Գենիչին չեն հավատարմագրել Եվրոյին 2009 թվականին Արցախ այցելելու համար

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եվրոպայի առաջնության ադրբեջանական կազմկոմիտեն մերժել է հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանին հավատարմագրելու հայտը, սակայն ավելի ուշ ՈւԵՖԱ-ի միջնորդությամբ հարցը կարգավորվեց: Այսօր հայտնի դարձավ, որ Բաքուն թույլ չի տվել ռուս մեկ այլ մեկնաբան Միխայիլ Մասակովսկիին մուտք գործել Ադրբեջան, որտեղ վաղը կայանալու է Եվրոպայի առաջնության Ուելս-Շվեյցարիա հանդիպումը: Մասակովսկին պետք է մեկնաբաներ այդ հանդիպումը: Վերջինս մեկնաբանել է տեղի ունեցածն ու գրել, որ սահմանին նրա անձնագրում տեսել են հայկական կնիքն ու առանց որևէ բացատրության թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Նա վերադարձել է Ռուսաստան:

  • Միանգամից պատասխանեմ. Ղարաբաղում եղել եմ, այո: Շատ տարիներ առաջ ֆուտբոլային մրցաշարին: Եթե խնդիրը դրանում է, այլ ոչ թե անցած տարվա հայկական կնիքի, ապա հարցեր ադրբեջանցի սահմանապահներին չունեմ: Հարցեր կան կազմկոմիտեին: Հավատարմագրման բոլոր հայտերը ստուգվում են ուժայինների կողմից: Եթե ինչ-որ մեկը հայտնվել է սև ցուցակում, ապա ինչու տեղյակ չպահել այդ մասին: Բաքուն հաստատել է իմ հավատարմագրումը, ես վաղվա խաղի ցուցակներում էի, ունեի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը: Կարճ ասած՝ իմ Եվրոն մեկնարկեց այսպես,- գրել է Մասակովսկին:

Գործընկերոջ հետ տեղի ունեցածին անդրադարձել է Կոնստանտին Գենիչն ու պատմել, որ իրեն զրկել են հավատարմագրից Բաքվի նախաձեռնությամբ:

  • Խնդիրը վերաբերում է Ադրբեջանին ու նրանց պահվածքին: Եթե ավելի կոնկերտ, ապա ադրբեջանական կողմին, որը պատասխանատու է անձի իդենտիֆիկացիայի համար հավատարամագիր հանձնելիս: Իմ հայտը հաստատել են, ՈւԵՖԱ-ից նամակ եկավ, ID համարը, բոլոր ստուգումներն անցել եմ: Ամեն ինչ հիանալի է: Մնում էր միայն այն ստանալ: Բայց երևում է Նոբելի պատմությունն այնպես է կպել նրանց, որ ևս մեկ անգամ նայելով հավատարմագրված լրագրողների ցուցակտ, նրանք հիշել են, որ 2009 թվականին ես նույնպես եղել եմ Ղարաբաղում և մասնակցել եմ նախկին ԱՊՀ և Բալթյան երկրների ֆուտբոլային մրցաշարին:
  • Այսօր զանգ եմ ստանում Ադրբեջանից. «Դուք ստացե՞լ եք հավատարմագրումը»
  • Հարցնում եմ. «Իսկ ձեզ ինչու է պետք դա իմանալ»
  • Ինձ ասում են. «Դուք եղել եք Ղարաբաղում 2009 թվականին: Դուք ձեզ հաշիվ տալի՞ս եք. որ օրենք եք խախտել»
  • Ես պատասխանել եմ. «Ես դա չեմ մեկնաբանում: Կան հարցեր, դիմեք ալիքի մամուլի ծառայություն»

Հինգ րոպե անց էլեկտրոնային հասցեիս նամակ եմ ստանում ՈւԵՖԱ-ից, որտեղ սևը սպիտակի վրա գրված է. դուք չեք անցել ստուգումը, հավատարմագրումը մերժված է: Սա վերջնական որոշում է, բոլորը հարցերը… և «Բաքու 2020»-ի ադրբեջանական կողմի էլեկտրոնային հասցեն: Ես լավ չեմ հասկանում, ինչու խառնել քաղաքականությունն ու սպորտը, հատկապես առաջնության բացման օրը: Հուսով եմ՝ իմ հարցը կլուծվի, իմ հայտը կհաստատեն և այդուամենայնիվ կկարողանամ այն ստանալ ու աշխատել այս Եվրոյի ժամանակ: Իսկ եթե ոչ… Բաքու, ցավոք, ես հիասթափված եմ,- գրել է Գենիչն իր տելեգրամում: