«Ռուբինի» մարզական տնօրենն ասել է, որ իրենք հետաքրքրված չեն Վահան Բիչախչյանի ծառայություններով

Սլովակիայի «Ժիլինայի» ու Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական ԲԿՄԱ-ն ու «Ռուբինը»: Այս մասին հայտնել է «Чемпионат» պարբերականը՝ հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին: Ըստ վերջինիս՝ գյումրեցի ֆուտբոլիստի տրանսֆերը հետաքրքրել է նշված երկու ակումբին և մոտակա ժամանակահատվածում նրանք կարող են սկսել բանակցությունները «Ժիլինայի» հետ:

Կազանի «Ռուբինի» մարզական տնօրեն Օլեգ Յարովինսկին «Սպորտ-Էքսպրեսի» հետ զրույցում հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ իրենք հետաքրքրված չեն և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին, ապա բանակայինների ճամբարից դեռ չեն անդրադարձել թեմային: Հիշեցնենք, որ դեռ հինգ տարի առաջ պատանի Բիչախչյանը հասցրել է կարճատև փորձաշրջան անցնել ԲԿՄԱ-ում: Դա տեղի է ունեցել մինչև բելգիական «Գենկում» փորձաշրջան անցնելն ու «Ժիլինա» տեղափոխվելը:

Հավելենք, որ ավարտված առաջնությունում Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում խփեց 11 գոլ: Օրեր առաջ նա բացեց իր գոլերի հաշիվը նաև Հայաստանի ազգային ընտրանու կազմում՝ գրավելով Շվեդիայի հավաքականի դարպասը: