Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 1-ին՝ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

-Հենրիխ, Ազգերի լիգայի խմբում և Աշխարհի առաջնության մեկնարկային երեք խաղերում հաղթելուց հետո, զգացվում է, որ հավաքականում ձևավորվել է հաղթողի հոգեբանություն: Այդ առումով ի՞նչ կարող եք ասել որպես թիմի ավագ:

-Կարող եմ ասել, որ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել էր դեռ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում, որտեղ մեր հավաքականը հաղթեց։ Դա փոխանցվեց արդեն որակավորման առաջին երեք խաղերին։ Թիմային խաղի որակը մեզ մոտ շատ է բարձրացել, և կարծում եմ, որ այն գնալով էլ ավելի կբարելավվի։

-Դուք մի քանի դեպքերում նշել եք, որ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ Ձեր բացակայության պայմաններում պետք է կարողանա պատասխանատվություն վերցնել իր ուսերին ու թիմին առաջ տանել: Արդյո՞ք դա այն էր, ինչ տեսաք նախորդ 3 խաղերում, և նույնը պետք է ցուցադրել առաջիկա հանդիպումներում՝ արդեն Ձեր ներկայությամբ:

-Եղան առանցքային ֆուտբոլիստներ, որոնք թիմին տարան իրենց հետևից և արդյունք ապահովեցին, ինչը շատ գովելի է։ Հուսամ, որ մյուս խաղերին նույնպես դա կրկնվի։ Մի քանի անգամ նշել եմ, որ թիմում ոչ թե մեկ-երկու ֆուտբոլիստ պիտի առաջատարի որակներ ունենա, այլ ամբողջ թիմը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի։ Ցավոք, վաղվա խաղում մեր թիմից երեք առանցքային ֆուտբոլիստներ որակազրկման պատճառով հանդես չեն գա, սակայն վստահ եմ, որ նրանց փոխարինողները պատվով հանդես կգան և կօգնեն հավաքականին։

-Պարոն Կապառոս, վաղվա խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ: Ըստ Ձեզ՝ ո՞ր թիմը կշահի դրանից։

-Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մասին շատ մեծ կարծիք ունեմ։ Այդ թիմը ապացուցեց, որ լավ աշխատանքի շնորհիվ կարելի է մասնակցել մեծ մրցաշարերի։ Այո, դաշտի տեր թիմը ունի նոր գլխավոր մարզիչ և երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն կարծում եմ, որ վաղվա խաղին մասնակցող ֆուտբոլիստների մեծ մասը ամռանը խաղում էին նաև ԵՎՐՈ-ում։ Ազգային հավաքականների կյանքն այսպիսին է։

-Դուք նշեցիք, որ վաղը փորձելու եք խաղալ Ձեր խաղը։ Ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք ամբողջ խաղը կենտրոնանալու է հավաքական վերադարձած Հենրիխ Մխիթարյանի վրա։

-Մենք թիմային խաղ ենք դավանում։ Մխիթարյանը, իհարկե, շատ մեծ տաղանդով ֆուտբոլիստ է, և նա գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի մեր թիմին։ Վստահ եմ, որ նրա խաղը կօգնի մեր թիմին։

-Պարոն Կապառոս, առաջին խաղում մեր հավաքականին չեն օգնի առանցքային ֆուտբոլիստներ Հարոյանը, Բայրամյանը և Բարսեղյանը: Արդեն որոշե՞լ եք, թե ովքեր են փոխարինելու այս ֆուտբոլիստներին և արդյո՞ք սպասվում են նաև մարտավարական փոփոխություններ։

-Մենք դեռ մեկ մարզում ունենք մինչև խաղը և վաղը կորոշենք, թե ովքեր կփոխարինեն բացակայող ֆուտբոլիստներին։

Մրցակիցն ունի նոր գլխավոր մարզիչ, որի օրոք առաջին խաղն է անցկացնելու: Ինչքանո՞վ էր այդ գործոնը դժվարեցրել մրցակցի խաղի ուսումնասիրությունը և արդյո՞ք խաղաոճի կտրուկ փոփոխություն եք ակնկալում:

-Չեմ կարծում, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի խաղը կտրուկ փոփոխության կենթարկվի։ Նրանք իրենց զինանոցում տարբեր խաղաոճեր ունեն։ Սակայն անկախ դրանից, մենք մրցում ենք բավական բարձր մակարդակ ունեցող թիմի հետ։