«Վստահ չեմ, որ ծանրամարտը կլինի Փարիզ-2024-ի ծրագրում». Հույսի ռեֆորմներ ծանրամարտում

Մոտ մեկ ամիս առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խարտիայում փոփոխության ենթարկեց կանոններից մեկը. հիմա կառույցի ղեկավար խորհուրդն իրավունք ունի «կասեցնել ցանկացած մարզաձև կամ մարզական միջոցառում», եթե այն անցկացնող ֆեդերացիայի գործունեությունը կարող է «վնասել օլիմպիական ընթացքին»: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: Բրիտանական thegurdian պարբերականն է անդրադարփել թեմային ու ընդգծել, որ եթե կառույցում մտադիր են ծանրամարտը կրկին տեսնել Օլիմպիական խաղերի ցանկում, ապա վացուղ ժամանակն է «ինքնամաքրվելու»:

Ֆեդերացիայի տնօրենների խորհուրդն օրեր առաջ էր հավաքվել, վերլուծել են Տոկիոյի խաղերը: Դոհայում տեղի ունեցած կոնֆերենցիայի ընթացքում կառույցի ներկայացուցիչները կողմ են քվեարկել նոր կանոնակարգին: Հուսով են` կատարել են բավարար աշխատանք, որպեսզի վերականգնեն կառույցը համբավը Միջազգային օլիմպիական կոմիտեում:

«Վստահ չեմ, որ ծանրամարտը կլինի Փարիզ-2024-ի ծրագրում, բայց իրոք կարծում եմ, որ Դոհայում կարողացել ենք հասնել էական առաջընթացի և ՄՕԿ-ը մեզ կտա հնարավորություն»,- ասել է ԱՄՆ ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ֆիլ Էնդրյուսը:

Ծանրորդները սիրում են կրկնել, որ առանց իրենց օլիմպիական հայտնի «արագ, բարձր, ուժեղ» նշանաբանը կորցնում է իմաստը: Ծանրամարտն Օլիմպիական խաղերի ծրագրում է 1896 թվականից և այս ընթացքում մարզաշխարհին է տվել անվանի մարզիկների, երկրպագուներին պարգևել անմոռանալի պահեր: Անցած ամռանը տեղի ունեցած Տոկիոյի խաղերն ևս բացառություն չեղան, մասնավորապես ծանրորդ Հիդիլին Դիասը նվաճեց առաջին ոսկին Ֆիլիպինների համար, Պոլինա Գուրևան դարձավ արծաթե մեդալակիր: Վերջինս դարձավ Թուրքմենստանը ներկայացնող առաջին մարզիկը, որը մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Կարելի է նշել նաև Էմիլի Քեմբելին Մեծ Բրիտանիայից, որը դարձավ առաջին բրիտանուհի ծանրորդը, որը մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում:

Այս ամենն իհարկե գեղեցիկ է ու տպավորիչ, որը տեղի է ունենում Խաղերի ժամանակ, իսկ ինչ վերաբերում է մնացած 206 շաբաթներին, ապա պատկերն այլ է: Ծանրամարտում, ինչպես նաև օլիմպիական այլ մարզաձևերում, գումարի խնդիր կարծես չկա, սակայն հաճախ մնում է ստվերում, թե ինչպես են դրանք ծախսվում:

Դրանց կարելի է ծանոթանալ Մաքլարենի զեկույցում` հրապարակված անցած տարվա հունիսին: Զեկույցը կազմվել է այն բանից հետո, երբ գերմանական ARD հեռուստաալիքի լրագրողների խումբը որոշել է մանրամասն ուսումնասիրել թե ինչ է կատարվում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում, մասնավորապես թիրախում պահելով նախագահ Տամաշ Այանին, որն եղել է կառույցի ղեկավար կազմում 45 տարի: Սկզբում զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ հետո դարձել է նախագահ: Զեկույցում խոսվում է կոռուպցիոն տարբեր սխեմաների, կաշառքների և այլ ապօրինությունների մասին:

Այս ամենի ֆոնին դժվար է չխոսել դոպինգ-սկանդալների մասին: Վերջին տասնամյակում վեց հարյուրից ավելի ծանրորդի մոտ դոպինգ թեստի պատասխանն եղել է դրական: Եղել են դեպքեր, երբ մրցանակային տեղ զբաղեցրած երեք ծանրորդին որակազրկել են Օլիմպիական խաղերից հետո, վերջիններիս որակազրկել են ու զրկել նվաճած մեդալներից: Շատերը, որոնց բռնել են դոպինգի վրա, անձամբ Այանին են վճարել տուգանքները: Եղել են դեպքեր, երբ Այանն է օգնել ազգային ֆեդերացիաներին, որոնք աջակցել են իրեն, թաքցնել թեստերը: Եղել է նաև հակառակը, երբ դեմ են եղել նրան, իսկ ինքը տարբեր միջոցներով փորձել է ազդել ընդդիմադիրների վրա:

Միջազգային օլիմպիական կոմիտեն ամեն կերպ այս ամենը փորձում է ներկայացնել որպես Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի խնդիր, բայց դա այդպես չէ: Այանն այն մարդն է, որը կանգնած է եղել այս ամենի ետևում, եղել է ՄՕԿ-ի պատվավոր անդամ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիրներից մեկն է և մինչև 2018 թվականն եղել է նրա հիմնադիր խորհրդի անդամը: Այանը մոտ կես դար եղել է օլիմպիական ընթացքի կենտրոնում:

Նման բացահայտումներից ու մեծ ճնշումից հետո Այանը թողեց իր պաշտոնը: Դրան հաջորդած ամիսների ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պառակտվեց ու կիսվեց երկու մասի ռեֆորմիստների ու վերջիններիս ընդդիմացողների պայքարի արդյունքում: Վերջիններից շատերը Մաքլարենի զեկույցում հիշատակվում են որպես Այանի ընկերներ: Փոփոխությունների ձգտող պաշտոնյաները հասցրել են այս ընթացքում հակադոպինգային նոր ծրագիր ու նոր կանոնակարգ մշակել: Հեղինակներն սա համարում են «քայլ առաջ»:

Շատ գործոններով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկա պահին ավելի առաջադեմ կանոնակարգ ունի, քան շատ այլ մարզաձևերում: Հատկանշական է, որ գործադիր կոմիտեի նիստերն այսուհետ հեռարձակվելու են ուղիղ եթերում, դոպինգի բացասական ցուցանիշներով երկրների պաշտոնյաները կհայտնվեն սև ցուցակում:

Հայտնի է, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հաշվետու — ընտրական համագումարը կսկսվի դեկտեմբերի 20-ին: 2020 թվականի ապրիլին Այանի հեռանալուց հետո կառույցը ժամանակավոր ղեկավարել են ամերիկուհի Ուրսուլա Պապանդրեան, թաիլանդցի Ինտարատ Յոդբանգտոյան և բրիտանացի Մայքլ Իրանին: