Մունդիալն անցկացնել երկու տարին մեկ. ՖԻՖԱ-ն ընդունել է առաջարկը

ՖԻՖԱ-ն արձագանքել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին կրճատել հանդիպումների քանակը, բայց դրանք դարձնել ավելի սկզբունքային: Կառույցն իր առաջարկում պնդում է, որ Մունդիալի անցկացումն ամեն երկու տարին մեկ կնպաստի, որպեսզի միջազգային խաղերի քանակը կրճատվի, բայց կբարձրանան դրանց գինն ու պահանջարկը: Առաջարկությանն աջակցել են 166 ֆեդերացիա: Նշվում է, որ առաջիկայում կմեկնարկի հետազոտությունների փուլը: ՖԻՖԱ-ն կվերլուծի Մունդիալն երկու տարին մեկ անցկացնելու հնարավորությունը՝ նշելով դրա հնարավոր օգուտներն ու հետևանքները: Հնարավոր փոփոխությունները վերաբերվում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց Մունդիալներին:

Առնվազն 95 ձայն էր հարկավոր, որպեսզի առաջարկն ընդունվի: Ասոցիացիաներից 21-ը ձեռնպահ են մնացել, 22-ը դեմ են քվեարկել: Մինչ այս պահն Աշխարհի առաջնություններն անցկացվել են չորս տարին մեկ:

Այսպես առաջարկի հեղինակներն ու դրան կողմ արտահայտվողները մտադիր են բալանսի բերել համաշխարհային ֆուտբոլն ու ավելացնել եկամուտները:

ՖԻՖԱ-ի ամենամյա կոնգրեսի ժամանակ կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոն նշել է, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ֆուտբոլն իրականում դառնա գլոբալ ու բոլորի համար: Նա ընդգծել է, որ մինչև 2022 թվականի Աշխարհի առաջնությունը Աֆրիկայի 54 երկրից միայն հինգն են անցել ընտրական փուլը: Ինֆանտինոն ընդգծել է, որ Աշխարհի լավագույն 20 ակումբը ներկայացնում են Եվրոպայի հինգ երկիր, իսկ Աշխարհի առաջնութուններում սկսած կիսաեզրափակչից տոն են տալիս վեց կոնֆեդերացիայից ընդամենն երկուսը՝ Եվրոպան ու Հարավային Ամերիկան:

Ըստ նախագծի հեղինակների՝ հնարավոր փոփոխությունները կավելացնեն նաև եկամուտներն ու ֆինանսական անդունդը համեմատած ՈւԵՖԱ-ի ստացած եկամուտների հետ կկրճատվի: ՖԻՖԱ-ի եկամուտների հիմնական աղբյուրն Աշխարհի առաջնություններն են: Չորսմյա ֆինանսական ցիկլի ընթացքում, որը կավարտվի Քաթարում կայանալիք Մունդիալով, ՖԻՖԱ-ն ակնկալում է ստանալ 4,5 միլիարդ ֆունտ եկամուտ: Սրա ֆոնին միայն 2019/20 թթ ՈւԵՖԱ-ի եկամուտը կազմել է 2,6 միլիարդ ֆունտ, իսկ չորս տարում կազմել է 10 միլիարդ ֆունտից ավելի: