքերի և օղակների հետ կապված ամեն ինչ այլ է: Բազմազանություն կա: Խոսքը ինչպես եզրերի, հարձակման սուր ծայրի, այնպես էլ թիկունքից աջակցության մասին է: Մարզչական շտաբը բավականին լավ ընտրության հնարավորություն ունի: Հիմա տեսեք ձեռք բերեցին նույն Վագներ Լավին: Ճիշտ է, կարծում եմ՝ սա ավելի շատ իմիջի համար արվեց, ավելի շատ մարկետինգային քայլ էր, սակայն նրանից նույնպես սպասելիքներ կան: Դեռ երկու խաղի է մասնակցել, փոխարինման է մտել և աչքի է ընկել մեկ գոլայինով: Անկախ ամեն ինչից նրան ժամանակ է պետք:
  • Ինչպիսի՞ ֆուտբոլ է փորձում խաղալ թիմը:
  • Տեսեք, թիմը գլխավորում է երիտասարդ Ալեքսեյ Շպիլևսկին, 88 թվականի տղա է: Անցած տարվա սկզբից է թիմի ղեկին: Սկզբում այնքան էլ նրան չէին հավատում, հիմա կարծես պատկերը փոխվել է, ինքն էլ փորձում է արդարացնել սպասելիքները: Նրա օրոք թիմը բավականին ակտիվ ու ագրեսիվ ֆուտբոլ է փորձում խաղալ, մրցակցի կիսադաշտում, փորձում է ճնշել, պրեսինգի դիմել: Առաջին 15 րոպեի ընթացքում ընդհանրապես կարող են լուրջ ճնշել մրցակիցներին: Ստանդարտներից փորձում են առավելագույնը քաղել: Ամեն դեպքում պրակտիկան դա է ցույց տալիս: Օրինակ նույն «Տոբոլի» հետ խաղում, որի ժամանակ, ի դեպ, ձեր Պետրոս Ավետիսյանը գոլ խփեց, նրանք երեք գոլ խփեցին, երեքն էլ ստանդարտից: Չգիտեմ՝ որքանով է ճիշտ մեկ խաղով դատել, բայց երեք ստանդարտ և երեք գոլ: Երկուսը տուգանայինից, մեկն անկյունայինից: Նշեմ, որ վերոհիշյալ երկու կենտրոնականներն երկուսը միասին չորս գոլ են խփել: Թիմը 16 գոլ է խփել, չորսն այ հենց նրանք են խփել: Արդյունավետ են գործում:
  • Իսլամխանին փոխարինող գտե՞լ է «Կայրաթը»:
  • Նա թիմի հետ չէ անցած հունվարից: Էմերիատներում է: Նրա փոխարեն թիմը հրավիրեց Չերնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեբյոշա Կոսովիչին: Երիտասարդ տղա է: Փորձում է փոխարինել, լրացնել Իսլամխանի տեղն առաջին հերթին թիմի գրոհները կառուցելու տեսանկյունից, վերջին սուր փոխանցումը կատարել և այլն: Մինչև «Տոբոլի» հետ խաղը հասցրել էր մի քանի գոլայիններ տալ, իսկ ահա «Տոբոլին» երկու գոլ խփեց, երկուսն էլ տուգանայիից: Լավ ֆուտբոլիստ է: Ձեր Կամո Հովհաննիսյանին նույնպես կառանձնացնեի: Ձմռանը տեղափոխվեց, կարծեմ թիմի առաջին տրանսֆերն էր: Սկզբում շատ չէի հավատում, որ կկարողանա արագ մերվել թիմին, բայց վերցրեց ու միանգամից իր նախկին թիմի դարպասը գոլը խփեց: Ճիշտ է, մի փոքր վնասվածք եղավ, դա էլ խանգարեց, բայց մեծ հաշվով նրանից էլ մեծ են սպասելիքները:
  • Հավատում են, այո՞, Կամոյին:
  • Այո իհարկե, բայց մյուս կողմից նրա տեղը չի կարելի ասել, որ երաշխավորված է, քանի որ մրցակցությունը բավականին մեծ է թիմում: Խորը կազմ ունի «Կայրաթը», յուրաքանչյուր դիրքում առնվազն երկու խաղացող: Թերևս պաշտպանության կենտրոնի հետ կապված հարցեր կային, դա էլ կարծես փակեցին: Դարպասապահին էլ կուզենայի նշել: Ճիշտ է, երիտասարդ տղա է 20-ամյա, բայց երկու խաղ անցկացրել է ու լավ տպավորություն է թողել: Այս պահին եթե փորձեմ գնահատական տալ, ապա կասեմ որ «Կայրաթը» լավ ընթացք է վերցրել:

  • Ի՞նչ խնդիր է փորձելու լուծել թիմն եվրագավաթներում:
  • Ամեն տարի ասում են, որ պայքարելու են խմբային փուլ դուրս գալու համար: 2014 թվականից առանց ընդմիջման խաղում են եվրագավաթներում: Այս ընթացքում նպատակին ամենամոտն եղել են 2015 թվականին: Վերջին անգամ փլեյ-օֆֆ փուլում պարտվեցին «Բորդոյին»: Հիմա էլ նույնն են ասում առավել ևս, որ դիմակայությունները մեկ խաղից են բաղկացած: Տրամադրված են ու մտադիր են այս անգամ հասնել իրենց ուզածին: Ինչ վերաբերում է վիճակահանությանը, ապա հանուն արդարության պետք է նշել, որ այս պահին ֆավորիտ է համարվում հենց «Կայրաթը»: Ճիշտ է, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց իրենք հավատում են, որ ի զորու են առաջ գնալ, հետո առաջնությունն է վերսկսվել ամենակարևորը: Հնարավորություն է խաղային պրակտիկա ձեռք բերելու, մարզավիճակն ավելացնելու որքան որ հնարավոր է: Վերսկսվելուց հետո հաղթանակներ եղան և սա էլ շատ օգնեց թիմին, անշուշտ վստահություն հաղորդեց տղաներին: Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ միանշանակ ոչ ոք ոչինչ չի ասում: Ինքներդ եք հասկանում, որ պրոֆեսիոնալիզմն ինքնին հուշում է, որ չի կարելի ոչ մեկին հաշվից հանել, պետք է բոլոր մրցակիցներին լուրջ մոտենալ: Հակառակ պարագայում ամեն ինչ կարող է թարս ընթանալ, հետո շտկել հնարավոր չի լինի: Ավելին, գլխավոր մարզիչը մաքսիմալիստ է էությամբ և չի թաքցնում, որ ցանկանում է ամեն գնով հասնել ու լուծել իր առջև դրված առաջադրանքները: Դեռ չեմ նկատել, որ «Կայրաթը» որևէ մրցակցի անլուրջ մոտենա:
  • Կորոնավիրուսից շա՞տ տուժեցին ղազախական թիմերը:
  • Կային խոսակցություններ, որ թիմերում եղել են վարակվածներ: Մենք էլ մեր հերթին փորձում էինք ճշտել, տեղեկություններ հավաքել: Նույն «Աստանայում» էլ դեպքեր հաստատվեցին: Դրա համար էլ թիմը խնդրում էր հետաձգել առաջնության վերսկսումը, կազմը չէր համալրվում: Մեծ հաշվով հիմա ամեն ինչ վերահսկվում է կարելի է ասել: Համապատասխան ուղեցույցի շարժվում են առաջ, ինչպես ամբողջ աշխարհում: Ասում էին, որ նույնիսկ «Կայրաթի» մարզիչը հասցրեց հիվանդանալ: Ճիշտն ասած ինֆորմացիայի այնպիսի հոսք էր, որ արի ու հասկացի, թե որն էր ճիշտ, որը՝ ոչ:
  • Ինչպես երևում է «Աստանան» նման վատ մրցելույթ ունեցավ հենց խաղային պրակտիկայի լուրջ պակասի պատճառով:
  • Այո, խաղային պարկտիկայի պակասն իր ազդեցությունը միանշանակ թողեց, հետո մրցակիցը շատ լավ մոտիվացված էր: Տեսեք ԲԱՏԷ-ի հետ խաղացել ենք ու միշտ անցել ենք: Երեք փորձից երեք անգամ անցել ենք, իսկ այստեղ վերցրեցինք ու Բելառուսի առաջնության միջակ թիմին պարտվեցինք: Հավասար թիմեր էին, բայց անհրաժեշտ խաղային տոնուսի մեջ չէինք: Թեկուզ նույն կենտրոնական պաշտպանը, որին նոր են ձեռք բերել: Փաստորեն միանգամից առաջին խաղում հայտնվեց հիմնական կազմում, դարպասապահը նույնպես: Ի դեպ, ձեզ մոտ է խաղացել ժամանակին, եթե չեմ սխալվում «Բանանցում»: Խոսքը Նեպոգոդովի մասին է:

  • Ֆինանսական տեսանկյունից ինչպե՞ս ազդեց կորոնավիրուսը թիմերի վրա:
  • Զգալիորեն ազդեց: Օրինակ «Կայրաթում» 50 տոկոսով աշխատավարձերը կրճատեցին: Պավլոդարի «Իրտիշն», օրինակ վերցրեց ու ընդհանրապես հրաժարվեց մասնակցել առաջնությանը: Ճիշտ է, այստեղ խնդիրը մի փոքր այլ էր, քանի որ դա տեղի ունեցավ ավելի շուտ ոչ թե կորոնավիրուսի, այլ անցած տարիների կուտակված պարտքերի պատճառով: «Աստանան» որոշեց գնալ օպտիմալացման ճանապարհով ու փակեց Առաջին լիգայի թիմը՝ երիտասարդականը, բայց փոխարենը պահեցին լեգեոներների աշխատավարձերի չափը և չգնացին կրճատման: Եղան խաղացողներ, որոնք հեռացան՝ չհամաձայնելով աշխատավարձերի կրճատման: «Կայրաթում» նման բան չեղավ, բայց կային թիմեր, որոնք այդպես կորցրեցին ֆուտբոլիստների: Եթե չեմ սխալվում «Կայրաթում» հենց խաղացողներն էին առաջարկել գնալ աշխատավարձերի չափի կրճատման: Ճիշտ է, չեմ կարող ասել, թե դա մեկ անգամյա ակցիա էր, թե հիմա էլ է այդպես:
  • Քո կանխատեսումը:
  • Ելքի, թե՞ դիմակայության:
  • Ինչպես կցանկանաս:
  • Դեեե…
  • Դիտե՞լ ես «Նոայի» մասնակցությամբ որևէ խաղ:
  • Սուպերգավաթային խաղի տեսությունն եմ հասցրել դիտել, որի ժամանակ մեզ ծանոթ Դեդեչկոն գոլ խփեց, որը «Աստանայում» է եղել: Հետաքրքիր թիմի տպավարություն թողեց «Նոան»: Կարծում եմ՝ «Կայրաթը» կհաղթի երկու գոլի տարբերությամբ՝ 2:0 կամ 3:1: Մյուս կողմից սա չի նշանակում, որ հեշտ է լինելու: Ճիշտ է տանն է խաղալու, սեփական դաշտում, բայց դե առանց երկրպագուների:
  • Այո, իսկ դա մե՞ծ խնդիր է «Կայրաթի» համար:
  • Տեսեք, օրինակ երեք-չորս տարի առաջ հաճախելիությունը բավականին մեծ էր: Գալիս էին մեծ թվով: Օրինակ «Կայրաթ» — «Աստանա» խաղը կարող էր հավաքել մինչև 20 հազար հանդիսական: Եղել են նման դեպքեր, հետո թիվը գնալով նվազեց: Իհարկե, հաճելի է ու ավելի լավ կլիներ խաղալ երկրպագուների ներկայությամբ, բայց կարելի է ասել հիմա արդեն սովորել են ստեղծված պայմաններին: Ամեն դեպքում պետք է ինչ-որ կերպ խաղերն անցկացնել: Դե, եթե մրցակիցը շատ ուժեղ լիներ, գուցե դա ինչ-որ տեղ ազդեր, իսկ այսպես, լինենք անկեղծ, դա շատ չի ազդի թիմի խաղի վրա:

Հաբեթ Հարությունյան

Hot Videos