Հինգ նորեկ հավաքականում. Կապառոսը հրապարակել է ցուցակը

23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: 

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը.

«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը:

Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը՝

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
  • Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»
  • Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

  • Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
  • Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
  • Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
  • Հակոբ Հակոբյան «Ուրարտու»
  • Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
  • Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

  • Գևորգ Ղազարյան — «Լամիա» (Հունաստան)
  • Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
  • Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
  • Կարեն Մուրադյան — «Արարատ»
  • Անգուլո Վբեյմար — «Արարատ-Արմենիա»
  • Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ
  • Դավիդ Դավիդյան — «Ալաշկերտ»

Հարձակվողներ

  • Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)
  • Արթուր Միրանյան — «Ուրարտու»
  • Կարեն Մելքոնյան —  «Ուրարտու»

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝  Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը: