Խոակին Կապառոսն՝ Իսլանդիայի հետ խաղից առաջ

2022 թվականի Մունդիալի ընտրական փուլի Իսլանդիայի հետ խաղից առաջ Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ու հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանի մամուլի ասուլիսը:

  • Լուկաս, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։
  • Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, գիտեմ, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են։
  • Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանի հավաքականից:
  • Ինձ թիմում բոլորը շատ լավ ընդունեցին։ Շատ լավ տպավորություններ ունեմ ֆուտբոլիստներից և մարզչական կազմից։ Հուսամ՝ կօգնեմ թիմին հաջողություններ գրանցել։
  • Հասցրե՞լ ես արդյոք այս կարճ ժամանակահատվածում մտերմանալ թիմակիցներիդ հետ: Եթե այո, ապա ում։
  • Թիմակիցներիցս շատերը տիրապետում են անգլերենին, և հաղորդակցման առումով որևէ խնդիր չի եղել։ Սկսեմ եմ ճանաչել նրանց, մտերմանալ նրանց հետ։
  • Ինչպե՞ս ես պատկերացնում համագործակցությունդ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
  • Կաշխատեմ հնարավորինս լավ համագործակցել նրա հետ, և ամբողջ ուժերս կներդնեմ՝ ազգային թիմին օգնելու համար։
  • Պարոն Կապառոս, ունենք հզոր համալրում հանձինս Սելարայանի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է Լուկասը տալ Հայաստանի հավաքականին:
  • Ամենակարևորն այն է, որ նա շատ մեծ խանդավառությամբ է ժամանել հավաքականի ճամբար։ Տևական ժամանակ ՀՖՖ-ն ջանքեր էր գործադրում, որպեսզի Լուկասը միանար ազգային ընտրանուն։ Նա մեզ նախ իր փորձով կարող է օգնել, ինչը շատ կարևոր է։
  • Երկար դադարից հետո հավաքական է հրավիրվել Ալիկ Առաքելյանը, առաջին անգամ հավաքականում է Ժիրայր Մարգարյանը։ ԻՆչպիսի՞ տպավորություն են նրանք թողնում մարզումների ընթացքում։
  • Մարգարյանն և Առաքելյանը իրենց թիմում բոլոր խաղերում բավական բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում։ Մենք միշտ նշել ենք, որ հավաքականի դռները բոլոր ֆուտբոլիստների համար բաց են։ Մենք դիտում ենք Հայաստանի առաջնության բոլոր հանդիպումները, և եթե տեսնենք, որ ինչ-որ մեկը լավ մարզավիճակում է, անպայման կհրավիրենք նրան ազգային հավաքական։
  • Ինչո՞վ է պայմանավորված Վահան Բիչախչյանի բացակայությունը։
  • Վահան Բիչախչյանը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրա դիրքում հրավիրել ենք Մխիթարյանին, Սելարայանին, Սպերցյանին, Վարդանյանին, Ադամյանը նույնպես կարող է այդ դիրքում հանդես գալ։ Հայտացուցակում կարող ենք ընդգրկել ընդամենը 23 ֆուտբոլիստի, բոլորին հրավիրել չենք կարող։ Եթե Վահանը հրավիրվեր հավաքական, դուք այս հարցը կտայինք մեկ այլ ֆուտբոլիստի մասին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Վահան Բիչախչյանը այն ֆուտբոլիստն է, ում հետ մենք մեծ հույսեր ենք կապում։
  • Հիմա, երբ ինչ որ չափով ծանոթ ենք մրցակիցներին, ինչպիսի՞ մրցակից է մեզ համար Իսլանդիան:
  • Իսլանդիայի հավաքականը դաշտում ամբողջությամբ նվիրվում է խաղին։ Սակայն եթե մենք լինենք նախկին հանդիպումների պես մրցունակ և մեզ ժպտա մարզական բախտը, ապա մենք կարող ենք հաջողության հասնել։
  • Կարո՞ղ ենք մարտավարական նորամուծություններ ակնկալել առաջիկա հանդիպումներում:
  • Միգուցե լինեն նորամուծություններ, սակայն դրանք շատ չեն լինի։ Մենք ունենք մեր ձեռագիրը, և մեր մրցակիցները մեզ պետք է ճանաչեն հենց մեր ցուցադրած խաղային ոճով։ Միևնույն ժամանակ՝ ամեն խաղ նոր պատմություն է, և այստեղ էլ կարող են լինել նորություններ։
  • Վերջին երեք խաղում մրցակցի դարպասը կարողացել էր գրավել ընդամենը մեկ անգամ, այն էլ 11 մետրանոցից։ Ուսումնասիրե՞լ էք պատճառները, որպեսզի նույն խնդիրը չունենանք այս երկու կարևոր խաղերում։
  • Ֆուտբոլում կան վերելքներ և անկումներ, սակայն հուսով ենք, որ նախորդ երեք խաղերի տրամաբանությունը այլևս չի կրկնվի։
  • Ինչպիսի՞ն է մթնոլորտը թիմում սեպտեմբերյան խաղերից հետո, պահպանվո՞ւմ է հավատը վերջնական հաջողության նկատմամբ։
  • Թիմում գերազանց մթնոլորտ է, և սա մեր թիմի ուժեղ կողմերից մեկն է։ Մենք գիտակցում ենք, որ կան հավաքականներ, որոնք կարգով մեզնից բարձր են, սակայն տրամադրվածության առումով մեզ ոչ ոք չի կարող հաղթել։