75 տարեկանում մահացել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գերդ Մյուլլերը

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկու Գերդ Մյուլլերն է մահացել 75 տարեկան հասակում, հայտնում է Մյունխենի «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Մյուլլերը ծնվել էր 1945 թվականի նոյեմբերի 3-ին, պրոֆեսիոնալ կարիերան սկսել է անցած դարի 60-ականներին «Նյորդլինգենում»: 1964 թվականից մինչև 1979 թվականը խաղացել է Մյունխենի «Բավարիայի» կազմում: Բավարացիների կազմում չորս անգամ հռչակվել է երկրի չեմպիոն  (1969, 1972, 1973, 1974), երեք անգամ հաղթել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում  (1974, 1975, 1976): ԳՖՀ հավաքականի կազմում դարձել է 1974 թվականի Աշխարհի առաջնության հաղթող: Դրանից երկու տարի առաջ ընտրանու կազմում նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Խփած 365 գոլով Մյուլլերը Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուն է: Հավելենք, որ 2015 թվականին Գերդ Մյուլլերը հայտնվել էր ծերանոցում Ալցգեյմեր հիվանդության պատճառով: