Մակեդոնիայից մինչև Իսլանդիա. Ինչ է փորձում հասցնել Կապառոսը սաներին ու հանրությանը

Չկան կամ շատ քիչ են մրցակիցներն եվրոպական ֆուտբոլում, որոնց հետ Հայաստանի ընտրանին այն էլ առանց Մխիթարյանի, կարողացել է խոսել ու խաղալ ուժի դիրքից: Նույնիսկ Մխիթարյանով ոչինչ երաշխավորված չէ ու չի եղել: Փորձեր եղել են, բայց ավարտվել են ֆիասկոյով: Այս ֆոնին Էմոցիոնալ ալիքի վրա մի խաղակեսում Հայաստանն երեք գոլ է խփել Մոնտենեգրոյին, չորսն ուղարկել բոսնիացիների դարպասը, բայց տեղի ունեցածն որևէ կերպ չի արտացոլել իրերի իրական պատկերը: Իսլանդիայի հետ խաղում տարած հաղթանակը մի փոքր այլ պատմություն է: 

Մակեդոնիայից մինչև Իսլանդիա

Ամեն ինչ սկսվեց մակեդոնացիներից կրած պարտությունից: Դա ահազանգ էր ավելի շուտ ոչ թե Կապառոսի, այլ հավաքականի անդամների, հատկապես նորեկների համար: Մնում էր ճիշտ եզրահանգումներ անել, մնացածը մարզչի գործն էր: Ոչ առանց դժվարությունների՝ իսպանացուն հաջողվեց համախմբել թիմը ու հավասարության նշան դնել բոլորի միջև: Այս հարցում մարզչին շատ օգնեց առաջին պարտությունը: Սրանով են առաջին հերթին պայմանավորված շատերի համար անսպասելի հրավերներն ու երբեմն անհասականալի փոփոխությունները: Նման քայլերով մարզիչը փորձում է արթնացնել շատ խաղացողների մոտ անհրաժեշտ մարզական չարությունը՝ ապացուցելու իր պիտանելիությունը հավաքականին: Սա նպաստում է, որպեսզի խաղացողն իր առավելագույնը տա խաղադաշտում, պահեստայինն էլ վառվի դաշտ մտնելու ցանկությունից: Արդյունքում շահում է թիմը: Ասուլիսների ժամանակ մարզիչը սա է ցանկանում հասցնել իր խաղացողներին ու ֆուտբոլային հանրությանը: Այստեղից էլ Կապառոսի զայրույթը, երբ նրան հարցնում են առանձին ֆուտբոլիստների մասին: Իսլանդիայի հետ խաղում տարած հաղթանակը տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Հայ ֆուտբոլիստներն իրենց առավելագույնն արեցին, մրցակիցը՝ ոչ, բայց դա նրա գլխացավն է: 

Ֆուտբոլիստները

Որն է եղել տարիներ շարունակ հայ ֆուտբոլիստների գլխավոր խնդիրը: Դրանից բազմիցս է դժգոհել անձամբ Մխիթարյանը: Հավաքականում ոչ մի ֆուտբոլիստ չպետք է խուսափի պատասխանատվությունն իր վրա վերցնելուց՝ չվախենալով սխալվելուց ու չսահմանափակվելով նեղ անձնական ֆունկցիաներով: Թեկուզ սխալներով, բայց պետք է փորձել: Օրինակ վերջապես հայ ֆուտբոլիստները հարվածում են ու հարվածում են տարբեր դիրքերից: Այո, հաճախ շեղ, հաճախ թույլ, երբեմն ոչ հարմար դիրքերից, բայց սպառնում են ինչ-որ կերպ: Ուդոյի դեմքի հանգստության մասին է խոսքը, երբ խոսք չկա որևէ լարվածության մասին: Կարծես այս մասին ևս Կապառոսը համոզիչ է խոսում հանդերձարանում: 

Թիմային խաղը՝ հաղթաթուղթ

Կապառոսն ունի ընտրության ոչ լայն հնարավորություն: Արդեն հասցրել է ծանոթանալ հավաքականի տղաների ու թեկնածուների կարողություններին: Հասկանում է՝ սարեր շուռ տալ չի կարող, բայց փորձել ֆուտբոլ խաղալ պետք է: Նա ուզում է, որ թիմը ֆուտբոլ խաղա, դա նրա մեջ է, հայրենիքից ուրիշ ոչինչ չի բերել հետը: Խաղալ ոչ թե ելնելով մրցակցից ու նրա անունից, այլ սեփականից, շեշտը դնել ոչ թե մեկ խաղացողի ու պատահականության, այլ թիմային խաղի ու կարգապահության վրա: Պատահական չէր, որ Իսլանդիայի հետ խաղից հետո մարզիչը նկատեց, որ հանդիպման սկզբում ամեն ինչ չգնաց իր ուզածով, մինչդեռ առաջին հայացքից գոնե հայ ֆուտբոլասերի համար արտառոց ոչինչ չեղավ ու ամեն ինչ այդքան սարսափելի չէր: 

Առաջին քննությունը

Իսլանդիայի հետ խաղը յուրօրինակ քննությունն էր հայ ֆուտբոլիստների համար: Կապառոսի համար ևս կարևոր էր տեսնել կատարված աշխատանքի արդյունքը: Ցանկությունը մեծ է զարգացնել հաջողությունը ոգևորության այս ալիքի վրա, բայց փայլը՝ կուրացնող է: Մինչ այս պահը իսպանացուն հաջողվել է վերահսկել իրավիճակը ու բռի մեջ պահել տղաներին հանդերձարանում: Ոչ մի դեպքում ցանկալի չի լինի, որ Կապառոսի ընտրանին ստիպված լինի սկսել այնտեղից, որտեղից սկսել է: Փոխարենը սա հնարավորություն է ֆուտբոլային շատ հարցերում, սկսած մանկապատանեկանից մինչև պրոֆեսիոնալ ֆուտբոլ, վերանայել տարվող քաղաքականությունը: Մեդալի հակառակ կողմն այն է, որ Իսլանդիայի երիտասարդականն այս օրերին մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, իսկ Հայաստանի երիտասարդականը դեռ պարտվում է: 

Հաբեթ Հարությունյան

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Լուսանկարները՝ ՀՖՖ