Ինչքան կարող են վաստակել հայկական թիմերն եվրագավաթներում. Գումարների բաշխման համակարգը

Արդեն հիմա շատ է խոսվում փոփոխությունների մասին, որոնք ՈւԵՖԱ-ն մտադիր է անել կապված եվրագավաթների հետ սկսած 2024 թվականից: Անցած ապրիլին կառույցը ներկայացրեց փոփոխությունների փաթեթը, որոնք սպասում են Չեմպիոնների լիգայի խաղարկությանը. երեք տարի անց այն կանցկացվի նոր շվեյցարական համակարգով: Բոլոր թիմերն ավելի շատ հանդիպումներ կանցկացնեն: Ընդհանուր հաշվով կլինի հարյուր հանդիպումից ավելի: Ավելի վաղ նման փոփոխություններ հնարավոր չէր անել հեռարձակողների հետ կնքված պայմանագրերի պատճառով: Ներկա պահին եվրագավաթային կյանքը բաժանված է երեքամյա ցիկլերի: Այսպես ՈւԵՖԱ-ին ավելի հարմար է մեդիապայմանագրեր ստորագրել ու զարգացնել բիզնեսը: Սրա հետ կապված ավելորդ չէ հիշեցնել, որ օրեր առաջ կայացած «Մանչեսթեր Սիթի» — «Չելսի» խաղից հետո ավարտվեց կառույցի ու հեռարձակողների միջև կնքված գործարքների ժամկետներն ու գալիք մրցաշրջանից սկսած ուժի մեջ կմտնեն թարմացված պամանագրերը՝ նախատեսված մինչև 2024 թվականը: Այս հարցում կարելի է ասել ՈւԵՖԱ-ի բախտը բերեց. նրանք հասցրեցին պայմանավորվել պայմանագրերի հիմնական հարցերի շուրջ անցած տարվա ձմռանն ու վաղ գարնանը: Հիմնական գործընկերներից մեծ մասի հետ հաջողվեց թարմացնել գործարքները կամ մինչև համավարակը, կամ մինչև դրանով պայմանավորված ճգնաժամը:

Սկսած 2024 թվականից ՈւԵՖԱ-ն հույս ունի զգալիորեն ավելացնել եկամուտները՝ շնորհիվ մրցաշարում ավելի շատ թոփ-հանդիպումների: Մինչև այս տարվա դեկետմբեր ամիսը դեռ հնարավոր են որոշակի փոփոխություններ արվեն նոր առաջարկվող ձևաչափում, այդ ժամանակ էլ կառույցը մտադիր է ներկայացնել եկամուտների բաշխման թարմացված համակարգը: Քննարկվել է նաև եվրագավաթներին չմասնակցող ակումբներին վճարվող համերաշխության գումարների հարցը: Սա վաղուց է կառույցը կիրառում: Նպատակը նպաստել ֆուտբոլի զարգացմանը համեմատաբար թույլ լիգաներում: Օրինակ, պայմանավորվել են սահմանափակել 25 միլիոն եվրոյի վճարն եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող ոչ մեծ ակումբներին, քանի որ նրանց ներկայացուցիչների տեղը Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլում երաշխավորված է և լավ են վաստակում: Նշված երկրների ֆուտբոլային տնտեսություններն առանց դրա էլ գումարային հոսքերի պակաս չունեն: Անցած մրցաշրջանի համերաշխության վճարները կազմել են 125 միլիոն եվրո: Նոր ցիկլում գումարը պետք է գերազանցի 130 միլիոն եվրոն յուրաքանչյուր մրցաշրջանի համար:

Բացի այդ 2021 — 2024 ցիկլում ՈւԵՖԱ-ն կանխատեսում է մեկ մրցաշրջանում առնվազն 3,5 միլիարդ եվրո եկամուտ ստանալ: Ցանկացած լրացուցիչ շահույթ կառույցը մտադիր է ուղղել համավարակով պայմանավորված բացերը փակելուն: Առաջին հերթին պատրաստվում են վերադարձնել մրցանակային վճարները, որոնք հիմա պահվում են տնտեսական ծանր իրավիճակի պատճառով:

Ինչ վերաբերում է գալիք մրցաշրջանին, ապա դեռ հայտնի չէ, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել ՈւԵՖԱ-ի եկամուտների ընդհանուր թիվը, բայց ֆուտբոլային շուկայի համար դրական նշաններ կան: Մասնավորապես հայտնի է, որ գալիք մրցաշրջանից սկսած ակումբների միջև բաշխվող գումարը 8 տոկոսով շատ կլինի: Մրցանակային գումարները կավելացնեն հավասարության սկզբունքով: Յուրաքանչյուր փուլի համար հասանելիք գումարը կավելանա ոչ մեծ գումարով: Չեմպիոնների լիգայի խաղարկության ընդհանուր բյուջեն ավելացել է 52 միլիոն եվրոյով: Հիմա կազմում է 2,002 միլիարդ եվրո: Համակարգը նույնն է. խմբային փուլում հայտնվելու համար յուրաքանչյուր թիմ կստանա 15,64 միլիոն եվրո (+ 390 հազար եվրո՝ համեմատած նախորդ մրցաշրջանի հետ), իսկ արդեն խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը կստանա 2.8 միլիոն եվրո (+ 100 հազար եվրո՝ համեմատած նախորդ մրցաշրջանի հետ), ոչ-ոքի համար՝ 930 հազար եվրո (+ 30 հազար եվրո՝ համեմատած նախորդ մրցաշրջանի հետ):  Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա թիմերը շատ կվաստակեն փլեյ-օֆֆ փուլում: Հաղթողը, որը պետք է մինչ այդ հաղթահարի չորս մրցակցի արգելք, կարող է վաստակել 53,2 միլիոն եվրո (2020/21 մրցաշրջանում՝ 2,2 միլիոն եվրոյով քիչ): Մասնավորապես 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում թիմը կվաստակի 9,6 միլիոն եվրո (+100 հազար եվրո), քառորդ եզրափակիչ՝ 10,6 միլիոն եվրո (+100 հազար եվրո), կիսաեզրափակիչ՝ 12,5 միլիոն եվրո (+500 հազար եվրո), եզրափակիչ՝ 15,5 միլիոն եվրո (+500 հազար եվրո): Մրցաշարի հաղթողը կստանա ևս 20 միլիոն եվրո («Չելսին» այս տարի ստացել է 19 միլիոն եվրո):

Ավելացել են նաև ընդհանուր թվերը, որոնք պետք է բաժանեն մասնակից 32 թիմի միջև՝ կախված ակումբային գործակցից (585-ից մինչև 600,6 միլիոն եվրո բոլորի թիմերի վրա) ու շուկաների մարկետինգային նշանակությունից (292-ից մինչև 300,3 միլիոն եվրո):

Չեմպիոնների լիգայի խաղարկության սահմաններից դուրս ևս ՈւԵՖԱ-ի ծախսերը կավելանան: Ներկա պահին կառույցը 560 միլիոն եվրո է ծախսում Եվրոպայի լիգայի խաղարկության 48 մասնակցի վրա (անցած խաղարկության հաղթող «Վիլյառեալը» վաստակեց 30 միլիոն եվրո), իսկ ահա գալիք մրցաշրջանից կառույցը 700 միլիոն եվրո է բաշխելու, բայց արդեն 64 ակումբի վրա:

Բանն այն է, որ այս տարվանից մեկնարկում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը, որը կհամարվի հեղինակությամբ երրորդ ակումբային մրցաշարն Եվրոպայում: Արդեն հայտնի է, որ նորաստեղծ մրցաշարում Հայաստանից իրենց նորամուտը նշել են Երևանի «Արարատը», Երևանի «Նոան» ու Երևանի «Ուրարտուն»: Այս մրցաշարում գումարների բաշխման հետ կապված շատ մանրամասներ դեռ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ խմբային փուլի 32 մասնակիցն ընդհանուր հաշվով կստանան 235 միլիոն եվրո: Խմբային փուլում հայտնվելու համար միայն մասնակից թիմերի միջև հավասար կբաշխեն 94 միլիոն եվրո՝ 2,94 միլիոն եվրո յուրաքանչյուրին: Խմբային փուլում հաղթանակի համար թիմը կստանա 500 հազար եվրո, ոչ-ոքիի համար՝ 166 հազար եվրո: Խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը կվաստակի 650 հազար եվրո, երկրորդ տեղում հայտնված թիմը՝ 325 հազար եվրո:

Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգայի խաղարկությանը, ապա մրցանակային ֆոնդը կկազմի 465 միլիոն եվրո, մինչդեռ անցած խաղարկությանը կազմել է 510 միլիոն եվրո: Միևնույն ժամանակ թիմերը կկարողանան շատ վաստակել, քանի որ կրճատվել է մասնակից թիմերի քանակը: Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում հայտնվելու դեպքում յուրաքանչյուր թիմի կվճարեն 3,63 միլիոն եվրո: Խմբային փուլում հաղթանակի համար թիմը կստանա 630 հազար եվրո, ոչ-ոքիի համար 210 հազար եվրո: Խմբային փուլում խմբում առաջին տեղ զբաղեցրած թիմը կստանա 1,1 միլիոն եվրո:

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք գալիք եվրագավաթային մրցաշրջանի ձևաչափին ու նույնիսկ առանձնացրել ենք հնարավոր տարբերակներից մեկը, թե ինչպես Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կարող է հայտնվել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում: Ճիշտ է, չի բացառվում, որ Ալեքսանդր Գրիգորյանի սաներն ավելի հեռուն կգնան ու նոր պատմություն կկերտեն, սակայն եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես նշված է վերոհիշյալ հրապարակման մեջ, ապա միայն նորաստեղծ մրցաշարի խմբային փուլում հայտնվելու դեպքում թիմը կստանա 2,94 միլիոն եվրո՝ չհաշված մնացած գումարները, որոնք ակումբը կստանա մինչ այդ հեղինակությամբ ավելի բարձր մրցաշարերի որակավորման փուլերին մասնակցելու համար: Խոսքը գնում է առնվազն պլյուս-մինուս 4 միլիոն եվրոյի մասին: