Կամավինգան առաջ ընկավ Մբապեից, Գրիզմանի վերադարձն ու Սաուլի տրանսֆերը դեպի Լոնդոն

Կիլիան Մբապեի երկար սպասված տրանսֆերը դեպի Մադրիդ չկայացավ. «Պարի Սեն Ժերմենը» մերժեց Արքայական ակումբի առաջարկն ու հրաժարվեց բաց թողնել ֆրանսիացի խաղացողին 220 միլիոն եվրոյի դիմաց: Փոխարենը մադրիդցիները կարողացան ավարտին հասցնել Էդուարդո Կամավինգայի տրանսֆերը ձեռք բերելու գործընթացը: 18-ամյա խաղացողի հետ «Մադրիդը» ստորագրել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Նշվում էր, որ ֆրանսիական «Ռենը» պատրաստ է բաց թողնել իր սանին և ցանկանում է տեղափոխությունից ստանալ 35 միլիոն եվրո: Բանն այն է, որ ֆուտբոլիստը չէր ցանկանում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «Ռենի» հետ:

Նշանակելի տեղափոխություններից կարելի է թերևս առանձնացնել Անտուան Գրիզմանի վերադարձը Մադրիդ: 30-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Ատլետիկո»: Ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդման համաձայն` կողմերը հնարավորություն ունեն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել վարձավճարի ժամկետը: Ի դեպ, նշվում է, որ «Ատլետիկոն» պարտավորվել է ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերը 40 միլիոն եվրոյով: Հիշեցնենք, որ 2019 թվականին «Բարսելոնան» Գրիզմանի տրանսֆերի վրա ծախսել էր 120 միլիոն եվրո:

Գրիզմանի հեռանալուց հետո կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտնեց, որ թիմի շարքերը համալրել է «Սևիլիայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը: Հոլանդացի 31-ամյա խաղացողը «Կապտանռնագույններին» միացել է վարձակալական հիմունքներով:

Մադրիդի «Ատլետիկոյից» հեռացել է  Սաուլ Նիգեսը: Վերջինս վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»: Նշվում էր, որ անգլիական ակումբը ցանկանում է հրավիրել իսպանացուն վարձավճարով 5 միլիոն եվրոյով և նրա տրանսֆերը 35 միլիոն եվրոյով ձեռք բերելու իրավունքով: Իսպանական կողմն, ըստ տարբեր հրապարակումների, ցանկանում էր միանգամից վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը և գնահատում էր նրան 45-50 միլիոն եվրո: