«Դա կսպանի ֆուտբոլը». Վենգերն համոզում է, Չեֆերինը քննադատում և սպառնում բոյկոտով

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը զգուշացնում է, որ Մունդիալն երկու տարին մեկ անցկացնելու նախաձեռնությունը կարող է հանգեցնել բոյկոտի ֆուտբոլային Եվրոպայի կողմից: Չեֆերինի կարծիքով ծրագիրը կյանքի չի կոչվի, որովհետև այն հակասում է ֆուտբոլի հիմնական սկզբունքներին: Ըստ նրա՝ դա կսպանի ֆուտբոլը:

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը ներկա պահին աշխատում է ՖԻՖԱ-ում և ղեկավարում է զարգացման բաժինը, փորձում է այս ընթացքում համոզել ու ներկայացնել տեղի ունեցող գործընթացները լավ լույսի ներքո: Գաղափարն առաջ է քաշել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան անցած մայիսին, մինչ այդ նման առաջարկ 2018 թվականին արել էր ԿՈՆՄԵԲՈԼԸ: Այս ֆոնին, սակայն, կան կառույցներ ու անհատներ, որոնք հասցրել են իրենց մտահոգությունը հայտնել ու դեմ արտահայտվել հնարավոր փոփոխություններին կապված Մունդիալն անցկացնելու ժամկետների հետ: Mասնավորապես Անգլիայի Պրեմիեր լիգան է դեմ արտահայտվել, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ լիգաներ:

Չեֆերինն առիթը բաց չի թողնում կրկնելու, որ դա հակասում է ֆուտբոլի հիմնական սկզբունքներին և քննադատում է ՖԻՖԱ-ին այն բանի համար, որ չեն խորհրդակցել ՈւԵՖԱ-ի հետ մինչև իրենց ծրագրերի հրապարակումը: Հարցին, թե ինչպես է ՈւԵՖԱ-ն բոյկոտելու Մունդիալն, եթե որոում կայացվի այն անցկացնել երկու տարին մեկ, Չեֆերինը  The Times պարբերականին ասել է, որ պարզապես կարող են որոշել չմասնակցել առաջնությանը:

«Ինչքան գիտեմ, հարավամերիկացիները նույն ալիքի վրա են: Այնպես որ հաջողություն նման Աշխարհի առաջնությունում: Կարծում եմ՝ նման բան տեղի չի ունենա, որովհետև դա հակասում է ֆուտբոլի հիմնական սկզբունքներին: Ամեն ամառ մեկամսյա մրցաշարի մասնակցելը խաղացողներին լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի, դա սպանության է նման: Եթե լինի երկու տարին մեկ, ապա ինչպես է լուծվելու նույն ժամանակահատվածում աշխարհի կանանց առաջնության, օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի հարցերը: Արժեքը նրանում է, որ դա տեղի է ունենում չորս տարին մեկ, դու դրան սպասում ես: Նման է Օլիմպիական խաղերին, խոշորագույն իրադարձություն է: Չեմ տեսնում, որ մեր ֆեդերացիաները աջակցում են այդ գաղափարին: Հուսով եմ՝ նրանք (ՖԻՖԱ)  խելքի կգան, որովհետև ճիշտ չեմ համարում ճանապարհը, որն ընտրել են: Այն է, ամեն տեղ լինել ու քննարկել, բացի կոնֆեդերացիներից ու ՈւԵՖԱ-ից: Նրանք չեն եկել, չեն զանգել, նամակ կամ նման որևէ բան չեմ ստացել: Ես կարդացել եմ այդ մասին լրատվականներում»,- ասել է Չեֆերինը:

Արսեն Վենգերն իր հերթին հայտարարել է, որ եթե լիներ որևէ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, ապա երկու ձեռքով կողմ կլիներ առաջարկվող փոփոխություններին: Հնարավոր ռեֆորմն ենթադրում է, որ ամեն տարի երկրպագուները հնարավորություն կունենան հետևելու խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերին, որոնց կհաջորդեն մայրցամաքային ստուգատեսները կենտ թվականներին: Խոսքը վերաբերում է Եվրոպայի առաջնությանն ու Կոպա Ամերիկային: Փոփոխությունների շրջանակում առաջարկում են կրճատել միջազգային պատուհանները մրցաշրջանի ընթացքում՝ հասցնելով դրանց թիվը մեկի, առավելագույնն երկուսի՝ հոկտեմբերին և մարտին, որպեսզի ոչ մի ազգային հավաքական չխաղա յոթ հանդիպումից ավելի գումարած նաև փլեյ-օֆֆը:

Վենգերն ասել է, որ ներկայիս ձևաչափն ու օրացույցը հին է, ոչ պրակտիկ ու անարդյունավետ: Ըստ ֆրանսիացու՝ նա մշակել է հասկանալի, պարզ և ժամանակակից օրացույց, որը լավագույն կերպով բաժանում է ակումբային ֆուտբոլը միջազգայինից: Ֆրանսիացին պնդում է, որ այս ամենը թույլ կտա մարզիչներին ամբողջությամբ կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա՝ չմտածելով հնարավոր խնդիրների ու կորուստների մասին: Ի դեպ, խոսքը վերաբերում է և ակումբներին, և հավաքականներին: Նշվում է, որ առաջարկվող փոփոխություններին կողմ են արտահայտվել բրազիլացի Ռոնալդոն, դանիացի Շմեյխելն ու ավստրալիացի Տիմ Կեհիլը:

Անգլիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանն իր հերթին դեմ է արտահայտվել հնարավոր ռեֆորմին: Դիրքորոշումը բացատրում է նրանով, որ այդպես մեծ ծանրաբեռնվածության տակ կդնեն խաղացողներին: Վերջինս ասել է, որ գոնե այս պահին ֆուտբոլային Եվրոպան նման բանի կարիք չունի: Գուցե ապագայում, ըստ նրա, փոփոխություններն անխուսափելի կլինեն, բայց այն ինչ կա այս պահին, գոհացնում է և ֆուտբոլիստներն էլ երբեմն պետք է հանգստանան:

Ավելին, նման խոշոր մրցաշարերին բոլորն են սպասում և ակնկալում են տեսնել լավագույններին, որոնք կխաղան ու աչքի կընկնեն իրենց լավագույն ֆուտբոլային կողմերով: Առանց այդ էլ լավագույն խաղացողները մրցաշրջանում բազմաթիվ հանդիպումներ են անցկացնում և բարձունքին մնալու համար հանգիստն անհրաժեշտություն է: Վիգմանը հավելել է, որ պետք չէ ֆուտբոլասերներին ընտրության առաջ կանգնեցնել՝ երկու մրցաշար միևնույն ժամանակահատվածում անցկացնելով: