Ինչ որոշում կկայացնի Մխիթարյանը. «Միլանը» հետևում է զարգացումներին

Իտալական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հռոմի «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և դեռ պարզ չէ, թե որտեղ նա կշարունակի կարիերան:

Շատ է խոսվում այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կհեռանա Հռոմից: Վերջին տեղեկությունը թեմայի հետ կապված հայտնել է Il Tempo պարբերականը: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով նախկինի պես հետաքրքրված է «Միլանը»: Կարևոր է նշել, որ Մխիթարյանը միլանցիներին կարող է բաժին հասնել լրիվ անվճար:

Պարբերականն ընդգծում է, որ ընթացիկ մրցաշրջանը լավ է դասավորվում Հենրիխի համար: Վերջինս առաջնությունում անցկացրած 33 խաղում խփել է 12 գոլ ու կատարել է 11 գոլային փոխանցում: Առաջին հայացքից ոչինչ չպետք է խանգարի, որ ակումբն ու ֆուտբոլիստը շարունակեն համագործակցությունը, սակայն 32-ամյա Մխիթարյանը վստահ չէ «Ռոմայում» իր ապագայի հարցում՝ հաշվի առնելով այն, որ գալիք մրցաշրջանից թիմը ղեկավարելու է Ժոզե Մոուրինյոն: Բանն այն է, որ  պորտուգալացուի հետ Հենոն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր, երբ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

Պարբերականը նշում է, որ ըստ ամենայնի հնարավոր հաջորդ պայմանագիրը վերջին խոշոր գործարքն է լինելու Մխիթարյանի կարիերայում: Ասել է, թե վերջին հնարավորությունը վաստակել ավելի շատ: Հռոմական աղբյուրը գրում է, որ իրադարձությունների զարգացմանը հետևում է «Միլանը» և շատ է ցանկանում իր շարքերում տեսնել Հենրիխին: