Շռայլ ակումբները կվճարեն լրացուցիչ գումարներ. Կփոխվեն ՖՖՓ-ի կանոնները

ՈւԵՖԱ-ն պատրաստվում է փոփոխություններ կատարել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններում կապված աշխատավարձերի սահմանափակումների հետ: Մտադիր են հարկել շռայլներին, որոնք կփորձեն խախտել այն: Համաձայն նոր առաջարկների՝ ակումբները սահմանափակ հնարավորություններ կունենան իրենց եկամուտներից ֆիքսված տոկոսներ ծախսել աշխատավարձեր վճարելիս: Եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, իսկ դա հնարավոր է տեղի ունենա ոչ հեռու ապագայում, ապա հաջորդ տարի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններում կնշվի աշխատավարձի առավելագույն չափ, իսկ այն գերազանցողը ստիպված կլինի լրացուցիչ գումարներ վճարել:

Ֆինանսական ֆեյր-փլեյի ընթացիկ կանոնները, որոնք ներդրվել են 11 տարի առաջ, ենթադրում են, որ ակումբներն երեքամյա ժամանակահատվածի ընթացքում պետք է եկամուտներն ու ծախսերը հասցնեն դրական բալանսի: Հնարավոր փոփոխությունների համաձայն՝ ակումբները, որոնք մասնակցում են եվրոպական մրցաշարերին, չեն կարողանա իրենց եկամուտներից ֆիքսված գումար տրամադրել աշխատավարձերին: Ենթադրվում է, որ խոսքը մոտ 70 տոկոսի մասին է:

Ցանկացած ակումբ, որը կխախտի նշված սահմանափակումները, ստիպված կլինի վճարել շռայլության համար, իսկ այդ գումարներն հետագայում կբաշխվեն մրցաշարին մասնակցող մյուս ակումբների միջև:

Առաջարկները կքննարկեն գալիք ամիս Շվեյցարիայում՝ եվրոպական ֆուտբոլի ապագային նվիրված կոնֆերենցիայի ժամանակ: Հանդիպմանը ներկա կլինեն ազգային ասոցիացիաների, լիգաների, ակումբների ներկայացուցիչները, խաղացողներ և գործակալներ:

Հարուստ սեփականատերերը հնարավորություն կունենան ծախսել իրենց եկամուտները ֆիքսված առավելագույն չափից շատ միայն այն դեպքում, եթե նրանք պատրաստ են վճարել «շռայլության հարկ»:

Նորությունը հայտնվեց ընդամենն օրեր անց, երբ «Պարի Սեն Ժերմենը» հայտարարեց Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Արգենտինացին նոր ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր համաձայն որի Փարիզում  շաբաթական վաստակելու է 1 միլիոն ֆունտ:

Ապագայում, եթե ակումբներից մեկը կորոշի ձեռք բերել Մեսսիի նման խաղացողի, իսկ ակումբը ստիպված կլինի բավարարել խաղացողի ֆինանսական պահանջները, ապա պետք է պատրաստ լինի նաև հավելյալ միջոցներ ներդնել:

Խախտումների կրկնվելու դեպքում ևս ակումբները կընկնեն որոշակի սանկցիաների տակ առաջարկների փաթեթի շրջանակներում, որոնք ենթադրում են տարբեր պատիժներ ընդհուպ մինչև  որակազրկում եվրոպական մրցաշարերից: Այսպես ՈւԵՖԱ-ն փորձում է կիրառել զսպող գործիք, որպեսզի ակումբները չգերազանցեն իրենց եկամուտների չափն ու չբախվեն ֆինանսական խնդիրների:

Խոսվում է այն մասին, որ «շռայլության հարկն» ունենալու է սանդղակ, որտեղ նշված կլինի, որ մինչև 20 տոկոս գերազանցելու դեպքում, ակումբները կվճարեն համարժեք գումար, բայց այն գերազանցելու դեպքում գումարը կարող է անգամ կրկնապատկվել:

Առաջարկների փաթեթը հիշեցնում է համակարգը, որն արդեն կիրառում են Միացյալ Նահանգներում: Խոսքը վերաբերում է բեսյբոլին ու բասկետբոլին:

Հանդիպման ընթացքում ՈւԵՖԱ-ն կքննարկի նաև այլ հարցեր, մասնավորապես ինչպես կանխել վտանգները հնարավոր ցանկացած «Եվրոպայի Սուպերլիգաներից»: Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Անգլիայի Պրեմիեր լիգայի «լավագույն վեց ակումբները», ինչպես նաև եվրոպական ևս վեց մեծ ակումբ, որոնց թվում էին Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը», հայտարարեցին նոր Սուպերլիգա ստեղծելու ծրագրերի մասին:

Նախաձեռնողների ծրագրերը կյանքի չկոչվեցին, քանի որ հիմնադիր 12 ակումբից ինը, այդ թվում նաև անգլիական վեց թիմ, դուրս եկան խաղից ընդամենը 48 ժամ անց նոր լիգա ստեղծելու մասին հայտարարելուց հետո:

Նկատենք, որ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» դատական գործընթացների մեջ են ընդդեմ ՈւԵՖԱ-ի և դեռ հույս ունեն կյանքի կոչել իրենց ծրագրերը: