Արթուր Սողոմոնյան. Հայաստանում շատ հարցեր այնպիսի հնչեղություն են ստանում, որ զարմանում ես

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ռաֆայել Հայրապետյանը հայտարարեց, որ վերջապես հայտնվել է մի մարդ, որը կարող է իրենց գործը շարունակել և ինչու չէ՝ նաև իր մեծ ներդրումն ունենալ այդ ամենի մեջ: Ռուբեն Հայրապետյանի որդին հույս հայտնեց, որ ակումբի նոր ղեկավար Արթուր Սողոմոնյանը նույնքան սրտացավ կվերաբերվի ակումբին, որքան իր ընտանիքը։ Անցել է դրանից երեք տարի: Ինչպես են գործերը «Փյունիկում», ինչպես է ակումբի ապագան պատկերացնում Սողոմոնյանը և ինչ քայլեր են ձեռնարկում: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Փյունիկի» սեփականատիրոջ հետ:

 Ներդրումներ, հին ու նոր ծրագրեր, գաղափարախոսություն, արժեքներ

  • Ինչո՞ւ որոշեցիք ներդրում անել ֆուտբոլում:
  • Ի սկզբանե չեմ մտածել պրոֆեսիոնալ ֆուտբոլում ներդրում անելու մասին, բայց բավականին հետաքրքրված եմ եղել: Ավելի շատ մտածում էի ֆուտբոլային դպրոց հիմնելու և մանկապատանեկան ֆուտբոլի կողքին լինելու մասին: Հետո Ջևան Չելոյանցից տեղեկացա «Փյունիկի» տարբերակի մասին: Այդպես ամեն ինչ սկսվեց: Խոսքը Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի մասին էր, ուներ իր ֆուտբոլի դպրոցը: Ասել է, թե նորը ստեղծելու իմաստ չկար: Սկզբում ակումբի նախկին ղեկավարության հետ պայմանավորվեցինք, որ ամեն ինչ ես վերցնում եմ ինձ վրա, իսկ եվրագավաթից ստացվող գումարը կմնա նրանց: Հետո վատացան հարաբերությունները ֆեդերացիայի ղեկավարի հետ, արդյունքում գումար վճարեցինք դպրոցը ձեռք բերելու համար:
  • Ռուբեն Հայրապետյանն ասում էր, որ պատրաստ է հանձնել «Փյունիկը» մեկին, երբ կհամոզվի որ տվյալ մարդու օրոք ակումբը կշարունակի զարգանալ: Արդյունքում այն կարելի է ասել հանձնեց ձեզ: Ինչու վատացան ձեր հարաբերությունները:
  • Ռուբեն Հայրապետյանի ներդրումը «Փյունիկի» ստեղծման և ունեցած հաջողություններում ոչ մի կերպ կասկածի տակ չեմ կարող դնել, բայց կային հարցեր, որոնց հետ ես համաձայն չէի և ընթացքն այլ կերպ էի պատկերացնում: Մասնավորապես չէի հասկանում, թե ինչու պետք է մեր սաները որոշակի ժամանակով գնան ակադեմիա և այնտեղ մնան մեզ համար անհայտ մարզիչների ղեկավարությամբ: Եղել եմ դրսի շատ ակումբներում, ակադեմիաներում և նման բան ոչ մի տեղ չեմ տեսել: Մրցավարության հետ կապված շատ հարցեր կային: Մոտ մեկ տարի անց ես հասկացա, որ հայկական ֆուտբոլում խորքային խնդիրներ շատ կան և կան գործոններ, որոնք թույլ չեն տալիս ինձ իրագործել այն ամենն, ինչի համար ես իրականում որոշել էի մտնել ֆուտբոլային աշխարհ: Կրկնում եմ՝ առաջին հերթին խոսքը վերաբերում էր սեփական դպրոցում ներդրումներ անելուն, մատաղ սերնդի հետ տարվող աշխատանքին և սերունդներ դաստիարակելուն: Ճիշտ է, ինձանից առաջ Ռուբեն Հայրապետյանի օրոք ստեղծվել էր դպրոց, որը լավագույնն էր կարելի է ասել Հայաստանում, խաղացողներ են այնտեղից դուրս եկել: Սրա հետ ոչ ոք չի վիճում, բայց ապագան ես այլ կերպ էի պատկերացնում: Դե իսկ գլխավոր պատճառներից մեկն երևի եղավ այն, որ ես դեմ էի, որպեսզի «Շիրակին» զրկեն ֆեդերացիայի անդամությունից: Հիշում եք հայտնի ժողովը, որին առանց մեր իմացության մասնակցեց մեր ներկայացուցիչը և կողմ քվեարկեց որոշմանը: Հարաբերությունները սրվեցին և արդյունքում եղավ այն, ինչ եղավ:
  • Ո՞րքան վճարեցիք ակումբը գնելու համար:
  • Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին
  • Երկու միլիոն եվրոյից շատ, թե քիչ:
  • Շատ:

Ընթացքում ավելի խորանալով ֆուտբոլի մեջ պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ և պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել

  • Սկզբում շատ ծրագրերից էիք խոսում, բայց չեղավ: Ինչու՞: Մասնավորապես խոսում էիք ակումբի մասնաճյուղերի և մի շարք այլ ծրագրերի մասին:
  • Անկեղծ պետք է ասեմ, որ սկզբում կային հարցեր, որոնց շուրջ այլ էին պատկերացումները: Ընթացքում ավելի խորանալով ֆուտբոլի մեջ պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ և պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել: Այս ընթացքում գոնե ինձ համար պարզ դարձավ, որ հնարավոր չէ զարգանալ, եթե հիմքում չկա գաղափարախոսություն, արժեքներ: Ծրագրերից մենք չենք հրաժարվել և հիմա դրանց իրագործման փուլում ենք: Երևի տեղյակ եք, որ արդեն պատրաստ է Դիլիջանի խաղադաշտը, որտեղ մեր գլխավոր թիմը հասցրել է մարզումներ անցկացնել: Սեպտեմբերին մտադիր ենք շնորհանդես կազմակերպել և հայտարարել, որ սկսում ենք երեխաների ընդունելություն: Այնտեղ կունենանք մեր մանկապատանեկան դպրոցի մասնաճյուղը: Նույնը շուտով կանենք նաև Ստեփանավանում: Ֆեդերացիան այնտեղ խաղադաշտեր է կառուցում: Սպասում ենք ավարտին հասցնեն, որ այնտեղ նույնպես հիմնենք մեր մասնաճյուղը: Արդեն պայմանավորվել ենք մարզիչների հետ: Սա շատ կարևոր է ինձ համար: Գիտեք որ ևս երկու մասնաճյուղ ունենք, մեկն օրինակ Մրգաշատում:

  • Այս ընթացքում հասցրել եք միլիոնավոր դոլարներ ծախսել: Ինքներդ գործարար եք և պարզ է, որ միայն կորուստներ եք կրում: Ինչո՞ւ եք այս ամենն անում:
  • Այո, ճիշտ եք, բայց ես ուզում եմ՝ ինձ ճիշտ հասկանաք: Իհարկե ցանկալի կլիներ, որ ֆուտբոլը Հայաստանում լիներ շահութաբեր, սակայն դրա համար պետք են անհրաժեշտ պայմաններ, միջավայր և այլն: Ես գիտակցելով եմ այս ամենն անում և ինձ համար առաջնայինը ամուր հիմք դնելն է, արժեք ստեղծելը: Եթե դա չկա, ապա ինչ-որ պահի ամեն ինչ կփլվի: Հիմա մենք աշխատում ենք մեր ակումբի գաղափարախոսության, փիլիսոփայության վրա: Հրավիրել եմ հոգեբանի, որի հետ աշխատում ենք այն ճիշտ ձևակերպելու և այն մերոնց փոխանցելու համար: Պատանիները պետք է հասկանան թե ուր են գալիս և հանուն ինչի: Հայաստանում շատ ակումբների համար առաջին տեղում արագ արդյունքի հասնելն է՝ հիմքում չունենալով գրեթե ոչինչ: Մենք այլ ճանապարհ ենք ընտրել՝ գիտակցելով, որ Հայաստանում ֆուտբոլն առաջ չի գնա, երբ շրջաններում նման պատկեր է: Որպես կանոն բոլոր լավագույնները հենց այնտեղից են դուրս գալիս, դա միջազգային փորձն է նաև ցույց տալիս:
  • Ամեն դեպքում, որքա՞ն եք պատրաստ համբերել՝ հաշվի առնելով նաև այն, որ շատ ներդրողներ հաստատ ձեզ չեն հասկանա:
  • Ես զարգացման այլ ճանապարհ չեմ տեսնում: Կարծում եմ՝ սա այն ուղին է, որով պետք է առաջ գնանք: Ես հարգանքով եմ մոտենում բոլոր նրանց, որոնք ներդրում են անում հայկական ֆուտբոլում, բայց դժվար է զարգանալ առանց հիմք ունենալու: Պետք է լինի արժեք, գաղափար, որի շուրջ կհամախմբվեն: Ճիշտ է, հիմա այնպիսի ժամանակահատվածում ենք, երբ հնարավոր չէ ասել, թե վաղն ինչ կլինի: Համավարակն իր ազդեցությունը թողեց, բիզնեսի իմ ոլորտն էլ թերևս ամենատուժվածներից մեկն է այս ընթացքում: Կորուստներ կան, բայց մյուս կողմից ես չեմ պատրաստվում կանգ առնել: Եթե սկսում եմ մի գործ, ամեն ինչ անում եմ այն ավարտին հասցնելու համար: Հուսով եմ՝ մեզ մոտ կստացվի:

«Փյունիկը», նոր խաղադաշտը, տրանսֆերները, մարզիչը

  • «Փյունիկ» ակումբ, որ ֆուտբոլին տվել է Մխիթարյան։ Այդ բրենդը Ձեզ օգնո՞ւմ է։ 
  • «Փյունիկի» դպրոցը շատ ֆուտբոլիստներ է տվել հայկական ֆուտբոլին, բայց Եվրոպայում շատ քչերն են հայտնվել: Սա ինձ համար խնդիր է և ես կուզենայի, որ հնարավորինս շատ հայ խաղացողներ հայտնվեն եվրոպական բարձրակարգ թիմերում: Սակայն դա հենց այնպես չի լինում: Համակարգ պետք է գործի, երբ խաղացողը միշտ ձգտի կատարելագործման: Մեզ մոտ այնպես ենք ծրագրել, որ դպրոցում նախապատվությունը տալու ենք այն պատանիներին, որոնք միշտ կապահովեն աճ: Կապ չունի տաղանդը: Եթե կտեսնենք, որ համեմատաբար ավելի տաղանդավոր երեխան մեկ տարի անց նույն վիճակում է, իսկ մյուսը մեկ տարի անց իր խաղով ու վարքով առաջընթաց ունի, նախապատվությունը կտանք վերջինիս: Վառ օրինակ են Էդգար Մանուչարյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Փաստացի Էդգարն իր տաղանդով չէր զիջում, սակայն «Այաքս» տեղափոխվելուց հետո նրա խաղում էական փոփոխություն չեղավ: Հակառակը կարելի է ասել Մխիթարյանի մասին, միշտ ձգտել է կատարելագործման: Արդյունքը բոլորիս աչքի առաջ է: Սա պետք է կարողանանք սերմանել մեր երեխաների մեջ: Պատրաստվում ենք այս գործընթացին ներգրավել նաև Մխիթարյանին: Նա կլինի մեկը նրանցից, որը կփորձի հենց իմ նշած գաղափարի ու արժեքների կարևորությունը փոխանցել մատաղ սերնդին: Մտադիր ենք նաև ֆուտբոլային դասարան ստեղծել, որտեղ այլ առարկաների կողքին երեխաները կուսումնասիրեն ֆուտբոլի պատմությունն ու հայկական ֆուտբոլի պատմությունը: Ի դեպ, լավ է որ արդեն ընդունվել է ակումբներին փոխհատուցելու կարգը կապված սեփական կադրերի հետ: Ճիշտ է, խոսքը մեծ գումարների մասին չէ, բայց քայլն արված է և դա լրացուցիչ շարժառիթ է ակումբների համար, որոնք աշխատանք են տանում՝ աճեցնելով ֆուտբոլիստներ:
  • Այս ամենին զուգահեռ փորձում եք նաև գումարներ գեներացնել, մասնավորապես տրանսֆերներից: Առաջիններից մեկը Պետրոս Ավետիսյանի տեղափոխությունն էր:
  • Սա հայկական ֆուտբոլի մեկ այլ խնդիր է: Հայաստանում ինչպես էր՝  խաղացողը գալիս էր և ասում խզեք պայմանագիրս ես գնում եմ, իսկ դա նորմալ չէ: Այստեղ ավելի շատ գումարի մասին չէ խոսքը, քան մոտեցման: Կարծում եմ՝ լավ ավանդույթի հիմք դրեցինք և ուրախ եմ, որ արդեն նման մի շարք գործարքներ են տեղի ունեցել հայկական ֆուտբոլում: Ես տեղյակ եմ, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունեցել իրական տրանսֆերներ:
  • Օրինակ:
  • Էթիկայի կանոններից ելնելով թույլ տվեք անուններ չնշել: Օրինակ մենք ցանկանում էինք խաղացողի հրավիրել, առաջարկ արեցինք, բայց մեկ այլ ակումբ կարողացավ առաջ անցնել մեզանից և ձեռք բերեց այդ ֆուտբոլիստին: Ճիշտ է, կուզենայինք որ այդ ֆուտբոլիստը տեղափոխվեր «Փյունիկ», բայց մյուս կողմից ուրախացրեց հենց այն, որ ինչ-որ բան այս առումով փոխվել է:
  • Անուն չեք նշում, գոնե ասեք որքա՞ն էիք պատրաստ վճարել այդ խաղացողի տրանսֆերի համար:
  • 50 հազար մենք առաջարկեցինք, մեկ այլ ակումբ 60 հազար և կարողացավ ձեռք բերել խաղացողին: Էլի եմ կրկնում այստեղ ավելի շատ գումարի չափը կարևոր չէ, որքան երևույթը:

Մտադիր ենք ստեղծել ազգային թիմ՝ իր գաղափարախոսությամբ և արժեքներով

  • Այս ընթացքում Էրիկ Վարդանյանը տեղափոխվեց «Սոչի», վերջերս Արմեն Մանուչարյանը նույնպես համալրեց ռուսական «Ռոտոր»:
  • Այո, շատ կարևոր է, որպեսզի հայ խաղացողները զարգանան՝ խաղալով բարձրակարգ առաջնություններում: Բնական է, միջազգային ասպարեզում արդեն տրանսֆերների հետ կապված նման խնդիրներ չկան: Ամեն ինչ գործում է այնպես, ինչպես պետք է: Վարդանյանի տրանսֆերի դիմաց բավականին լավ գումար ստացանք, դա մեզ շատ օգնեց: Հուսով եմ՝ Էրիկի մոտ ամեն ինչ լավ կստացվի: Տաղանդավոր ու շնորհալի խաղացող է: Ինչ վերաբերում է Արմեն Մանուչարյանին, ապա տրանսֆերն այնպիսի ժամանակահատվածում տեղի ունեցավ, որ պետք էր որոշակի զիջումների գնալ՝ համավարակ, ֆինանսական հարցեր և այլն: Հասկանում էինք, որ խաղացողի համար լավ հնարավորություն է կարիերայում քայլ առաջ անելու համար և տեղին չէր լինի, եթե լրացուցիչ պայմաններ թելադրեինք: Բաց թողեցինք նրան առանց փոխհատուցման: Նրան նույնպես մաղթում եմ հաջող կարիերա: Միայն կուրախանանք նրանց ցանկացած հաջողությունից:  Մյուս կողմից սրանք կորուստներ են մեզ համար և անհրաժեշտ է լրացնել նրանց տեղը: Հնարավորության դեպքում փորձում ենք մեր շարքերը համալրել մեր կադրերով, հայ ուժեղ ֆուտբոլիստներով և միայն վերջիններիս պակասն է ստիպում մեզ դիմել լեգեոների օգնությանը: Կրկնում եմ՝ ընտրել ենք մի ընթացք, որ ապագայում կարողանանք հարցը լուծել: Մտադիր ենք ստեղծել ազգային թիմ՝ իր գաղափարախոսությամբ և արժեքներով: Նույն Գասպերը, երբ ստեղծում էր «Բարսելոնան», քաղաքում երեք թիմ կար: Մարդն ի սկզբանե դրեց հիմքը և ստեղծեց ակումբ, որն ապագայում անցնելու էր բոլորին: Դա հենց այնպես չեղավ, փոխարենը նշված երեք թիմերը չկան, իսկ «Բարսելոնան» շարունակում է բարձունքներ նվաճել: Նույն Բիլբաոյի «Ատլետիկը», որտեղ հիմքում ընտանեկան արժեքներն են, սեփական սանը միշտ առաջին տեղում է նրանց համար: «Բարսելոնայում» պետք է ակտիվ լինես, աշխույժ: Հակառակ պարագայում այնտեղ անելիք չունես: Ես շատ ակումբների փիլիսոփայություն եմ ուսումնասիրել և այն համոզմանն եմ, որ առանց դրա ոչինչ չի ստացվի ֆուտբոլում:

  • Ազգային թիմ՝ առանց խաղադաշտի՞: Սեփական ստադիոն էիք ուզում կառուցել, բայց այդ հարցն էլ կարծես մնաց առկախ: Եթե չեմ սխալվում մտադիր էիք խաղադաշտը կառուցել ձեր ներկայիս դպրոցի հարակից տարածքում:
  • Այո, դա անհրաժեշտություն է և ընդհանրապես հայկական ֆուտբոլի ևս մեկ ցավոտ կողմ: Աղետալի վիճակ է այս առումով: Ինձնանից լավ գիտեք, որ թիմերից շատերն են այսօր կանգնած այդ խնդրի առաջ: Մենք ստիպված էինք նույնիսկ եվրագավաթային խաղերն անցկացնել Գյումրիում: Ճիշտ է, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար, երկրպագուներից ենք շնորհակալ մեզ լավ աջակցելու համար, բայց փաստն այն է, որ ամեն դեպքում դա մերը չէր:
  • Գյումրիում խաղացիք և հաջողություններ ունեցաք, Երևանում միանգամից ձախողվեցիք:
  • (Ծիծաղում է) Դե հա, բայց հասկանում եք՝ ես ինչ ի նկատի ունեմ: Բացի դրանից մի մոռացեք, որ թե որ փուլում խաղացինք Երևանում և ում դեմ:
  • Վերադառնանք մարզադաշտի կառուցմանը:
  • Այո: Ինչպես նշեցի մենք չենք հրաժարվել այդ մտքից և ցանկացած ակումբ պետք է ունենա իր տունը: Ընտանիքը պետք է ունենա իր բնակարանը: Ճիշտ եք, խոսքը գնում է մեր դպրոցի հարակից տարածքի մասին, որը պատկանում է պետությանը: Այն նախատեսված է մարզական ենթակառուցվածքի համար: Հիմա մեկ այլ սեփականատերի տնօրինության տակ է: Հարցը քննարկման փուլում է, հուսով ենք ի վերջո լուծում կստանա և մենք կկարողանանք անցնել կոնկրետ գործի: Մտադիր ենք կառուցել զուտ ֆուտբոլային խաղադաշտ: Իհարկե խոսքը չի գնում բիզնես ծրագրի մասին, այլ պարզապես մեր ցանկությունն է ունենալ տուն՝ իր ֆուտբոլային հարմարություններով: Ցավոք զուտ ֆուտբոլային խաղադաշտ Հայաստանում չկա: Թերևս այս առումով կարելի է առանձնանցել «Ուրարտուի» խաղադաշտը: Նույնիսկ «Հանրապետականը» այդպիսին չէ: Խոսքն առանց վազքուղիների, խաղադաշտին մոտ տրիբունաներով մարզադաշտի մասին է: Շատ կարևոր է, մթնոլորտը լրիվ այլ է: «Օլդ Թրաֆորդում» խաղի եմ ներկա եղել, լսում էի թե ինչպես են խաղացողները շնչում, ինչ են խոսում: Լրիվ այլ զգացողություն է և այլ հաճույք:
  • Լսելով հիմա ձեզ և հիշելով, թե ինչ լուրեր էին պտտվում ամիսներ առաջ ակումբի շուրջ՝ ինձ համար պարզ չէ, թե իրականում ինչ էր կատարվում: Նոր սեփականատերի մասին էր խոսք գնում: Տպավորություն էր կարծես ցանկանում եք թողնել ակումբը:
  • Հայաստանն այս առումով նույնպես յուրահատուկ երկիր է: Շատ հաճախ շատ հարցեր այնպիսի հնչեղություն են ստանում, որ զարմանում ես: Իրականում ահավոր ոչինչ չի կատարվել, բայց լուրերը, խոսակցությունները այնպես են տարածվում, որ կարծես անդառնալի բան է տեղի ունեցել: Բոլորի համար ծանր ժամանակահատված էր, համավարակ, ֆինանսական խնդիրներ և այլն: Մարդը, որի մասին երևի տեղյակ եք այդ ժամանակ իր օգնությունն առաջարկեց և ես ընդունեցի: Ասաց որ պատրաստ է ֆինանսապես օգնել ակումբին մինչև իրավիճակը կշտկվի: Ես ընդունեցի օգնությունը, բայց կարճ ժամանակ անց պարզվեց՝ գործ ունենք սովորական խաբեբայի հետ, որն առաջին հնարավորության դեպքում գումարներ հանեց ակումբի հաշվից:
  • Պարոն Սողոմոնյան լուրջ բիզնեսմեն եք: Միթե կյանքում այդպես լինում է, որ մեկը գա ու հենց այնպես որոշի օրինակ ինչ-որ իքս գումար նվեր տա:
  • Այո, հասկանում եմ ինչ ի նկատի ունեք: Մի կողմից լավ չէ, որ նման պատմություն եղավ, բայց նույնիսկ դրանից է մարդ սովորում: Մյուս կողմից հարցը մարդկայինի տիրույթում էր և ես հավատացի, բայց պարզվեց՝ պետք չէր: Այս պատմության մեջ թերևս ամենացավալին այն էր, որ ակումբի ներսում եղան մարդիկ, որոնք առաջին հնարավորության դեպքում որոշեցին դեմ դուրս գալ: Կան մարդիկ, որոնք քո կողքին են, դու նրանց վստահում ես, բայց նրանք հնարավորության դեպքում փորձում են իրենցը պոկել: Անցած պատմություն է, ինձ համար լրացուցիչ փորձ:
  • Փաստաթղթեր կային:
  • Դրանք իրենցից ոչինչ չէին ներկայացնում: Երբ ես ընդունում էի տվյալ անձնավորության օգնությունը, պարզապես պայմանավորվեցինք, որ ներդրում անելուց հետո ինքը իրավունք կունենա մասնակցել ակումբի ղեկավարման մի շարք հարցերում և ոչինչ ավելին: Ընթացքում մարդիկ հասկացան, որ ճիշտ ճանապարհ չեն ընտրել և ներողություն խնդրեցին:
  • Ներե՞լ եք:
  • Այո, իհարկե: Ես ներողամիտ մարդ եմ, բայց ներել ինչ առումով եմ ասում: Կյանք է, որի ընթացքում անընդհատ պետք է սովորես ու դասեր քաղես, որպեսզի երկրորդ անգամ նույն գետը չմտնես: Ընդհանրապես ֆուտբոլն այդ առումով ինձ որպես գործարարի շատ է օգնել: Պատկերացրեք նույնիսկ իմ բիզնես ոլորտում շատ հաճախ օրինակներ եմ բերում ֆուտբոլից և հակառակը: Փոխկապակցված բաներ են:

Պետք է լինեն չափորոշիչներ, պետք է հասկանաս ու պատկերացնես ինչ ես ուզում և դրան հասնելու համար ինչ քայլեր պետք է անես

  • Գյուլբուդաղյանցից հետո վերջերս կրկին տեղի մասնագետի վստահեցիք: Սա ինչով կբացատրեք:
  • Շատ կարևոր հարց է: Ինչպես արդեն նշել եմ, երբ մուտք էի գործում ֆուտբոլ շատ հարցերի խորությամբ չէի նայում: Ընթացքում ամեն ինչ սկսում ես հասկանալ ու ավելի խորը վերլուծել: Հենց սրա մասին է խոսքը, երբ խոսում եմ մեր ընտրած ճանապարհի մասին: Պետք է յուրաքանչյուր քայլ լինի կշռադատված, մտածված ու հիմնավոր: Պետք է լինեն չափորոշիչներ, պետք է հասկանաս ու պատկերացնես ինչ ես ուզում և դրան հասնելու համար ինչ քայլեր պետք է անես: Անկեղծ կասեմ, որ մինչ այս մարզիչ ընտրել եմ՝ ելնելով անունից՝ լսելով  այս կամ այն մարդու խորհուրդը՝ մինչև վերջ չխորանալով հարցի էության մեջ: Ֆուտբոլում մանրուքներ չկան: Խնդիրը ոչ թե հայ մասնագետ հրավիրելն է, այլ այս որոշումը կայացնելիս լուրջ քննարկում ենք արել առանց անունների: Մեր աշխատակազմով կազմեցինք 5 կետից կազմված ցուցակ, թե ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի մեր մարզիչը և սկսեցինք փնտրել: Սկզբնական ցուցակում ունեինք յոթ թեկնածու: Դա էլ ասեմ, որ Արտակ Օսեյանի թեկնածությունը հենց սկզբից նույնիսկ չենք դիտարկել:  Փնտրում էինք և հասկացանք, որ այն կետերը որոնք մեզ համար առաջնային են, լիարժեք համապատասխանում են հենց Օսեյանին: Նրա հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նա այն մարզիչն է, որը մեզ պետք է: Երիտասարդ մասնագետ՝ բավականին լավ փորձով, հետո շատ լավ ճանաչում է մեր տղաներին: Կարևորը է ինձ համար, որ մարզիչը հասկանա թե ինչ խնդիր է լուծում ակումբը և ինչի համար ենք ի վերջո բոլորս աշխատում: Գլխավոր թիմի մարզչից շատ բան է կախված:

Հայաստանի առաջնությունը, ձևաչափը, մրցավարությունը

  • Ի՞նչ խնդիր է դրված հիմա թիմի առջև:
  • Մենք հիմա փորձում ենք ցույց տալ, թե ինչ պետք է անել զարգանալու համար: Նայում ենք ապագային և ամուր հիմք ենք ուզում գցել: Թե որքանով է իրատեսական այն ամենն, ինչ ասացի սկզբում, ցույց կտա ընթացքը: Ամեն դեպքում մենք այն համոզմանն ենք, որ սրան պարզապես այլընտրանք չկա: Հաղթանակներն ու հորիզոնականները պակաս կարևոր չեն, բայց հուսով եմ ինձ ճիշտ կհասկանան բոլոր նրանք, որոնք ցանկանում են ինչ-որ առաջընթաց տեսնել: Ճիշտ է, խնդիրները շատ են ու բազմաշերտ, բայց տեղում կանգնելով ոչնչի չես հասնի: Այո, հորիզոնականների կորուստներ, ինչպես նաև ֆինանսական կլինեն, բայց եթե միայն դրա մասին մտածենք, ապա այդ դեպքում որն է լուծումը: Խոսեցի գաղափարախոսության, փիլիսոփայության և արժեքների մասին: Շատ խորը հարց է, որի մասին մոտ ապագայում կհայտարարենք: Մտադիր ենք հանդիպում կազմակերպել և բոլորին հասցնել այն ամենն, ինչը պետք է լինի մեր գործի հիմքում:
  • Գո՞հ եք առաջնության ձևաչափից:
  • Մենք քվեարկել ենք հենց այս տարբերակի օգտին: Լավ կլիներ, որ 12 թիմ գոնե ունենայինք: Հիմա այնպես է ստացվում, որ երրորդ շրջանում կլինեն թիմեր, որոնք որոշակի առավելություն կունենան կապված տանը խաղալու հետ, բայց երբ նայում ես թե քանի թիմ է ներկայացնում Երևանը, արդեն հարցը գրեթե դուրս է գալիս օրակագից: Բացառությամբ «Շիրակի», «Լոռիի» և «Վանի» բոլորը խաղում են Երևանում և այստեղ մի քիչ բարդ է խոսել ներսի և դրսի շատ մեծ տարբերության մասին:
  • Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ կան: Ձեզ գոհացնո՞ւմ է ուղեցույցը, որը ներկայացրել է ՀՖՖ-ն:
  • Ռիսկեր միշտ էլ կան՝ հաշվի առնելով այն, թե ինչպես կարող է իրավիճակը փոխվել մեկ ակնթարթում և հնարավոր չէ ամեն ինչ ի սկզբանե հաշվի առնել: Մյուս կողմից կան սահմանափակումներ, որոնք մի փոքր անհասկանալի են: Օրինակ այն, որ հանդերձարան չէր կարելի մուտք գործել: Գոհ լինել-չլինելու հարց չկա: Պետք է փորձենք համատեղ ուժերով հաղթահարել բարդ իրավիճակը: Շատ ցավալի է, որ երկրպագուները չեն կարող ներկա գտնվել հանդիպումներին, իսկ առանց նրանց տեսնում ենք, որ ֆուտբոլը կորցնում է իր իրական փայլն ու հմայքը: Հուսով եմ՝ արտակարգ դրության ավարտից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը:
  • Խոսեցիք մրցավարությունից: Ինչ-որ բան փոխվե՞լ է:
  • Առաջնության ընթացքը ցույց կտա: Կարևորում եմ այն, որ ֆեդերացիայի նախագահը հիմա չի ասում չէ խնդիր չկա, ինչպես նախկինների դեպքում: Սա լավատեսության առիթ է տալիս: Տեսնենք: Ինքներդ երևի գիտեք ու տեսել եք, թե ինչեր են տեղի ունեցել այս ընթացքում: Բազմիցս ենք քննադատել, եղել են դեպքեր, երբ իմ կարծիքով միտումնավոր մրցավարներն աշխատել են մեր դեմ: «Ուրարտուի» հետ կապված պատմությունը, մեզ հետ կապված պատմությունը և այսպես շարունակ: Եղել են խաղեր, երբ մեզ համար պարզ է եղել, որ մրցավարը կոնկրետ աշխատում է, որպեսզի ոչ-ոքի գրանցվի: Օրինակ «Փյունիկի» և «Ուրարտուի» միջև կայացած խաղը, որից հետո Չելոյանցն ասաց, որ եթե այդ մրցավարը կրկին նշանակվի իր թիմի մասնակցությամբ խաղին, ապա ինքը թիմը դուրս կբերի խաղադաշից ու պահեց իր խոստումը:
  • Բայց միտումնավորության մասով թերևս դուք եք պնդում: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
  • Ես համոզված եմ, որ այդ ժամանակ այդ ամենը ղեկավարվում էր ֆեդերացիայից դուրս: Հուսով եմ՝ գնալով խնդիրը կլուծվի և մենք այլևս չենք խոսի նման տհաճ թեմաների մասին: Արդարություն պետք է լինի: Մրցավարն էլ կարող է սխալվել, բայց կարևորը որ այդ սխալը միտումնավոր չլինի: Օրինակ՝ իմ կարծիքով վատ է, որ Կարեն Նալբանդյանը մինչև հիմա ֆեդերացիայում է, որը մինչ այդ կորպուսի ղեկավարն էր: Ավելի լավ է անփորձ մեկը լինի, սխալվի ու սովորի այդ սխալի վրա, քան լինի փորձառու և սխալվի միտումնավոր:
  • Մրցավարական կորպուսը լեհ է ղեկավարում:
  • Այո, բայց հասկանում ենք չէ, որ շատ հարցերում ինքը ստիպված է լսել հայերին ու նրանց խորհուրդները:
  • Խոսքը ֆուտբոլային խաղադաշտում տեղի ունեցած դրվագների մասին է, որոնց ֆեդերացիան կոնկրետ արձագանքում է՝ ներկայացնելով պարզաբանումներ և գրեթե միշտ արդարացնելով հենց մրցավարների որոշումները: Այդ դեպքում ինչի համար է այնտեղ լեհ մասնագետ նստած:
  • Ուզում եմ ասել, որ շատ հարցերի նա պարզապես չի կարող տիրապետել կապված հայկական ֆուտբոլի հետ և դա էլ թողնում է իր ազդեցությունը: Ցավոտ թեմա է, հուսով եմ արդեն այս առումով ընտրել ենք առողջացման ճանապարհը:
  • Անցած տարի բուռն կերպով բողոքում էիք, որ «Փյունիկին» զրկեցին չեմպիոնությունից: Այս տարի «Շիրակն» է պնդում, որ «Նոայի» հետ խաղում խանգարեցին թիմին պայքարել չեմպիոնության համար: Կարո՞ղ ենք պնդել, որ դրական տեղաշարժ դեռ չկա:
  • Եթե «Լոռի» — «Փյունիկ» խաղի մասով ես համոզված եմ, որ միտումնավոր ամեն ինչ արվեց, ապա «Նոա» — «Շիրակ» խաղի հետ կապված նույնը պնդել չեմ կարող, քանի որ թեմային մոտ կանգնած չեմ, բայց այդ խաղում գրանցված առաջին գոլի դրվագի հետ կապված կարծում եմ, որ մրցավարը մինչև վերջ չկատարեց իր աշխատանքն ու սխալվեց: Ընդամենն օրեր անց նման դրվագ տեղի ունեցավ Իսպանիայի առաջնությունում և մրցավարը սուլեց և ստիպեց թիմին կրկին սկսել նշակետից:
  • ՀՖՖ-ն արձագանքեց այդ դրվագին և պաշտոնապես հայտարարեց, որ մրցավարը չի սխալվել և գործել է կանոններին համաձայն:
  • Կրկնում եմ՝ ընդամենն օրեր անց Իսպանիայում նման դրվագ տեղի ունեցավ և մրցավարը հետ կանչեց խաղացողին: Ֆուտբոլիստն ընկած էր և մրցավարը պետք է դա հաշվի առներ: Այնպես, որ հասկանում եմ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանին, մեկ տարի առաջ ես էի նրա վիճակում և հաստատ չէի ուզենա այդ օրը լինել «Նոայի» ղեկավարի դերում:
  • Իսկ եթե լինեիք, ի՞նչ կանեիք:
  • Եթե լինեի, ապա կփորձեի հարցին տեղում լուծում տալ: Կառաջարկեի չեղյալ համարել գոլը կամ ընդհանրապես ինչպես են անում նման դրվագներում: Շատ հաճախ սեփական դարպասը գոլ են բաց թողնում՝ վերականգնելով արդարությունը: Ամեն դեպքում ես չէի ուզենա, որ իմ թիմը հաղթեր նման կերպ: Փաստորեն որոշիչ խաղ էր և իմ կարծիքով այդ դրվագը ճակատագրական եղավ «Շիրակի» համար, հոգեբանորեն բարդ էր նրանց համար: Ճիշտ է, ես «Փյունիկի» ղեկավարն եմ, բայց անկեղծ ուրախ էի, որ մարզը ներկայացնող «Շիրակը» կարողացավ նման ընթացք հավաքել և տխրեցի, երբ ամեն ինչ այդպես ավարտվեց:
  • Գործկոմի անդամներից մեկը դադարեցրել է գործունեությունը, որն ի դեպ մրցավարական կոմիտեի նախագահն էր: Հայտնել է, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չի համարում շարունակել գործունեությունը, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ, որոնց խաղերը եղել են պայմանավորված:
  • Ճիշտն ասած՝ տեղյակ չէի: Ինչու՞:

Տիգրան Հակոբյանի գրառումը կարդալուց հետո

  • Ինչպես երևում է գործընթացներ են ընթնանում: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:
  • «Փյունիկը» նույնպես իր ներկայացուցիչն ունի գործկոմում: Գո՞հ եք աշխատանքներից:
  • Այո, իհարկե: Օրինակ յուրաքանչյուր ժողովից առաջ Ալբերտ Սարգսյանի հետ քննարկում ենք հարցերը և նիստի ժամանակ նա ներկայացնում է «Փյունիկի» դիրքորոշումը: Այս առումով նաև նկատեմ, որ վատ է, երբ մարզերը ներկայացնող «Շիրակն» ու «Լոռին», որոնք Երևանի առաջնությունը դարձնում են Հայաստանի առաջնություն, չունեն իրենց ներկայացուցիչները գործկոմում:

Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու մասին

  • Մեզ պրոֆեսիոնալ լիգա պե՞տք է:
  • Եթե հարցը տայիք մի քանի տարի առաջ, ապա կասեի որ ոչ, քանի որ դեռ պատրաստ չենք: Հիմա չեմ կարող ասել, որ լիարժեք պատրաստ ենք, բայց եթե ցանկանում ենք ավելի զարգանալ, ապա դա անխուսափելի է: Ֆեդերացիայի գործառույթներն այլ են, ակումբներինն՝ այլ: Ակումբների ղեկավարներն այլ կերպ են ցանկանում և տեսնում իրենց ապագան:
  • Որքանո՞վ է դա իրատեսական Հայաստանում:
  • Պետք է փորձել ամեն ինչ անել, որպեսզի դա ունենանք: Դրա համար պետք է աշխատել այդ ուղղությամբ, ձգտել պրոֆեսիոնալիզմի, հիմք դնել: Մենք մեր օրինակով ուզում ենք և փորձում ենք ցույց տալ, որ կարելի է և հնարավոր է դա անել: Առանց զոհաբերությունների չի լինում, բայց իրականությունը դա է:
  • Ինչու եմ գոնե ես սա այս պահին անիրատեսական համարում: Հայկական ակումբների ղեկավարներից շատերը մեղմ ասած իրար հետ այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չեն: Օրինակ չեմ պատկերացնում գործող ակումբների ղեկավարներին մեկ սեղանի շուրջ մեկ նպատակի շուրջ խորհելիս:
  • Կա նման բան և ես ցավում եմ դրա համար: Պետք է փորձել խոսել և հանուն գաղափարի, նպատակի շուրջ միավորել ուժերը: Մրցակցությունը մրցակցությունով, բայց կան հարցեր, որոնց շուրջ պետք է համախմբվել: Ափսոս, որ ակումբների ղեկավարներից շատերի պատկերացումները էականորեն տարբերվում են և սա խնդիր է: Իմ կարծիքով չպետք է միտումնավոր բաներ արվեն: Օրինակ այս մասին խոսել եմ և հիմա կկրկնեմ: Միթե ճիշտ էր «Արարատ-Արմենիա» անուն դնելը: Շատ հարգում եմ ակումբի ղեկավարին, գնահատում եմ նրա արածն ու այն ինչ անում է Հայաստանի համար, բայց բոլորիս համար Երևանի «Արարատը» կարելի է ասել սրբություն է: Ես «Արարատի» խաղերի վրա եմ մեծացել, ողջ հայության պարծանքն է: Նման հարցերը նույնպես խանգարում են և առաջին հերթին նման բաները պետք է վերացնել: Պետք է հարգել պատմությունը և շարժվել արդարության սկզբունքով: Չգիտեմ ով ինչպես, բայց ինձ համար դա կարևոր է: Գաղտնիք բացեմ: Այս տարի լրանում է «Արարատի» 85, իսկ հայկական ֆուտբոլի 90-րդ տարեդարձը: Մենք ֆիլմ ենք հիմա նկարահանում հայկական ֆուտբոլի մասին՝ նվիրված 90-ամյա պատմությանը: Պետք է հիշել, գնահատել արժեքները, սկսել նման հարցերից: Ինչ վերաբերում լիգային, ապա հիմա չէի ցանկանա հանդես գալ որպես նախաձեռնող, բայց եթե լինի նման նախաձեռնություն, ապա պատրաստ ենք կլոր սեղանին: Չնայած ասեմ, որ դեռ անցած տարի պատրաստվում էինք մասնագետների հրավիրել Իտալիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի լիգաներից և սեմինար կազմակերպել: Ալբերտինին, որ Սերիա «A»-ում և ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելու մեծ փորձ ունի պատրաստ էր իր գիտելիքներով կիսվել մեզ հետ: Ափսոս ֆեդերացիայի ընտրություններ եղան, հետո կորոնավիրուսն եկավ և հնարավոր հանդիպումը չկայացավ: Այնպես որ հնարավոր է ամեն ինչ անել, պետք է պատրաստակամություն և ցանկություն: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաղթահարենք այս խոչընդոտները և կշարժվենք առաջ:

Հաբեթ Հարությունյան

Hot Videos