«Ազգը մեղավոր չէ, կան վատ մարդիկ». Կոբյալկոն՝ Մելիքյանի հետ միջադեպի մասին

Ռուսական լրատվականները շարունակում են գրել Հայաստանում տեղի ունեցած միջադեպի մասին: «Чемпионат» պարբերականը մասնավորապես տեղի ունեցածը համարում է մեծ սկանդալ, մինչդեռ միջադեպի մասնակիցներից Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ավելի վաղ հայտարարել էր՝ «ոչնչից սարքել են հոլիվուդյան կինո»: Ռուսական լրատվամիջոցը ծավալուն հարցազրույց է վերցրել երևանյան թիմի արդեն նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյից, որին ըստ նրա «Զվարթնոցում» ծեծել է Եղիշե Մելիքյանը ու ոչ միայն ինքը: 

— Ինչո՞ւ չդասավորվեցին ձեր հարաբերությունները գլխավոր մարզչի հետ:
— Մելիքյանի հետ գրեթե հասակակիցներ ենք: Ես 35 տարեկան եմ, ինքը՝ 41: Չեմ հասկանում, թե ինչու այդպես եղավ:

— Ինչի՞ց սկսվեց կոնֆլիկտը:
— Մենք երկու անընդմեջ հաղթանակ տարանք: Առաջինում լավ խաղացի, երկրորդում ոչ այնքան, բայց ամենակարևորը հաղթեցինք երկու խաղում: Մելիքյանն ասաց ինձ. «Ուզում եմ փորձարկել այլ հարձակվողի»: Ես նրան ասում եմ. «Ոչ մի խնդիր»: Մելիքյանը խաղերից մեկում ինձ 10 րոպե խաղաժամանակ տվեց, նրա իրավունքն է: Հաջորդ մրցավեճում խաղում ենք սկզբունքային մրցակցի հետ՝ «Արարատ-Արմենիայի». երկու տարի խաղացել եմ այդ թիմում: Եվ այստեղ 0:0 խաղի ժամանակ որոշեց ինձ խաղադաշտ դուրս բերել 88-րդ րոպեին: Ես նման վերաբերմունքի արժանի չէի: Տարիքով ֆուտբոլիստ եմ, 35 տարեկան եմ: Բայց դուրս գալ խաղադաշտ 88-րդ րոպեին նախկին թիմի հետ խաղում… Այո, նա մարզիչ է և ունի դրա իրավունքը: Չեմ կարծում, որ նա դա հատուկ արեց:

— Դուք հրաժարվեցի՞ք մտնել խաղադաշտ:
— Պարզապես ոչ մեծ ցանկությամբ դա արեցի: Ինձ մոտեցան ու ասացին. «Կոբյալկո, պատրաստվիր», իսկ ես այդ պահին ինչ-որ մեկի հետ էի զրուցում: Հետո մոտեցավ Մելիքյանը. «Վերջ, իմ թիմում դու այլևս չես խաղում»:

— Ի՞նչ պատասխանեցիք:
— «Փառք Աստծուն, ես չեմ էլ ուզում ձեզ մոտ խաղալ»:

— Նրան դու՞ր չեկավ, որ խաղադաշտ եք մտնում ոչ մեծ ցանկությամբ:
— Հնարավոր է:

— Հետո ինչպե՞ս զարգացան իրադարձությունները:
— Եզրափակիչ սուլիչը դեռ չէր եղել, նա սկսեց ինձ ուղարկել: Ասում է. «Դու ինչո՞ւ ես ինձ ծաղրում: Ինչպե՞ս ես դու ինձ հետ խոսում»:

— Դա տեղի էր ունենում խաղի ժամանա՞կ:
— Ես պատասխանեցի. «Լավ, կխոսենք»: Բայց այդ պահին նա վիրավորեց իմ մորը:

— Ի՞նչ ասաց:
— «Я от ворот твою маму». Պատասխանեցի նրան. «Օօօ, վերջ, սպասում եմ քեզ հանդերձարանում»: Նա խոստացավ գալ, բայց, ինչպես երևում է, մինչև հիմա գալիս է: Ես սպասեցի նրան 20-30 րոպե, բայց նա այդպես էլ չեկավ:

— Ակումբում որոշեցին բաժանվե՞լ ձեզանից:
— Երկու օր անց զրուցեցի գլխավոր տնօրենի հետ, ամեն ինչ քննարկեցինք, ֆինանսական հարցերն ևս: Սպասում էի մինչև գումարները կհասնեն ինձ: Տոմս վերցրեցի ամիս 20-ի համար: Այդ օրը թիմը խաղ ուներ «Շիրակի» հետ: Մինչև խաղն ես եկա բազա թիմին հրաժեշտ տալու համար:

— Երբ նա ուղարկում էր ձեզ ու խոսում ձեր մոր մասին, ինչ-որ մեկը լսե՞լ է:
— Բոլորը, նույնիսկ երկրպագուները: Գլխավորը՝ լսել եմ ես: Նա տղամարդ է թատերական, էմոցիոնալ, դրա համար շատ բարձր արտահայտվեց:

— Ի՞նչ էիք պատրաստվում անել նրա հետ ի սկզբանե հանդերձարանում. զրուցե՞լ, թե՞ անցնել բռունցքների:
— Երբ մարդն ասում է նման անթույլատրելի բաներ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ որպես պատասխան պետք է ինչ-որ կերպ պատժի:

— Ի՞նչ է նշանակում «պատժել»:
— Չգիտեմ: Նա մեծ մարդ է, կարող էր ասել. «Ես կովկասցի տղամարդ եմ, կարող եմ էմոցիաների տակ ինչ-որ բան ասել, հազար ներողություն»: Գուցե, ամեն ինչ այլ կերպ լիներ:

—  Ասացիք, որ եկել եք բազա թիմին հրաժեշտ տալու: Որտե՞ղ դա տեղի ունեցավ:
— Բազայում ավտոբուսի դիմաց: Այն բանից հետո, երբ տղաներին հաջողություն մաղթեցի, հանդիպեցի Մելիքյանին: Մոտեցա նրան ու ասացի. «Տեսնում եմ՝ մենք չլուծված խնդիր ունենք»: Եվ վերջ: Մենք սկսեցինք նրա հետ զրուցել. «Դուք կարող եք ինձ չսիրել որպես ֆուտբոլիստ, որպես մարդ, բայց վիրավորել իմ մորն ու ինձ… Ինչու դուք իրավունք ունեք այդպես անել»

— Հետո ի՞նչ եղավ:
— Մելիքյանն ասաց, որ ես նրան սադրել եմ նրանով, որ փոփոխության մտա ոչ մեծ ցանկությամբ: Ես նրան պատասխանում եմ. «Դուք ի՞նձ չսադրեցիք տվյալ դեպքում: Ես տարիքով ֆուտբոլիստ եմ, դուք գիտեք ինչպես եմ մարզվում»: Սրանում մարզիչի մոտ հարցեր չկային: Ես ևս մեկ անգամ ճշտեցի, թե ինչով ես նրան այդպես սադրեցի, որ նա որոշեց վիրավորել ինձ ու իմ մորը: Ասացի նրան, որ ինքը պետք է ներողություն խնդրի:

— Դուք գնացիք մի կողմ և զրուցում էիք տետ-ա-տե՞տ:
— Այո, ֆուտբոլիստները նստեցին ավտոբուս, մենք զրուցում էինք երկուսով:

—  Դուք ասացիք, որ Մելիքյանը պետք է ներողություն խնդրի, իսկ ի՞նքը:
— Նա այսպես. «Не, [нифига]: Եվ այդտեղ ես արդեն նրան ապտակեցի:

— Ուժե՞ղ:
— Դե, նորմալ:

— Ինչո՞ւ որշեցիք ապտակել նրան:
— Որովհետև մարդը չընդունեց իր մեղքը: Նա կպավ իմ մորն ու բոլորի առաջ վիրավորեց ինձ: Նա նույնիսկ համարձակություն չունեցավ ներողություն խնդրելու: Այլ կերպ ինչպե՞ս վարվել:

— Ի՞նչ եղավ հետո:
— Ինձ վրա հասավ մարզչի օգնականը: Հետո բարձրացավ նաև Մելիքյանը ու սկսեցին հասնել ինձ, բայց ոչինչ չստացվեց: Հանկարծ վազելով եկան ևս մի քանի հոգի, ինչ-որ աշխատակիցներ: Արդյունքում իմ ետևից էին ընկել հինգ հոգի, բայց չհասան: Դուք ինձ հասկացեք, ես գլադիատոր չեմ, այլ՝ ֆուտբոլիստ: Ինչո՞ւ մտնեմ կռվի մեջ հինգ հոգու դեմ: Նստա տաքսի, գնացի օդանավակայան. թռիչքին դեռ մի քանի ժամ կար:

— Ինչպես կինոյու՞մ: Նստեցիք առաջին պատահած տաքսին և ասացիք արագ գնալ օդանավակայան:
— Ոչ, ինձ արդեն մեքենան սպասում էր: Մի մտածեք, որ ես եկել էի կռվելու: Իհարկե, սպասում էր իրադարձությունների նման զարգացման, բայց հաստատ հատուկ չէր:

— Մելիքյանին համարում եք վախկո՞տ:
— Եթե Մելիքյանը թույլ է տվել իրեն նման արտահայտություններ, ապա պարտադիր պետք է գար ու պատասխան տար ասածի համար, բայց նա չեկավ:

— Դուք տաքսիում եք: Ի՞նչ տեղի ունեցավ հետո:
— Հասա օդանավակայան: Պայուսակներս նոր էի սկսել վերցնել, երբ հասցրեցի նկատել, որ ինձ վրա է գալիս կարմիր մարզաշապիկով տղամարդ: Դա Մելիքյանն էր: Նա հարվածեց ինձ ականջիս շրջանում: Իրարանցում սկսվեց: Մենք սկսեցինք միմյանց հետ հարաբերություններ պարզել, ինչից հետո թիկունքից անսպասելի հարված ստացա գլխիս:

— Ո՞վ հարվածեց ձեզ:
— Չգիտեմ: Տեսել եմ Մելիքյանին ու նրա օգնականին: Հետո վազեցին ոստիկանները, բաժանեցին մեզ ու տարան բաժին: Այնտեղ միանգամից ասացի. «Տղաներ, ոչ մի բողոք չունեմ»:

— Ինչո՞ւ որոշեցիք ցուցմունք չտալ:
— Ինչպես ձեզ բացատրեմ… Մեծացել եմ այնտեղ, որտեղ դա ընդունված չէ: Բարնաուլում իմ ժամանակում մեծացել եմ փողոցում: Այստեղ ուզում էի հարցը տղամարդավարի լուծել, իսկ Մելիքյանին, երևում է, դա նեղացրեց և նա որոշեց  պատասխանել: Թող լինի այդպես: Ես իմ հարցը լուծեցի այլ կերպ, ինձ համար ցուցմունք տալն անընդունելի է: Բողոք չունեմ:

— Ի՞նչ եղավ հետո:
— Թռիչքից ուշացա: Վերադարձա բնակարան, որը վարձով էի վերցրել Երևանում ու ևս մեկ օր մնացի Հայաստանում: Հաջորդ օրը մեկնեցի տուն Ռուսաստան:

— Հաղորդվում էր, որ Մելիքյանի հետ է եղել «Փյունիկի» փոխտնօրեն ու ՀՖՖ գործոմի անդամ Կիմ Առաքելյանը:
— Տեսել եմ Առաքելյանին, երբ գնում էի ոստիկանության բաժին: Նա հենց այդ ժամանակ դուրս էր գալիս այնտեղից: Ասում են՝ նա նույնպես հարվածել է ինձ, բայց ես նրան չեմ տեսել: Հաստատ տեսել եմ Մելիքյանին ու նրա օգնականին: Հարձակվողները, տեսախցիկներից դատելով, հաստատ եղել ենք երեքը: Թե ով է եղել, փոխտնօրենը, թե վարորդը՝ չգիտեմ:

— Մելիքյանի հետ այլևս չեք հանդիպե՞լ:
— Ոչ:

— Ակումբից նույնպե՞ս ոչ ոք չկապվեց:
— Ոչ, և սա նրանց ինչ: Բոլոր հարցերն ակումբի հետ լուծված են, բողոք չկա: Նրանք ամեն ինչ լավ արեցին, բաժանվեցինք շատ լավ:

—  Երբ նստեցիք տաքսի, կարո՞ղ էիք պատկերացնել, որ ձեր ետևից կգան:
— Դրա մասին նույնիսկ մտածել չէի կարող: Մտածում էի՝ արել եմ այն, ինչ պետք է անեի: Լավ, եթե ինձ բռնեին օդանավակայանի մոտ, ապա ես դա ինչ-որ կերպ կհասկանայի: Բայց անմիջապես օդանավակայանում…

— Տեսե՞լ եք Մելիքյանի խոսքերը: Նա հայտարարել է, որ չի վիրավորել ձեզ, իսկ օդանավակայանում նա չի եղել:
— Այդ ամենը սուտ է: Նա իսկական ստախոս է: Երբ տեսա, միանգամից մտածեցի, որ սա տղամարդ չէ, որովհետև տղամարդը չպետք է այդպես անի: Չգիտեմ, հնարավոր է, նա ցանկանում է փրկել իր մարզչական կարիերան, եթե ասում է, որ ինքն այնտեղ չի եղել: Կարելի է տեսախցիկները նայել, այնտեղ ամեն ինչ երևում է: Միթե մարդը դա չի հասկանում:

— Մելիքյանն ասաց, որ անպայման կսեղմի ձեր ձեռքը, եթե հանդիպեք: Դուք կսեղմե՞ք նախկին մարզչի ձեռքը:
— Կբարևեմ հնարավոր է: Ի վերջո նա ինձանից մեծ է, բայց ձեռքը չեմ սեղմի: Մինչև հիմա չեմ կարող հասկանալ, թե ինչ էր ուզում Մելիքյանը. վիրավորել, թե ինչ: Ես նրան չէի խանգարում, կոլեկտիվը չէի տրամադրում նրա դեմ, իմ գործին մոտենում էի պրոֆեսիոնալ կերպով: Չես ուզում խաղադաշտ դուրս բերել խաղացողին՝ քո գործն է: Դրա համար էլ հենց գլխավոր մարզիչ ես: Բայց ինչու բղավել ու վիրավորել: Հաչում է ինչպես շունը, իսկ ինչի համար է դա պետք:

— Մինչ այս ինչպե՞ս էին դասավորվում հարաբերությունները Մելիքյանի հետ:
— Սա իմ առաջին մրցաշրջանն էր թիմում: Ինձ հրավիրել է մեկ այլ մարզիչ, իսկ Մելիքյանն եկավ հունվարին: Հենց սկզբից մեր հարաբերությունները չստացվեցին: Նոր մարզիչը չուներ մոտեցում այնպիսի տարիքով խաղացողի, ինչպիսին ես եմ: Գուցե, զգացնել տվեց նրա փորձի պակասը: Չեմ կարող ասել, որ ես բարդ մարդ եմ: 17 տարվա կարիերայի ընթացքում մարզիչների հետ խնդիրներ չեն եղել: Հայաստանում էլ խաղացել եմ երկու տարի: Հիանալի հարաբերությունների մեջ եմ մյուս մարզիչների հետ: Պրոբլեմ չի եղել, ուր մնաց վիրավորանքներ ու ծեծկռտուք: Մեծերին ես հարգում եմ:

— Աջակցության խոսքեր ստացե՞լ եք:
— Այո, իհարկե: Ինձ շատերն են աջակցում, բայց ինձ դուր չի գալիս ձևակերպումը, որ ինձ վրա հարձակվել են երեք հայ… Հասկացեք, վատ ազգ չի լինում, լինում են վատ մարդիկ: Մելիքյանի հետ կոնֆլիկտ է եղել, բայց ազգը դրանում մեղավոր չէ: Սիրում եմ Հայաստանը: Ապրել եմ երեք տարի, չի եղել ոչ մի խնդիր:

— Ի՞նչ եք պատրաստվում անել:
— 35 տարեկան եմ, բայց դեռ կա ցանկություն ֆուտբոլ խաղալու: Եթե առաջարկ լինի Հայաստանից մեծ հաճույքով կընդունեմ: Վախենալն ու թաքնվելն իմ մասին չէ: Ուզում եմ և ամենագլխավորը կարող եմ խաղալ: