Հայաստանի հետ խաղերին Գերմանիային կպատրաստի Հանս-Դիտեր Ֆլիկը

Եվրոպայի առաջնությունից հետո Գերմանիայի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա, Յոահիմ Լյովին կփոխարինի Հանս-Դիտեր Ֆլիկը: Լյովն աշխատում է Բունդեսթիմի հետ սկսած 2006 թվականից, իսկ Ֆլիկը մինչև Գերմանիայի ընտրանին գլխավորելու առաջարկն ընդունելը գլխավորում էր Մյունխենի «Բավարիան»:

Ֆլիկը ստորագրել է պայմանագիր մինչև 2024 թվականը: Դեռ անցած ամիս էր գերմանացի մասնագետը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից»: 56-ամյա մարզչին «Բավարիայում» կփոխարինի Յուլիան Նագիլսմանը, որը վերջին տարիներին գլխավորում էր «Լայպիցգը»:

Հիշեցնենք, որ մինչև «Բավարիայում» աշխատանքի անցնելը Ֆլիկը 2006 թվականից մինչև 2014 թվականն եղել է Գերմանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի օգնականը: Նա հեռացավ Բունդեսթիմից 2014 թվականին Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: Մյունխենյան թիմին Ֆլիկը միացավ 2019 թվականին որպես գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի օգնական: Հաջորդ տարվա նոյմեբերին խորվաթ մասնագետը պաշտոնանկ եղավ և նրան փոխարինեց հենց Ֆլիկը:

Ֆլիկի գլխավորությամբ «Բավարիան» զգալի հաջողությունների հասավ: 2019/20 թթ մրցաշրջանում բավարացիները հաղթեցին Բունդեսլիգայում, երկրի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ֆլիկի օրոք թիմը նվաճեց նաև Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական գավաթը: «Բավարիայում» անցկացրած առաջին 16 ամսվա ընթացքում Ֆլիկը վեց տիտղոս նվաճեց: Նոր ավարատված մրցաշրջանը սակայն այլ կերպ դասավորվեց: Ճիշտ է, մյունխենցիները կարողացան պահել Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը, բայց դուրս մնացին Չեմպիոնների լիգայի խաղարկությունից՝ քառորդ եզրափակչում պարտվելով «Պարի Սեն Ժերմենին»:

Ստացվում է՝ Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղերում Գերմանիայի ընտրանուն ուղեկցելու է Հանս-Դիտեր Ֆլիկը: Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանն ու Գերմանիան ընդգրկված են նույն խմբում: Ընթացիկ ընտրական փուլում հավաքականներն արդեն հասցրել են երեքական հանդիպում անցկացնել: Կայացած խաղերից հետո խումբը գլխավորում է Հայաստանը՝ վաստակած 9 միավորով: Երկրորդ և երրորդ հորիզոնականները վեցական միավորով կիսում են Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան, Իսլանդիան ու Ռումինիան ունեն երեքական միավոր, Լիխտենշտեյնը վերջինն է առանց միավորի:

Գերմանիայի հետ առաջին խաղը Հայաստանն անցկացնելու է սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ, պատասխան մրցավեճն Երևանում կայանալու է նոյեմբերի 14-ին: