«Յուվեն» կրկին չհաղթեց, «Ռոման» կրեց առաջին պարտությունը

Իտալիայի ընթացիկ առաջնության չորրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական դաշտում 1:1 խաղաց «Միլանի» հետ: Սա չորրորդ դեպքն է թուրինցիների պատմության մեջ, երբ թիմը չունի հաղթանակ առաջնության մեկնարկային չորս տուրից հետո: Մինչ այս նման բան տեղի էր ունեցել  1961/62, 1955/56 եւ 1942/43 մրցաշրջաններում:

«Յուվենտուսը» հաղթում էր խաղի ընթացքում, սակայն հյուրերի հարձակվող Անտե Ռեբիչը կարողացավ պատասխան գոլը խփել: 1994/95 թթ մրցաշրջանից սկսած Ռեբիչն առաջին խաղացողն է, որին հաջողվում է գոլ խփել «Յուվեին» երեք խաղ անընդմեջ: Տանտերերի կազմում խաղի սկզբում աչքի էր ընկել Ալվարո Մորատան: Իսպանացին մրցակցի դարպասը գրավեց չորրորդ րոպեին: «Յուվեի» կազմում սրանից արագ «Միլանի» դարպասը գրավել էր Անտոնիո Կոնտեն 1996 թվականի փետրվարին: Վերջինս դա արել է երրորդ րոպեին:

Հաշվետու տուրում պարտություն կրեց Հռոմի «Ռոման»: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվեց «Վերոնային» 3:2 հաշվով: Հռոմեացիների կազմում խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինման մտնելով երկրորդ կեսում: