Ֆլիկը՝ Հայաստանի հետ խաղից առաջ. Գերմանիան կորուստներ ունի, Հավերցը բաց է թողել մարզումը

Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին վաղը Շտուտգարտում կմրցի Գերմանիայի հավաքականի հետ: Խմբային փուլի հինգերորդ տուրից առաջ խումբը գլխավորում է Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը, գերմանացիներն երկրորդն է: Հաշվետու մրցավեճից առաջ Բունդեսթիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է խաղից իր ակնկալիքներով՝ անդրադառնալով մի շարք այլ թեմանրի ևս:

«Առջևում կարևոր երկու հանդիպում ունենք: Մտածում ենք այդ խաղերում հաղթելու մասին: Մեր հավաքականը շատ լավ որակներով է օժտված, հաճելի է աշխատել նման թիմի հետ: Լիխտենշտեյնի հետ խաղից հետո վերլուծել ենք այն ու համապատասխան հետևություններ արել: Մեր երկրպագուները ցանկանում են տեսնել թիմ, որն ամեն ինչ տալիս է խաղադաշտում: Անհամբերությամբ սպասում եմ վաղվա հանդիպմանն ու ակնկալում եմ բուռն աջակցություն: Շտուտգարտում մշտապես լավ մթնոլորտ են ապահովել, այդպես կլինի նաև առաջիկա խաղի ժամանակ»

«Լավ կլիներ, որ անցած խաղում ավելի շուտ գոլ խփեինք, բայց դա տեղի չունեցավ: Սա տակտիկական սխալ չէր, մրցակիցը կարող է լավ պաշտպանվել: Մեզ չհաջողվեց շատ գոլեր խփել, բայց մեր խաղում կար որակ, թիմային աշխատանք»

«Առաջիկա խաղում Հայաստանը կփորձի պրեսինգի դիմել դաշտի կենտրոնում` փորձելով արագ տեղափոխություններով առաջին պլան դուրս բերել իր չորս հարձակվողին: Մխիթարյանն ու Ադամյանը արագաշարժ ու տեխնիկապես պատրաստված խաղացողներ են: Պետք է շատ զգոն լինենք թիկունքում»

«Մանուել Նոյերը մարզվել է ու վաղը պատրաստ կլինի խաղին: Ռոբին Գոզենսի վնասվածքն այդքան լուրջ չէ, ինչպես նախապես նշվում էր, բայց ամեն դեպքում նա չի օգնի մեզ: Խաղից հետո լուրջ ցավեր ուներ, հիմա մի փոքր թուլացել է ցավը: Դևիդ Ռաումը միակ ձախ պաշտպանն է, բայց մենք ունենք այլ տարբերակներ և սպասում ենք: Կայ Հավերցը թեթև առողջական խնդիրներ ունի, երևի գրիպ է: Պետք է սպասենք»:

Հավելենք, որ Կայ Հավերցը բաց է թողել Գերմանիայի հավաքականի այսօրվա մարզումը և չի բացառվում, որ Հայաստանի հետ խաղին նա չմասնակցի: