Եվրո 2020. Խումբ «A». Թուրքիա — Իտալիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Երկար սպասված Եվրոյի բացման խաղում կմրցեն իտալացիներն ու թուրքերը: Շատ փորձագետներ Իտալիայի ազգային ընտրանուն համարում են հիմնական հավակնորդներից մեկը չեմպիոնական մրցավազքում, մինչդեռ իրենց կանխատեսումներում Շենոլ Գյունեշի գլխավորած ընտրանուց շատ սպասելիքներ չունեն: Մյուս կողմից համարվում են խմբի ֆավորիտները և այս հարցում շատերի կարծիքն ու կենխատեսումներ են համընկնում: Կողմերի համար խաղացանկը կարող էր ավելի բարեհաջող լինել. սկսելու են միմյանց հետ խաղով և փորձելու են միևնույն խնդիրը լուծել: Երկուսին էլ պետք է առավելագույնը վերցնել հաշվետու մրցավեճում և հետո ձեռք բերածն ամրապնդել շվեյցարացիների և ուելսցիների հետ խաղերում:

Իտալացիները տևական ժամանակ է միայն հաղթում են և սա խոսում է ինչ-որ բանի մասին: Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Մանչինիի սաները կհաղթահարեն խմբային փուլի արգելքը, իսկ թե իրականում ինչ ուժ է իրենից ներկայացնում Իտալիան կերևա դրանից հետո: Կան մասնագետներ ու փորձագետներ, որոնք չեն շտապում Իտալիայի հարցում ու գտնում են, որ վերջին շրջանում Ազգերի լիգայի խաղարկությունում, ընտրական փուլի խաղերում և ստուգողական մրցավեճերում տարած հաղթանակները դեռ բավարար չեն խոսելու կայացած ու լուրջ խնդիր լուծելու պատրաստ ընտրանու մասին:

Փորձագետներից շատերն այս օրերին շատ են խոսում ու պատմում Մանչինիի հավաքականի մասին: Ավելի շատ խոսվում է, թե ինչքան հուսալի են իտալացիները թիկունքում, վիճակագրությանն է շատ հղում արվում: Այս ֆոնին սակայն կա մտավախություն, որ Իտալիան կարող է «կուրանալ ու տեղի տալ իրական մրցակցության բացակայությունից»:

Անցած Մունդիալի ընտրական փուլում տապալվելուց հետո Իտալիան հաղթեց Եվրոյի ընտրական փուլի բոլոր խաղերում և նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր երկու տասնյակից ավելի խաղից կազմված անպարտելիության շարքով: Նրանք հաղթել են վերջին ութ խաղում՝ բաց չթողնելով ոչ մի գոլ: Այն պահից, ինչ ընտրանին գլխավորում է Մանչինին, Իտալիան անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 20 մրցավեճում սեփական դարպասը պահել է անառիկ:

Թուրքերի հաղթաթղթերից մեկը նույնպես հուսալի խաղն է թիկունքում: Գյունեշի սաներն ընդամենն երեք գոլ բաց թողեցին ընտրական փուլում, իսկ Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայացած վերջին խաղերում կարողացան կանգնեցնել Մեմֆիս Դեպային ու Էրլինգ Հոլանդին:

Խոշոր մրցաշարի շրջանակներում կողմերը հանդիպել են մեկ անգամ: Դա տեղի է ունեցել ուղիղ 21 տարի առաջ հունիսի 11-ին: Եվրոյի շրջանակներում դա նրանց առաջին խաղն էր, որն ավարտվեց Իտալիայի հաղթանակով 2:1 հաշվով: Իտալացիներից աչքի ընկան Անտոնիո Կոնտեն ու Ֆիլիպո Ինձագին, իսկ թուրքերից միակ գոլը խփեց Օկան Բուրուկը: Իտալիան ու Թուրքիան ընդհանուր հաշվով հանդիպել են 10 անգամ. 7 խաղում հաջողությունն ուղեկցել է Իտալիային, 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Ինչ վերաբերում է կազմերին ու կադրային բացերին, ապա իտալացիների կիսապաշտպանական գծում պատրաստ է խաղալ Մանուել Լոկատելին, Մարկո Վերատին դեռ մարզավիճակ է հավաքում: Դարպասապահի դիրքում Մանչինին հավատում է Ջանլուիջի Դոնարումային, իսկ պաշտպանության կենտրոնում մեծ հույսեր է կապում Բոնուչի — Կյելինի զույգի հետ:

Լորենցո Պելեգրինին Հռոմի «Ռոմայից» օրեր առաջ վնասվածք ստացավ և չի կարողանա օգնել հավաքականին: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն խնդրել է ՈւԵՖԱ-ին թույլ տալ Պելեգրինիին փոխարինել Գաետանո Կաստորվիլիյով «Ֆիորենտինայից»:

Թուրքերի պաշտպանական գծում նույնպես ներկայացուցիչ կա «Յուվենտուսից»՝ ի դեմս Դեմիրելի: Բացի նրանից պաշտպանության կենտրոնում մեծ հույսեր են կապում նաև Սյունջուի հետ, որը ներկայացնում է անգլիական «Լեսթերը»: Սպասելիքներ թուքերն ունեն նաև Ջենգիզ Ունդերից, որի համար Հռոմի «Օլիմպիկոն» օտար տեղ չէ:

Մեծ են սպասելիքները նաև Ֆրանսիայի նորընծա չեմպիոն Չելիկից, որը «Լիլի» կազմում հասցրեց անցկացնել 27 խաղ, խփել 3 գոլ ու կատարել գոլային 2 փոխանցում: Չելիկի ծառայություններով հետաքրքրված են արդեն անգլիական գրանդները, մասնավորապես «Յունայթեդը», «Արսենալն» ու «Տոտենհեմը»:

Ճիշտ է, ընտրական փուլում 24-ամյա խաղացողն աչքի չընկավ գոլային փոխանցումներով, սակայն դա ոչինչ չի նշանակում և Գյունեշն ըստ ամենայնի նրան կվստահի պաշտպանության աջ եզրը: Եվ վերջում պետք չէ հաշվից հանել Թուրքիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներից մեկին՝ Բուրակ Յիլմազին: Վերջինս 29 գոլ է խփել ազգային ընտրանու կազմում և ցուցանիշով զիջում է միայն Հական Շուքյուրին (51 գոլ):

Իր ռմբարկուն ունի նաև Իտալիան՝ ի դեմս Չիրո Իմոբիլեի: Ոչ վաղ անցյալում «Լացիոյի» ռմբարկուն դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր. նախանցած մրցաշրջանում նա Սերիա «А»-ի ռեկորդ սահմանեց՝ խփելով 36 գոլ: Մյուս կողմից Չիլոյին դեռ ոչ մի կերպ չի հաջողվում նման արդյունավետությամբ աչքի ընկնել միջազգային ասպարեզում: 31-ամյա հարձակվողը վերջին հինգ տարում Իտալիայի առաջնության շրջանակներում մրցաշրջանում միջինը խփել է 25 գոլ, մինչդեռ ազգային հավաքականի կազմում խփել է 12 գոլ: Խփած 12 գոլի մեծ մասն էլ խփել է 45 խաղում: Շատերի կարծիքով առնվազն խմբային փուլի խաղերում Իմոբիլեն լավ հնարավորություն ունի գոլերի թիվը հավաքականում ավելացնել:

Եվրոյի բացման խաղը տեղի է ունենալու Հռոմի «Օլիմպիկոյում», որտեղ Իտալիայի հավաքականը խոշոր մրցաշարերում երբեք չի պարտվել: Մունդիալներն ու Եվրոները հաշվի առած Իտալիան այստեղ տարել է վեց հաղթանակ ու խաղացել է երկու ոչ-ոքի: Նրանք վերջին յոթ խաղում ոչ մի գոլ բաց չեն թողել:

Արդեն նշել ենք, որ թուրքերն ընտրական փուլում բաց են թողել ընդամենը երեք գոլ, ինչը լավագույն ցուցանիշն էր Բելգիայի ընտրանու հետ միասին: Մյուս կողմից Իտալիան նույն Բելգիայի հետ երկու ընտրանուց մեկն էր, որն ընտրական փուլում ցույց տվեց հարյուր տոկոսանոց արդյունք: Նրանք խփեցին 37 գոլ 10 խաղում՝ միջինը 3,7 գոլ մեկ մրցավեճում: Հատկանշական է, որ դրանից առաջ 2016 Եվրոյի ու 2018 Մունդիալի ընտրական փուլերի խաղերում միաին միայն Իտալիան խփել էր 37 գոլ (22 խաղ):

Հավելենք, որ Թուրքիան Եվրոների շրջանակներում պարտվել է իր բոլոր չորս մեկնարկային խաղում, այդ թվում նաև 2000 թվականին տեղի ունեցած Իտալիայի հետ մրցավեճում: Հիշեցնենք նաև, որ պատմության մեջ մեկ անգամ է Իտալիան հաղթել Եվրոպայի առաջնությունում:

  • Հավանական կազմերը՝

Թուրքիայի հավաքական (4-1-4-1) — Չակիր, Չելիկ, Դեմիրալ, Սեյունջյու, Մերաշ, Յոկուշլու, Կարաման, Տուֆան, Յազիջի, Չալխանողլու, Յիլմազ:

Իտալիայի հավաքական (4-3-3) — Դոնարումա, Ֆլորենցի, Բոնուչի, Կյելինի, Սպինացոլա, Բարելա, Ժորժինյո, Լոկատելի, Բերարդի, Ինսինյե, Իմոբիլե