«Հաղթելու են անհաղթելի «Ռեյնպարկում». Առանց քովիդի, բայց կորուստներով

Հայաստանի ընտրանին մի քանի օրում երեք հանդիպում կանցկացնի գալիք Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում: Առաջիկա երեք մրցակցից երկուսին (Իսլանդիա, Ռումինիա) Հայաստանն երբեք չի հաղթել, մեկին (Լիխտենշտեյն)՝ երբեք չի պարտվել: Հենց վերջինի հետ արտագնա խաղով Կապառոսի գլխավորած թիմը կսկսի ճանապարհը դեպի Քաթար: Կողմերի միջև կայացած վերջին խաղից հետո շատ բան է փոխվել. հավաքականները նոր մարզիչներ ունեն, ֆեդերացիան Վանեցյանն էր ղեկավարում, «Լոռին» ու «Ուրարտուն» կիսելու բան չունեին, Հայաստանի ընտրանին էլ դեռ պատմական հաջողության չէր հասել: Այդ օրը թերևս մեկ բան է հիշեցնում. կրկին վնասվածք ուներ Մխիթարյանը:

Անհաղթելի «Ռեյնպարկը»

Այն, որ Հայաստանի ընտրանու նոր ընթացքը սկսվում է համեմատաբար հարմար մրցակցի հետ խաղով՝ լավ է: Սրանից լավ տարբերակ կլիներ թերևս այն, որ ընտրական փուլը մեկնարկեր նույն մրցակցի հետ տնային խաղով: Որ այդպես չէ, դիմակայությունում Հայաստանի վիճակագրությունն է ափսոսում: Լիխտենշտեյնին Հայաստանն երբեք չի պարտվել, բայց չի էլ հաղթել նրա հարկի տակ: «Ռեյնպարկում» կողմերի միջև կայացած խաղերում ոչ-ոքիներ են միայն գրանցվել, իսկ սա արդեն լավ չէ: Հեշտ զբոսանք չի սպասում Կապառոսի սաներին: Մրցակիցն եթե մտադիր է միավորներ հավաքել հաշվետու մրցափուլում, ապա առնվազն մեկն ակնկալում է վերցնել առաջիկա խաղում:

Հաղթելու են

Հաշվի առնելով էյֆորիան, որը մինչ օրս իշխում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատասենյակներում հավաքականի վերջին հաղթանակից հետո, հիանալի թիմն ու մթնոլորտը նրա հանդերձարանում, ինչպես նաև տրամադրվածությունը պատմական նոր էջեր գրելու, կարելի է ենթադրել, որ մեկ միավորը Լիխտենշտեյնում կընդունվի որպես ձախողում, երեք միավորը՝ պարզ օրինաչափություն: Մյուս կողմից մաթեմատիկայի խնդիր չէ դրված ազգային ընտրանու առջև, մարզիչն էլ նշեց՝ մաթեմատիկոս չէ, այլ փորձառու մասնագետ, որն իրատես է ու չի կորցնում իրականության զգացումը: Խաղից խաղ՝ ինչպես կստացվի:

Առանց քովիդի, բայց կորուստներով

Կրկին հավաքականի կողքին չէ Հենրիխ Մխիթարյանը, ինչը լուրջ կորուստ է թիմի համար: Հայտնի է, որ Կապառոսը չի կարողանա օգտվել նաև Գևորգ Ղազարյանի ծառայություններից: Մնացած տղաները, որոնք մրցավայրում են, կարող են խաղադաշտ դուրս գալ: Վերջիններիս ՊՇՌ թեստերի պատասխաններն եղել են բացասական: Մնում է հուսալ, որ մինչև հանդիպումը Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներն իրենց չեն պահի էստոնացիների նման:

Հաղթական մեկնարկ

Հաջորդ երկու խաղը կայանալու են Երևանում: Առաջին հերթին հոգեբանական տեսանկյունից կարևոր է մոտենալ իսլանդացիների հետ մրցավեճին բարձր տրամադրությամբ: Դրա համար Հայաստանի ընտրանին չպետք է միավորների ետևից ընկնի Լիխտենշտեյնում: Անկաշկանդ ու վստահ խաղն ամեն ինչ կդնի իր տեղը: 

Հաբեթ Հարությունյան

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Լուսանկարները՝ ՀՖՖ