Հիսուն տոկոսից ավելին լեգեոներներ են. Ի՞նչ խնդիր են լուծում հանուն հայկական ֆուտբոլի

Մրցաշրջանի աշնանային փուլի ավարտից հետո հայկական շատ թիմերում տեղի ունեցած կադրային լուրջ վերադասավորումներից մինչև վերջ պարզ չէ թե ինչ խնդիր են լուծում և ինչի համար են, ի վերջո, բոլորով աշխատում: Մարզչական հասկանալի ու անհասկանալի սովորական դարձած մարզչական տեղափոխությունների ֆոնին աչք է ծակում հատկապես ակումբների վարած երբեմն զավեշտի հասնող տրանսֆերային քաղաքականությունը: Բավական է նշել, որ ձմեռային դադարի ընթացքում Պրեմիեր լիգայի թիմերը բոլոր միասին հայտավորել են մոտ հինգ տասնյակ արտասահմանցի նորեկ՝ չհաշված այն լեգեոներներին, որոնք տեղափոխվել են հայկական թիմերից:

Հայաստանի ընթացիկ առաջնության խաղերին այս պահին կարող են մասնակցել ընդհանուր հաշվով 249 ֆուտբոլիստ, որոնցից 125-ն արտասահմանցիներ են: Ստացվում է՝ խաղացողների հիսուն տոկոսից (50.2 %) ավելին լեգեոներներ են: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում ներքին առաջնության խաղերին մասնակցելու համար հայտավորված է 237 ֆուտբոլիստ, որոնցից 46-ն են լեգեոներ (19.4 %): Ադրբեջանում 203 ֆուտբոլիստից 62-ն են արտասահմանցի (30.5 %), Մոլդովայում 235 խաղացողից 48-ը (20.4 %), Մոնտենեգրոյում 231-ից 29-ը (12.6 %):

Ինչով է սա պայմանավորված

Անկախ հնարավորություններից ու պայմաններից՝ Հայաստանում գրեթե բոլորը պայքարում են առնվազն եվրագավաթային գոտի մտնելու համար, հետևաբար պետք է ունենալ մրցունակ թիմ: Անհրաժեշտ են որակյալ խաղացողներ: Առկա պատկերը հուշում է, որ թիմերը լուծումը տեսնում են լեգեոներների մեջ:

Ինչ խնդիր են լուծում թիմերը

Այս ընթացքում առավելագույնն ինչ արել է, արել է «Արարատ-Արմենիան»՝ հույսը կապելով հիմնականում դրսի տղաների հետ: Չեմպիոնի օրինակն անխոս վարակիչ է:

Սայլը տեղից չի շարժվում

«Արարատ-Արմենիան» երկու տարի անընդմեջ հասավ մինչև Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Երկրորդ փորձը ցույց տվեց, որ ունեցած ռեսուրսով ավելին անել գրեթե անհնար է:

Ինչ խնդիր կարող են լուծել

Ստացվում է՝ այս պահին առավելագույնն ինչ կարող են անել՝ Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում հայտնվելն է: Առանց հեռանկարի հաջողություն: Այլ կերպ ասած՝ վերջը դա ինչ-որ մեկն արեց: Բրավո:

Ինչ է սա տալիս

Կոնկրետ մեկ թիմի մնացածի համեմատ ավելի երկար ապրելու հնարավորություն:

Իրավիճակն իրականում

Ներդրված ու առաջարկվող լիմիտային փաթեթներն առկա պայմաններում ու ստեղծված իրավիճակում կարելի է որակել որպես ինքնախաբեություն: Տեսակետ կա, որ ապագայի համար է արվում, պտուղներ անպայման կլինեն:

Մերոնք քիչ են, կամ անհեռանկարային

Առաջնությունում տոն տվող հայ ֆուտբոլիստների մեծ մասն իրենց առավելագույնին հասել են ու ավելին նրանցից դժվար է ակնկալել: Նրանցից դժվար է առանձնացնել մեկին, որն իրենից լուրջ արժեք է ներկայացնում տրանսֆերային շուկայում: Ավելին, գոնե այս պահին չկա մեկը հորիզոնում, որին վաղը կարող են գնահատել Եվրոպայում:

Ինչու է այսպես

Ակումբների կեսը, եթե ոչ ավելին ֆուտբոլային դպրոց կամ ակադեմիա չունեն: Մնացածի հետ կապված էլ հարցերը շատ են: Օրինակ նույն «Ուրարտուն», որը հավակնում է լավագույնի կոչմանը: Ունի՞ գոնե մեկ կադր, որն այս պահին իրենից արժեք է ներկայացնում շուկայում կամ կներկայացնի, քանի դեռ թիմում օրինակ հաղթական գոլ է խփում կարիերան ավարտած ու հետո վերսկսած լեգեոները:

Տաղանդներ կան

Խաղացողները չեն աճում, որովհետև չեն խաղում: Ինչու՞ չեն խաղում: Հանգամանքներ ու պատճառներ շատ կան, սակայն վերը նշված պատկերը հուշում է, որ ակումբներին հարցն ամենավերջինն է հետաքրքրում: Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է ու ականջահաճո, բայց գործնականում Հայաստանի Պրեմիեր լիգան գնալով վերածվում է ռուսական ՖԱԼ-ի կամ ուկրաինական երկրորդ լիգայի ռեզերվային մրցաշարերի:

Ինչ է ստացվում

Ստացվում է՝ հայկական ակումբները պատրաստ են կես տարին մեկ կազմ փոխել՝ հրավիրելով անհայտ ու դարն ապրած խաղացողների՝ այդ ընթացքում ծախսելով գումարներ, որոնք ոչ մի արդյունքի չեն բերում, բայց խուսափում են այդ գումարներն օգտագործել նպատակային ծրագրերի վրա, որոնք վաղը գոնե մեկ արդյունքի կարող են բերել:

Կորած դոլարներ

Նշված երկու հարյուրից ավելի խաղացողների մեջ քանի՞սն են ամբողջ մրցաշրջանի ընթացքում 3000-5000 դոլարանոց ֆուտբոլ խաղում, իսկ նրանից քանի՞սն են այսօր տրանսֆերային շուկայում արժեք ներկայացնում: Նշված երկու հարյուրից ավելի խաղացողներից քանի՞ հայ ֆուտբոլիստ է այսօր գոնե 1500 դոլարանոց ֆուտբոլ խաղում ու քանիսն են նրանցից արժեք ներկայացնում:

Տարիներ առաջ մեր համեստ կարծիքն այս մասով արտահայտել էինք՝ նշելով, որ առկա պայմաններում կոսմետիկ ու արհեստական լուծումներով որևէ լուրջ արդյունք հնարավոր չէ ակնկալել: Արդյունքն այստեղ խիստ հարաբերական է և ցանկացածը կարող է յուրովի ընկալել այն:

«Շիրակի» օրինակը

«Շիրակը» մրցաշրջանի սկզբում հայտարարեց, որ խաղալու է հայ ֆուտբոլիստներով: Աշնանային հատվածից հետո մեկ-երկու լեգեոների հայտավորեց թիմը, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում: Նրանք հիմա վերջին տեղում են, ինչը սպասելի էր, բայց մրցակցությունն այլ կլիներ մրցաշարային աղյուսակում, եթե նման պատկեր լիներ հայկական մնացած ակումբներում: Ամենակարևորը կկրճատվեն անիմաստ ծախսերը, իսկ գումարները, եթե իհարկե կա ցանկություն ներդրում անելու, կուղղվեն խաղացողներ ու մարզիչներ պատրաստելու իրապես օգտակար ու հեռանկարային գործին:

Ծախսել նպատակային

«Եվրագավաթային անհեռանկար մուկնուկատուն» հայկական ֆուտբոլում թույլ չի տալիս շատ հայ ֆուտբոլիստների ֆուտբոլ խաղալ: Ասում են՝ փորձառու հայ խաղացողները քիչ են: Քիչ են՝ պատանիներն ու երիտասարդները կխաղան: Մրցակցությունը թող նրանց միջև ծավալվի: Լեգեոներների փոխարեն մարզիչներին կվճարեն ու արդյունք կպահանջեն՝ նոր կադրերի տեսքով: Ինչու չեն ստեղծվում սիրողական լիգաներ՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Օրինակ զորացրված տղաներից շատերը ստիպված թողնում են ֆուտբոլը, մինչդեռ կարող էին խաղալ, եթե նման լիգա լիներ: Ինչու չեն ստեղծվում կոնկրետ տարիքային առաջնություններ: Սկզբի համար թող լինեն երկուսը՝ Մ-19 և Մ-21: Գաղափարը ծավալուն է, հայ խաղացողներ էլ կան, իսկ «Շիրակի» օրինակը ծրագրի չնչին մասն է միայն և մեկ-երկու տողով հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել: Անկեղծ ասած ստեղծված իրավիճակում իմաստ էլ չկա, քանի դեռ հավաքականում խաղում է կոլումբիացի ու նիգերիացի, ֆեդերացիան շարունակում է հպարտանալ ոչինչ չտվող մրցաշարում զբաղեցրած առաջին տեղով, ակումբներն էլ շարունակում են դժգոհել ֆեդերացիայից ու դուրս գալ առաջնությունից (ապագայում գուցե ներկայացնենք — խմբ.): 

Վրացիները

Հայ ֆուտբոլային հանրության շրջանում տարբեր ժամանակահատվածներում հաճախ են օրինակ բերել վրացիներին: Օրինակ, մի ժամանակ շատ էր խոսվում այնտեղ գործող պետական աջակցության մասին, որոնք ստանում են ակումբները: Վերջիններս անկախ իրենց հնարավորություններից ու ստացած աջակցություններից այդպես էլ որևէ լուրջ արդյունքի միջազգային ասպարեզում դեռ չեն հասել, ինչին այդպես ձգտում են լեգեոներներով համալրված հայկական ակումբները: Գրեթե նույն պատկերն է, ինչ Հայաստանում:

Ազգային ընտրանին

Մեր տեսակետը կապված Հայաստանի ընտրանու վերջին հաջողության հետ հայտնել ենք դեռ նոյեմբերին և չենք կրկնվի: Այս ֆոնին պարզապես ևս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ Վրաստանի ընտրանուն մեկ քայլ պակասեց Եվրոպայի առաջնությունում հայտնվելու ու հիմա էլ նրանց հնարավորություններն այնտեղ խաղալու անհամեմատ մեծ են, քան Հայաստանի ընտրանու:

Համերաշխություն

Շատ է խոսվում հանուն հայկական ֆուտբոլի, բայց գործելիս ստացվում է՝ հակառակը: Չի ստացվում համախմբվել մեկ նպատակի շուրջ: Այստեղ ամեն ինչ փոխկապակցված է և առանց մեկի, մյուսը չի լինի: Չի ստացվում նստել մեկ սեղանի շուրջ: Ինչո՞ւ չի ստացվում, եթե բոլորը խոսում են հանուն հայկական ֆուտբոլի: Կա երկու հիմնական պատճառ. կամ ոչ բոլորն են արժանի այդ սեղանին, կամ դրա ցանկությունը պարզապես չկա: Եթե չկա ցանկություն, ապա բոլոր զրույցներն անիմաստ են, իսկ եթե կան անարժանիներ ու խանգարողներ՝ անհրաժեշտ է ձերբազատվել նրանից: Թերևս սրանով է պայմանավորված անդունդը, որը տեսանելի է ակումբների ու ֆեդերացիայի միջև:

Հաբեթ Հարությունյան

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos