«Չելսին» հաղթեց «Մադրիդին». Տուխելը կրկին եզրափակչում է

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ռեալի» դարպասն ու դուրս եկավ եզրափակիչ: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի: Տոմաս Տուխելի գլխավորած թիմն երկրորդ տարին անընդմեջ կխաղա Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի որոշիչ խաղում: Հիշեցնենք, որ անցած խաղարկությունում Տուխելի գլխավորությամբ եզրափակչում խաղաց «Պարի Սեն Ժերմենը», բայց հաղթել մրցաշարում չհաջողվեց:

Հաշվետու խաղում յուրօրինակ արդյունքներ գրանցեցին նաև «Չելսիի» առանձին խաղացողներ, մասնավորապես խոսքը վերաբերում է դարպասապահ Մենդիին: Վերջինս կրկին սեփական դարպասը պահեց անառիկ: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում նա 11 խաղ է անցկացրել, ութում գոլ չի ընդունել: Սա յուրօրինակ ռեկորդ է: Մինչ այս անգլիական թիմի որևէ դարպասապահ մրցաշարի պատմության մեջ նման ցուցանիշ չէր գրանցել:

Լոնդոնցիների կազմում գոլերից մեկը խփեց Մեյսոն Մաունտը: Վերջինս դա արեց 22 տարեկան 15 օրական հասակում: Երկրորդ ամենաերիտասարդ անգլիացին է, որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում: Նրանից առաջ է միայն Ուեյն Ռունին: Վերջինս դա արել է 21 տարեկան 182 օրական հասակում «Միլանի» հետ խաղում: Մրցաշարի այս փուլում «Չելսիի» կազմում գոլ խփած առաջին անգլիացին Ֆրենկ Լեմպարդն է: Նա դա արել է 2008 թվականին:

Խաղում գոլ խփեց նաև Տիմո Վերները: Գերմանացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած խփեց իր 12-րդ գոլը: Գոլ ու գոլային համակարգով նա արդեն ունի 22 միավոր: Այս ցուցանիշով «Չելսիում» նա ընթացիկ մրցաշրջանում հավասարը չունի: Նրանից առաջ «Չելսիի» կազմում վերջին խաղացողը, որը մեկ մրցաշրջանում գոլ + գոլային համակագով հավաքել է 10+-ական միավոր, եղել է Էդեն Ազարը (21գ և17փ / 2018/19):

Հավելենք, որ եզրափակչում «Չելսին» մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն իր հերթին անցել էր «Պարի Սեն Ժերմենի» արգելքը: