Կապառոսը փորձեց՝ չանցավ. Ինչու հավաքականին չի միանա Մխիթարյանը

Մարտ ամսից Խոակին Կապառոսը հանդիսանում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, սակայն միայն հաջորդ ամիս հնարավորություն կստանա իր նորամուտը նշել ազգային ընտրանու ղեկին: Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում առաջիկա մրցակիցներն են Մակեդոնիան ու Էստոնիան: Իսպանացի մասնագետն արդեն հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք մասնակցելու են առաջիկա հավաքին՝ նախապատրաստվելով հաշվետու մրցավեճերին: Անցած ամիսների ընթացքում Կապառոսը պետք է փորձեր հնարավորինս լավ ծանոթանալ հնարավոր ու անհնարին տարբերակներին և վերջում կայացնել որոշում, որը քիչ հարցերի տեղ կթողներ: Արի ու տես՝ դրանք ոչ թե քիչ են, այլ բավականին շատ, որոշներն ինչ-որ տեղ դժվար ըմբռնելի ու ընկալելի:

Կապառոսի որոշումը

Հնարավոր ու սպասելի հարցերը միանգամից փակելու համար իսպանացին փորձել է հենց սկզբից դեմն առնել: Թերևս հայտացուցակի հայտնվելուն պես պարզ դարձավ, որ մեղմ ասած՝ չի անցնի: Համացանցի արձագանքից միայն կարելի է դրանում համոզվել: Հենրիխի բացատրություններն, օրինակ, մինչև վերջ չեն համոզում և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեն տեղավորվում պարզ տրամաբանության մեջ:

Ինչու Մխիթարյանը չի միանա հավաքականին

Միանգամից նշենք՝ ինտրիգ չենք փնտրում, պարզապես կփորձենք համադրել փաստերը: Եվրոպական հինգ առաջատար լիգաներից մեկնարկել է միայն Ֆրանսիայի առաջնությունը: Ֆրանսիայի ազգային ընտրանու խաղացողների 90 տոկոսը ներկայացնում են մնացած չորսը: Այդ երկրների թիմերի շուրջ 40 տոկոսը չեն էլ վերսկսել մարզումները: «Ռոման», ի տարբերություն շատերի, դեռ 25 օր առաջ մտադիր էր հասնել առնվազն մինչև Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ: Օրինակ ինչպես կարձագանքներ Հենոն հրավերին, եթե հռոմեական թիմն հայտնվեր եզրափակչում «Սևիլիայի» փոխարեն: Միթե Հենոյի համար գաղտնիք էր, որ վերոհիշյալ «Սևիլիայի» հետ խաղից մեկ ամիս անց հավաքականը խաղեր ունի: Համաձայնեք՝ ամեն ինչ միանշանակ չէ այս պատմության մեջ: Մի տեսակ դժվար է ըմբռնել Հենոյի խոսքից մեջբերված տեքստի հատկապես այս հատվածը. «…խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»: Կարճ ասած՝ Մխիթարյանը հավաքականում չէ, իսկ իրական պատճառը գուցե կիմանանք միայն հոկտեմբերին:

Hot Videos