Փառահեղ էր. Բրավո Կապառոս, բրավո հավաքական

Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Կապառոսի գլխավորած ընտրանին սեփական հարկի տակ հաղթեց Ռումինիայի ազգային թիմին, հաղթեց խաղում, որում զիջում էր հաշվի մեջ: Փառահեղ էր. բրավո Կապառոս, բրավո Հայաստանի հավաքական:

Կապառոսը

Ամեն ինչ սկսվեց ընդմիջումից հետո: Մինչ այդ Կապառոսը սպասում էր: Իսպանացին համարձակվեց մինագամից երեք փոփոխություն կատարել՝ խաղադաշտ դուրս բերելով անփորձ Շաղոյանին, նորեկ Սպերցյանին ու փորձառու Ադամյանին: Անակնկալ էր շատերի համար, մասնավորապես մրցակցի: Քայլը նպատակային ու դիպուկ ստացվեց:

Երազանքի նորամուտ

Սկզբում շփոթված էր, մի փոքր էլ լարված Սպերցյանը, սակայն դա տևեց մինչև այն պահը, երբ որոշեց իր առաջին հարվածը կատարել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Անդրադարձերից հետո, ինչպես նաև դարպասաձողի օգնությամբ գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում: Երազանքի նորամուտ՝ երիտասարդ ֆուտբոլիստի համար: Այդպես լինում է, ֆուտբոլը նաև դրանով է գրավիչ:

Մրցակիցը

Անդրադարձերն օգնեցին  ռումինացիներին փոքր-ինչ ուշքի գալ նոկաուտից հետո, սակայն ինչպես ընթացքը ցույց տվեց՝ մինչև վերջ վերականգնվել չստացվեց: Կապառոսի սաները, զգալով, որ մրցակիցը շարունակում է երերալ, նետվեցին գրոհի՝ վերջնականապես տապալելով նրան «Հանրապետականի» խոտածածկին:

Փառահեղ էր

Երկրորդ գոլի դրվագում Հարոյանը խաղից դուրս էր, բայց դա հիմա կարևոր չէ: Կարևորը՝ հաղթանակն է, որին արժանի էին հայ ֆուտբոլիստներն իրենց մարզչի գլխավորությամբ: Փառահեղ էր. բրավո Կապառոս, բրավո Հայաստանի հավաքական:

Hot Videos