«Կշողա՞ արևն «Ալաշկերտի» վրա». Գրիգորյանը փոխարինեց Խաշմանյանին

Ընթացիկ մրցաշրջանի սկիզբն Ալեքսանդր Գրիգորյանը անցկացրեց Երևանի «Ուրարտուի» ղեկին, բայց այն կավարտի որպես Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ: Մարզիչն «առաջարկ ստացավ ներսից» ու որոշեց հաճույք ստանալ Կիսլովոդսկի իր այգուց այն ժամանակ, երբ առաջնությունը կես էր ընկել, իսկ «Ուրարտուն» պայքարում էր եվրագավաթային գոտի մտնելու համար: Հայազգի մասնագետին կանչում էր նորածին թոռնիկը: Սիրելի աշխատանքը խոչընդոտ չէր կարող լինել Գրիգորյանի համար՝ վայելելու թոռնիկի ներկայությունն առնվազն մի քանի ամիս: Խոստովանել է՝ վերջին մի քանի տարում թոռիկի ծնունդը ամենապայծառ իրադարձությունն էր նրա կյանքում, իսկ ֆուտբոլը կսպասի:

Կատակով ասած՝ կատակ չի անում

Մի քանի ամիս մտածելուց հետո Գրիգորյանը որոշեց մարզչական կարիերայի մնացած ժամանակահատվածը սկսել Հայաստանից, իսկ նա պատրաստվում է 25-30 տարի դեռ մարզել: Ասում է՝ կատակ չէ՝ կատակով ասած: Նա հայաստանյան կարիերայի առաջին փուլը համարում է բեղնավոր: Թե ինչպես կընթանան գործերն այս անգամ, դժվար է ասել՝ հաշվի առնելով Գրիգորյանի ու «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի բնավորություններն ու պատկերացումները ֆուտբոլի և առհասարակ հնարավոր հաջողությունների մասին:

Պայմանագիր՝ մի քանի խաղով

Ալեքսանդր Գրիգորյանն ալաշկերտցիների հետ ստորագրել է պայմանագիր մինչև ընթացիկ առաջնության ավարտը հետո երկարաձգելու հնարավորությամբ: Այսինքն շատ բան կախված է առաջիկա մի քանի խաղից: Համաձայնեք՝ առնվազն տարօրինակ է՝ հաշվի առնելով այն, որ մնացած երեք խաղում ալաշկերտցիներն երկու անգամ մրցելու են «Արարատ-Արմենիայի», մեկ անգամ «Արարատի» հետ:

Խնդիրը՝ հաղթել մնացած երեք խաղում

«Ալաշկերտի» նպատակը չեմպիոն դառնալն է: Ասել է թե Գրիգորյանի առջև խնդիր է դրված հաղթել մնացած երեք խաղում: Նույն խնդիրը պետք է լուծեր նաև Խաշմանյանը, բայց Նավոյանը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, փոխեց մարզչին: «Ալաշկերտի» ղեկավարն ասում է, որ երբ թիմը վատ է խաղում և երկու, երեք պարտություն է իրար հետևից կրում, ապա ցանկացած մտածող ղեկավար պետք է փոխի և հավելում է, որ մարզիչ փոխում են, երբ թիմը վատ է խաղում ու մի քանի խաղ անընդմեջ պարտվում է: Այս տեսանկյունից դժվար էր հասկանալ Նավոյանի նախորդ որոշումը, երբ ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածից հետո որոշեց հրաժարվել Եղիշե Մելիքյանի ծառայություններից, իսկ Խաշմանյանի պարագայում կարելի է ենթադրել՝ պատճառը վերջին պարտություններն էին:

Կստացվի լավ, չի ստացվի ոչինչ

Ալեքսանդր Գրիգորյանն ասում է, որ եթե հաջողություն համարվի աշխատանքը, որը նա ներդրել է «Ուրարտուում» անցկացրած ժամանակահատվածում՝ կարելի է իր կարիերայի հայաստանյան փուլը համարել հաջողված: Այդ աշխատանքը տանելու համար մարզչից պահանջվեց մեկ տարի ու երեք ամիս: Փորձը ցույց է տալիս, որ նման շռայլություն Գրիգորյանին «Ալաշկերտում» թույլ չեն տա: Ընդհանրապես շատ բարդ է պատկերացնել Գրիգորյանի ու Նավոյանի համատեղ աշխատանքն երկարաժամկետ հեռանկարում, իսկ կարճաժամկետի պարագայում ամեն ինչ հնարավոր է: Կարելի է ենթադրել, որ այստեղ պարզապես համընկել են Գրիգորյանի՝ կարճ ժամանակում լուրջ արդյունքի ու «Ալաշկերտի» ղեկավարի՝ ամեն գնով նպատակին հասնելու ցանկությունները և ուրիշ ոչինչ: Ի վերջո Խաշմանյանին հեռացնելն ու Գրիգորյանին նշանակելը դեռ ոչինչ չի երաշխավորում:

Կշողա՞ արևը «Ալաշկերտի» վրա

Ալեքսանդր Գրիգորյանն ասում է, որ «Ուրարտուի» ղեկավարությունից արդյունքների մասով ևս հարցեր չեն եղել և երբ նոր էր հեռացել կորցրած միավորներով թիմին մեկ միավոր էր պակասում եվրագավաթային գոտուց: «Ուրարտուն» հիմա էլ փորձում է նույն խնդիրը լուծել և նույն «Ալաշկերտից» ետ է երկու միավորով: Ասել է, թե Գրիգորյանի արևը մինչ օրս շոյում է նախկին թիմի վրա: Կշողա՞ արևը «Ալաշկերտի» վրա, թե «Ուրարտուն» հասցրել է կլանել բոլոր ճառագայթները ցույց կտա ընթացքը: