Քաթար 2022. Ծանոթ մրցակիցները. երեքին Հայաստանն երբեք չի հաղթել

Կայացավ 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային ընտրանին հայտնվեց «J» խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանը հասցրել է նախկինում մրցել նշված հավաքականների հետ:

Գերմանիա — խոշոր հաշվով պարտություններ

Գերմանացիների հետ մրցել ենք երեք անգամ՝ կրելով խոշոր հաշվով երեք պարտություն: Հանդիպումներից երկուսը կայացել են պաշտոնական մրցաշարի շրջանակներում: 1998 թվականի Մունդիալի ընտրական փուլում Հայաստանը նախ սեփական հարկի տակ պարտվել է 5:1 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում ընդունել է չորս անպատասխան գոլ: Կողմերի միջև երրորդ և մինչ այս պահը վերջին հանդիպումը հանդիպումը կայացել է 2014 թվականի Մունդիալի մեկնարկից առաջ: Ստուգողական մրցավեճում Աշխարհի ապագա չեմպիոնին պարտվել ենք 6:1 հաշվով:

  • 3 խաղ 3 պարտություն, Հայաստանը խփել է 2, բաց թողել 15 գոլ:

Ռումինիա — ոչ մի հաղթանակ

Ռումինացիների հետ մրցել ենք հինգ անգամ՝ կրելով չորս պարտություն, մեկ խաղ ավարտել ենք ոչ-ոքի: Հանդիպումներից չորսը կայացել են պաշտոնական մրցաշարի շրջանակներում: 2006 թվականի Մունդիալի ընտրական փուլում Հայաստանը կարողացավ խմբային փուլի տնային մրցավեճում միավոր վաստակել, խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Պատասխան խաղում Ռումինիան հաղթեց 3:0 հաշվով: Վերջին անգամ կողմերը հանդիպել են անցած Մունդիալի ընտրական փուլի ընթացքում: Հայաստանի ընտրանին պարտվել է ինչպես տանը (5:0), այնպես էլ դրսում (1:0): Ճիշտ է, մինչ հավաքականներն ևս մեկ հանդիպում անցկացրել են ստուգողական մրցաշարում: Այստեղ նույնպես հաջողությունն ուղեկցել է ռումինացիներին, որոնք հաղթել են 2:0 հաշվով:

  • 5 խաղ 4 պարտություն 1 ոչ-ոքի, Հայաստանը խփել է 2, բաց թողել 12 գոլ:

Իսլանդիա — ոչ մի հաղթանակ

Իսլանդացիների հետ անցկացրել են պաշտոնական երկու հանդիպում ու ևս մեկ ընկերական: 2000 թվականի Եվրոպայի առաջնություն ընտրական փուլում սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանին գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել, իսկ ահա Իսլանդիայում ընդունել է երկու անպատասխան գոլ: Դրանից հետո կողմերը հանդիպել են ստուգողական խաղի շրջանակներում: Հաջողությունը կրկին ուղեկցել է Իսլանդիային, գրանցվել է նույնը 2:0 հաշիվը:

  • 3 խաղ 2 պարտություն 1 ոչ-ոքի, Հայաստանը խփել է 0, բաց թողել 4 գոլ:

Մակեդոնիա — հավասարություն

Մակեդոնացիների հետ դիմակայությունը լրիվ այլ պատմություն է և սկսվում է 1996 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից: Կողմերը հանդիպել են տասը անգամ, տարել են չորսական հաղթանակ, երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի: Կայացած տասը խաղում Հայաստանը խփել է 17, բաց է թողել 15 գոլ: Վերջին անգամ կողմերը հանդիպել են 2020 թվականի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում: Հայաստանի ընտրանին պարտվեց առաջին խաղում, սակայն պատասխան մրցավեճում հաղթանակ տարավ: Ի դեպ այդ հաղթանակից հետո Կապառոսի գլխավորած թիմը ապահովեց խմբում առաջին հորիզոնականն ու նվաճեց երկրորդ դիվիզիոնի ուղեգիր:

  • 10 խաղ 4 հաղթանակ 4 պարտություն 2 ոչ-ոքի, Հայաստանը խփել է 17, բաց թողել 15 գոլ:

Լիխտենշտեյն — դրական բալանս

Լիխտենշտեյնի ընտրանին առաջիկա մրցակիցներինց միակն է, որի հետ դիմակայությունում առավելությունը Հայաստանի կողմն է: Մրցել են չորս անգամ, Հայաստանը տարել է երկու հաղթանակ, երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի: Կայացած չորս խաղում Հայաստանի ընտրանին խփել է 8, բաց է թողել 4 գոլ: Վերջին անգամ հանդիպել են 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Հայաստանի ընտրանին տնային խաղում երեք անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, պատասխան խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

  • 4 խաղ 2 հաղթանակ 2 ոչ-ոքի, Հայաստանը խփել է 8, բաց թողել 4 գոլ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos