Գիշերային ակումբից գնացել են ստադիոն ու երկույթ կազմակերպել. «Բրանի» ֆուտբոլիստը՝ սեքս-սկանդալի կիզակետում

Նորվեգական «Բրանի» ֆուտբոլիստները հայտնվել են սեքս-սկանդալի կիզակետում ակումբին պատկանող մարզադաշտում սեքս-երեկույթ կազմակերպելուց հետո: Երկրպագուները տեղի ունեցածը համարում են խայտառակություն: Վերջիններս ու Բերգենի բնակիչները ցնցված են այն բանից հետո, երբ պարզ է դարձել, թե ինչպես են թիմի ֆուտբոլիստներից տասներկուսը «աղմկել խաղադաշտում և հանդերձարանում»:

Նորվեգական Bergens Tidende պարբերականը հայտնում է, որ անցած հինգշաբթի խաղացողներն եղել են գիշերային ակումբներից մեկում, որտեղից գնացել են մարզադաշտ յոթ կնոջ ուղեկցությամբ:

Ֆուտբոլիստները մտածել են, որ իրենց կհաջողվի խուսափել աղմուկից, քանի որ մինչ այդ փորձել են հնարավորինս թաքուն անել ամեն ինչ: Նրանք նույնիսկ հեռախոսներն են գիտակցաբար թողել տանը, բայց մոռացել են տեսախցիկների մասին: Միջադեպի մասնակիցները մարզադաշտից հեռացել են առավոտյան հինգին: Ակումբի ներսից պնդում էին, որ կարողացել են հարթել խնդիրը, սակայն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, երբ երեկոյի հերոսներից մեկին մեղադրանք են առաջադրել սեռական ոտնձգության կասկածով:

«Բրանի» մարզիչը տեղի ունեցածն անվանել է «զզվելի» և խոստովանել, որ տարվա սկզբին նույնպես նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել խաղացողների մասնակցությամբ:

«Անասելի հիասթափված եմ նրանից, որ որոշները չեն հարգում ու պահում կանոնները: Սա այն չէ, ինչ ակումբը սպասում է իր խաղացողներից:  Պարզապես ծիծաղելի է: Տարիներ են պետք այս սխալն ուղղելու համար: Մեծ ակումբ ենք, որով մարդիկ պետք է հպարտանան: Հիմա մենք 0 վստահություն ունենք»,- ասել է մարզիչը:

Խաղացողներից մեկին, որի անունը չի հրապարակվում, ոստիկանությունը սեռական ոտնձգության կասկածով մեղադրանք է առաջադրել, իսկ ակումբի գլխավոր տնօրենը խոստացել է օգնել իրավապահ մարմիններին քննության ընթացքում:

«Եթե ինչ-որ մեկը տուժել է ստադիոնում, ապա մենք պետք է ներողություն խնդրենք: Այն, ինչ տեղի է ունեցել, անթույլատրելի է: Եթե հանցանք է տեղի ունեցել, ապա մեղավորը պետք է պատժվի»,- ասել է Վիբեկե Յոհաննեսենը և հավելել, որ խաղացողներին ստուգելու են և փորձելու են պարզել, թե արդյոք երկույթի ընթացքում օգտագործել են թմրամիջոցներ կամ արգելված այլ միջոցներ:

«Նրանք հարբած են եղել, գնացել են ստադիոն ու այնտեղ երկույթ կազմակերպել: Մենք նաև գիտենք, որ լուրեր են պտտվում, որ արգելված թմրամիջոցներ են օգտագործել: Դրա համար ստուգելու ենք խաղացողներին: Ցավալի ու տխուր օրեր են ակումբի համար»,- ասել է տնօրենը:

Երկրպագուները նույնպես բուռն են արձագանքել տեղի ունեցածին: Նրանք «Սենդեֆյորդի» հետ տնային խաղի ժամանակ սուլել են տրիբունաներից, իսկ ստադիոնի պատերից մեկի վրա կարճ ժամանակով պաստառ են փակցրել, որի վրա գրված է եղել. «սրիկա»:

Նշված խաղում «Բրանը» հաղթեց 3:2 հաշվով: Սովորաբար հաղթանակների դեպքում երկրպագուները բուռբ են տոնում, այս դեպքում տրիբունաներում լռություն էր: Ասում են, որ թիմի մի շարք խաղացողներ արտասվել են այն բանից հետո, երբ միջադեպի մանրամասները դուրս են եկել ջրի երես: