Եվրո 2020. Իտալացիների ռեկորդներն ու թուրքերի հակառեկորդները

Եվրոպայի առաջնության անդրանիկ խաղում Իտալիան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Թուրքիայի դարպասը: Մրցաշարի պատմության մեջ մեկնարկային խաղում ոչ մի հավաքականի չէր հաջողվել նման խոշոր հաշվով հաղթանակ տանել: Ստացվում է՝ Իտալիան մտավ պատմության մեջ՝ տանելով ամենախոշոր հաշվով հաղթանակը Եվրոյի մեկնարկային տուրում, իսկ Թուրքիան կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը:

Թուրքիայի ընտրանին պատմության մեջ յոթերորդ անգամ է մասնակցում նման խոշոր մրցաշարի: Խոսքը վերաբերում է Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին: Մինչ այդ թուքերն իրենց մեկնարկային խաղերում պարտվել էին, պարտվեցին նաև այս անգամ: Թուրքիայի ընտրանին միակն է, որն երեք ու ավելի անգամ մասնակցել է նման խոշոր մրցաշարերի ու մեկնարկային խաղերում կրել է միայն պարտություններ:

Իտալիան 39-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնություններում: «Սկուադրա Աձուրան» առաջին անգամ իր պատմության մեջ  երեք գոլ խփեց Եվրոպայի առաջնության մեկ խաղում:

Իտալիայից գոլերից մեկը խփեց Չիրո Իմոբիլեն: «Լացիոյի» հարձակվողն առաջին անգամ ազգային ընտրանու կազմում գոլ է խփում երեք խաղ անընդմեջ: Նման խոշոր մրցաշարերում (Եվրո և Մունդիալ) սա Չիրոյի անդրանիկ գոլն էր:

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի առաջին գոլը գրանցվեց ինքնագոլից հետո: Իտալիան 9 խաղ անընդմեջ գոլ բաց չի թողնում: Սա նման ամենաերկար շարքն է հավաքականի սկսած 1989 թվականի նոյեմբերից մինչև 1990 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածից, երբ «Սկուադրա Աձուրան» սեփական դարպասը անառիկ է պահել 10 խաղ անընդմեջ: