«Բարսան» դեռ միլիոններ է պարտք Մեսսիին. Ակումբը հրաժարվել է Լա Լիգայի առաջարկից

Օրեր առաջ Լիոնել Մեսսին ստիպված եղավ «Բարսելոնան» փոխել «Պարի Սեն Ժերմենով»: Տեղափոխությունն, ըստ ամենայնի, չէր կայանա, եթե կատալոնական ակումբը չունենար ֆինանսական խնդիրներ: Արգենտինացին այլևս «Բարսայի» ճամբարում չէ, բայց նրա անվան ու «կապտանռնագույնների» շուրջ տեղեկություններն ու վերնագրերը չեն իջնում միջազգային հեղինակավոր պարբերականներից էջերից:

Պարզվում է՝ «Բարսելոնան» դեռ միլիոններ պետք է վճարի Մեսսիին: Անցած մրցարջանում արգենտինացին ու թիմակիցները համաձայնեցին ավելի ուշ ստանալ աշխատավարձերի կեսը՝ փորձելով օգնել ակումբին դժվար պահին: Ակումբն հիմա ընդհանուր հաշվով խաղացողներին պարտք է 104 միլիոն ֆունտ: Պարզ չէ, թե ինչպես են կողմերը փորձելու լուծել հարցը:

Մինչ Մեսսին հարմարվում է նոր միջավայրին և պատրաստվում է նորամուտին «Փարիզի» կազմում, «Բարսելոնան» հասցրեց մերժել Լա Լիգայի առաջարկն ու հրաժարվեց հավելյալ, չնախատեսված եկամուտից մոտ 238 միլիոն ֆունտի չափով: Գործարքի պայմանները ձեռնտու չեն «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ Լա Լիգան ու ամերիկյան CVC ներդրումային ֆոնդը 2,3 միլիարդ ֆունտի հասնող գործարք են իրականացրել: Լիգան գումարը պետք է բաշխի իսպանական երկու առաջատար լիգաների ակումբների միջև:

«Բարսելոնան» այդ գումարից պետք է ստանար 238 միլիոնը, որից 36 միլիոնն ակումբը պետք է ծախսեր պարտքը վերանայելու հարցի, 166 միլիոն ֆունտը պետք է ծախսեր «Նու Կամպը» վերակառուցելու, իսկ 36 միլիոն ֆունտը խաղացողների աշխատավարձերի վրա:

Գործարքն ենթադրում է, որ առաջիկա 50 տարում ներդրումային ֆոնդը կստանա իսպանական ֆուտբոլի հեռարձակումներից ստացված եկամուտի 10 տոկոսը: Երեկ «Բարսլենոնան» մերժել է գործարքը, նույնն արել են Մադրիդի «Ռեալն» ու Բիլբաոյի «Ատլետիկը»:

Լա Լիգան իր հերթին հայտնել է, որ կկրճատվի գումարի չափը՝ հասնելով մինչև 1,8 միլիարդ ֆունտ: Հիմա այդ գումարը բաշխելու են բոլոր ակումբների միջև, բացառությամբ նրանց, որոնք հրաժարվել են գործարքը ստորագրելուց: