Պրեմիեր լիգա. «Չելսին» չորրորդն է, Կեյնը՝ ռմբարկու, Կունն անցավ Ռունիից

Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական առաջնությունն ավարտվեց: Չեմպիոնի հարցը վաղուց լուծել էր «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլայի սաները վաստակեցին 86 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Մանչեսթեր Յունայթեդը»՝ վաստակած 74 միավորով: Երրորդ տեղը բաժին հասավ նախորդ առաջնության չեմպիոն «Լիվերպուլին», որն այս անգամ բավարարվեց հավաքած 69 միավորով: Քառյակն եզրափակեց Լոնդոնի «Չելսին», որը մեկ միավորով առաջ անցավ «Լեսթերից», որը վաստակեց 66 միավորով: Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությունում Անգլիան կներկայացնեն «Սիթին», «Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Չելսին»: Հիշեցնենք, որ «Ազնվականները» հասել են Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, որտեղ մրցելու են «Մանչեսթեր Սիթիի» հետ: 

«Լեսթերը» լավ հնարավորություն ուներ քառյակում հայտնվելու, սակայն պարտվեց նախավերջին տուրում «Չելսիին», իսկ վերջին տուրում «Տոտենհեմին» և գալիք եվրագավաթային մրցաշրջանը կսկսի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլից: Հատկանշական է, որ հաղթելու դեպքում «Լեսթերը» կանցներ «Չելսիից», քանի որ Տուխելի սաները վերջին տուրում պարտվեցին «Աստոն Վիլային»: Ինչևէ, «Աղվեսների» հետ այս հարցում զույգ կազմեց «Վեստ Հեմը», որը վաստակեց 65 միավոր ու զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը: «Վեստ Հեմը» նույնպես կսկսի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլից, քանի որ «Լեսթերը» հաղթել է Անգլիայի գավաթի խաղարկությունում: 62 միավոր հավաքեց «Տոտենհեմն» ու բավարարվեց յոթերորդ հորիզոնականով և եվրագավաթային ընթացքը կսկսի Կոնֆերենացիաների լիգայի խաղարկության որակավորման փուլից՝ շնորհիվ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Սիթիի» տարած հաղթանակի:

Ութերորդ հորիզոնականը զբաղեցրեց Լոնդոնի «Արսենալը»՝ վաստակած 62 միավորով և վերջին 26 տարում առաջին անգամ չի խաղա եվրագավաթներում: Իններորդ տեղը գրավեց «Լիդսը» 59 միավորով, որը 16 տարի անց առաջին մրցաշրջանն անցկացրեց անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում: Տասնակը փակեց «Էվերտոնը», որը նույնպես ուներ 59 միավոր, բայց «Լիդսին» զիջեց խփած ու բաց թողած գոլերով:

Պրեմիեր լիգան լքեցին «Ֆուլհեմը», «Վեստ Բրոմվիչն» ու «Շեֆիլդ Յունայթեդը» համապատասխանաբար հավաքելով 28, 26 ու 23 միավոր և հաջորդ մրցաշրջանում կխաղան «Չեմպիոնշիպում»:

Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու դարձավ «Տոտենհեմի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Կեյնը՝ խփած 23 գոլով: Ռմբարկուների ցուցակում Կեյնը մրցակիցներից առաջ պոկվեց՝ շնորհիվ վերջին տուրի «Լեսթերի» հետ խաղում խփած գոլի: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Լիվերպուլի» ու Եգիպտոսի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը՝ խփած 22 գոլով: Վերջին տուրից առաջ երկուսն էլ հավասար թվով գոլեր էին խփել, սակայն ի տարբերություն անգլիացու, եգիպտացին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ «Կրիստալ Պելասի» հետ մրցավեճում, որն ավարտվեց «Լիվերպուլի» հաղթանակով 2:0 հաշվով:

Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրում գոլերով աչքի ընկավ նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն: 32-ամյա արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ «Էվերտոնի» հետ մրցավեճում, իսկ նրա թիմը հաղթեց 5:0 հաշվով: Պրեմիեր լիգայի շրջանակներում մեկ թիմի կազմում խփած գոլերով Ագուերոն ռեկորդ սահմանեց՝ անցնելով Ուեյն Ռունիից: Վերջինս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփել է 183 գոլ, Ագուերոն «Սիթիի» կազմում դարձել է 184 գոլի հեղինակ: Ի դեպ, սա վերջին հանդիպումն էր Ագուերոյի «Սիթիի» կազմում Անգլիայի առաջնության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում յուրօրինակ արդյունքի հասավ «Մանչեսթեր Յունայթեդը»: Սուլշերի սաները վերջին տուրի արտագնա խաղում հաղթեցին «Վուլվերհեմպտոնին»: Սա նշանակում է, որ մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրած «Յունայթեդը» առաջնությունն ավարտեց՝ չպարտվելով արտագնա խաղերում: Թիմը 19 խաղում տարավ 12 հաղթանակ, 7 անգամ խաղաց  ոչ-ոքի: Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ երեք անգամ էր նման բան տեղի ունեցել՝ 1888/89 թթ «Պրեստոն», իսկ 2001/02 և 2003/04 թթ «Արսենալ»:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 38 27 5 6 83 32 86
2 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 38 21 11 6 73 44 74
3 ԼԻՎԵՐՊՈՒԼ 38 20 9 9 68 42 69
4 ՉԵԼՍԻ 38 19 10 9 58 36 67
5 ԼԵՍԹԵՐ 38 20 6 12 68 50 66
6 ՎԵՍԹ ՀԵՄ 38 19 8 11 62 47 65
7 ՏՈՏԵՆՀԵՄ 38 18 8 12 68 45 62
8 ԱՐՍԵՆԱԼ 38 18 7 13 55 39 61
9 ԼԻԴՍ 38 18 5 15 62 54 59
10 ԷՎԵՐԹՈՆ 38 17 8 13 47 48 59
11 ԱՍԹՈՆ ՎԻԼԱ 38 16 7 15 55 46 55
12 ՆՅՈՒՔԱՍԼ 38 12 9 17 46 62 45
13 ՎՈՒԼՎԶ 38 12 9 17 36 52 45
14 ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ 38 12 8 18 41 66 44
15 ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ 38 12 7 19 47 68 43
16 ԲՐԱՅԹՈՆ 38 9 14 15 40 46 41
17 ԲԵՌՆԼԻ 38 10 9 19 33 55 39
18 ՖՈՒԼՀԵՄ 38 5 13 20 27 53 28
19 ՎԵՍԹ ԲՐՈՄ 38 5 11 22 35 76 26
20 ՇԵՖԻԼԴ ՅՈՒՆԱՅԹԵԴ 38 7 2 29 20 63 23