Խորխե Մեսսին ու Բարտոմեուն հանդիպել են՝ անարդյունք. Կողմերը հավատարիմ են իրենց դիրքորոշմանը

Խորխե Մեսսին հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ: Մեկ ժամից ավելի տևած հանդիպումից հետո կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: Կատալոնական ակումբը պնդում է, որ չի պատրաստվում բաց թողնել արգենտինացուն անվճար և կգնա այդ քայլին, միայն 630 միլիոն ֆունտից ոչ պակաս գումար ստանալու դեպքում: Խաղացողի հայրն ավելի վաղ հայտնել էր, որ դժվար է պատկերացնել, որ որդին կմնա ակումբում: Այս ֆոնին ու ստեղծված պատմության շուրջ շարունակվում են խոսակցությունները խաղացողի հնարավոր տրանսֆերի մասին դեպի Մանչեսթեր, մասնավորապես «Սիթի»:

Մոտ ժամ ու կես Մեսսիի հայրն ու «Բարսայի» նախագահը զրուցել են հարցի շուրջ, սակայն իրավիճակի հետ կապված ոչ մի առաջընթաց: Ակումբը մտադիր չէ բաց թողնել առանց փոխհատուցման, իսկ Մեսսի ավագը շարունակում է պնդել, որ որդին ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Diario Sport պարբերականը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև տնօրեն Խավիեր Բորդասը, իսկ Մեսսիին ուղեկցել են որդին՝ Ռոդրիգոն և փաստաբան Խորխե Պեկուրը:

Նշվում է՝ քանի դեռ կողմերը չեն պատրաստվում շեղվել իրենց դիրքորոշումից, Մեսսին չի վերսկսի մարզումները և չի աշխատի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Այսպես Մեսսին վերահաստատում է իր որոշումը, որի մասին նա տեղյակ էր պահել ակումբին անցած շաբաթ: Ըստ Լեոյի՝ նա այլևս չի համարվում «Բարսելոնայի» խաղացող:

Եթե Մեսսիին այդուամենայնիվ հաջողվի հեռանալ «Նոու Կամպից», ապա նրա կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը, որն այս պահին քննարկվում է՝ տեղափոխությունն է «Մանչեսթեր Սիթի»:

Մյուս կողմից դեռ հստակ ոչինչ չկա, առավել ևս, որ վերոհիշյալ հանդիպումից հետո Լեոյի հայրն ասել է. «Չգիտեմ, դեռ ոչինչ չկա»: Նկատենք, որ Մեսսիի հայտնի նամակից հետո, որը նա ուղարկել էր ակումբին, սա առաջին հանդիպումն էր կողմերի միջև:

Ստեղծված իրավիճակում շատերը կարծում են, որ եթե Մեսսիի հեռանալն անխուսափելի է, ապա պետք է փորձել ամեն ինչ անել, որ արգենտիացին շարունակի իրեն զգալ ակումբի մի մասը նույնիսկ կարիերան ավարտելուց հետո:

Մասնավորապես «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է. «Ես անկեղծ հույս ունեմ, որ երբ ակումբն ու Մեսսիի հայրը կնստեն ու կսկսեն զրուցել, հաշվի կառնեն խաղացողի ու «Բարսելոնայի» շահերը և կպաշտպանեն դրանք: Նույնիսկ եթե դա այդպես է և Մեսսին հեռանում է, ապա կապը նրա ու ակումբի միջև շատ խորն է: Նա Բարսելոնա է եկել 20 տարի առաջ, ողջ կյանքում խաղում է այս ակումբի համար: Մեսսին «Բարսելոնան» է, «Բարսելոնան» Մեսսին և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նույնիսկ նրա հեռանալուց հետո կապը նրա ու ակումբի միջև պահպանվի»:

Պարզ է, որ ստեղծված իրավիճակում իրենց տեղը չեն գտնում նաև ֆանատները, որոնց համար դժվար է հաշտվել մտքի հետ, որ իրենց առաջատարը հեռանում է: Վերջիններիս հատկապես զայրացնում է փաստը, որ ստեղծված իրավիճակում, երբ ամեն ինչ տանում է նրան, որ արգենտինացին այլևս չի խաղա «Բարսելոնայի» կազմում, ակումբի նոր մարզաշապիկի գովազդային պաստառի վրա պատկերված խաղացողների թվում է նաև Լեոն:

Մեսսիի թիմակցիների սրտով էլ չէ ստեղծված իրավիճակը: Օրինակ Ֆրենկի դե Յոնգը նշել է, որ ակումբում հիմա քաոս է, իսկ Մեսսիի հեռանալը մեծ հարված կլինի ակումբին:

Hot Videos