Արմեն Պետիկյան. «Միխայիլ Բաղդասարովը մեծ ընկեր էր, գործին նվիրյալ բարի մարդ»

21 տարի առաջ Աշտարակի «Միկան» իր ճանապարհը շարունակեց 40-ամյա գործարար Միխայիլ Բաղդասարովի ղեկավարությամբ: Մինչև լուծարումը թիմը համարվում էր հայկական ֆուտբոլի լավագույն ակումբներից մեկը, ուներ գավաթային թիմի համբավ: Դա պատահական չէ, քանի որ «Միկան» իր պատմության մեջ հասցրել է վեց անգամ հաղթել Հայաստանի գավաթի խաղարկությունում, պատվով է ներկայացել նաև եվրաասպարեզում: Թերևս չի իրականացել Բաղդասարովի ամենագլխավոր երազանքը: «Միկան» այդպես էլ չկարողացավ հաղթել Հայաստանի առաջնությունում: Թիմը բաղձալի տիտղոսին մոտ է եղել մի քանի անգամ, բայց վերջում ինչ-որ բան ամեն դեպքում թույլ չի տվել հասնել հաջողության: Փոխարենը «Միկան» չորս անգամ դարձել է Հայաստանի արծաթե մեդալակիր, երեք անգամ բրոնզե մեդալակիր: Երկու անգամ հաղթել է Սուպերգավաթի խաղարկությունում: 2016 թվականին, ֆինանսական լուրջ խնդիրներով պայմանավորված, «Միկան» լուծարվեց, սակայն թողեց ժառանգություն, որը մինչ օրս ծառայում է ոչ միայն հայկական ֆուտբոլին, այլ նաև Երևան քաղաքին: «Միկայում» է իր կարիերան հարթել հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Արմեն Պետիկյանը: Վերջինս սկզբում խաղացել է Միխայիլ Բաղդասարովի ղեկաված թիմում, իսկ կարիերան ավարտելուց հետո անցել է աշխատանքի ակումբի ղեկավար կազմում: Նրա համար շատ բարդ է գիտակցել, որ հարգված ղեկավարն ու վաղուց իր համար արդեն մեծ ընկերն այլևս չկա: Football365.am-ի հետ զրույցում Արմեն Պետիկյանը իր ցավակցություն է հայտնել Միխայիլ Բաղդասարովի ընտանիքին, ընկերներին ու հարազատներին, խոսել Բաղդասարով մարդու մասին, կիսվել հիշողություններով: 

  • Առաջին անգամ Միխայիլ Բաղդասարովի հետ հանդիպել ենք 2000 թվականին: Նոր էի տեղափոխվել «Միկա», գլխավոր մարզիչն Էդուարդ Մարգարովն էր: Գավաթային խաղից հետո ծանոթացանք Միխայիլ Իվանովիչի հետ: Տարիներ շարունակ կապը մեր միջև չի կտրվել:  Հատկապես վերջին տարիներին մեր հարաբերությունները վերածվել էին ավելի շատ ընկերականի: Նրան ես համարում էի իմ մեծ ընկերը, որի հետ միշտ հաճելի է զրուցել, շփվել: Մոտ քսան օր առաջ էի զրուցել նրա հետ, հուլիսի 30-ին նրա ծննդյան տարեդարձն էր: Վատ լուր իմացանք: Շատ եմ ցավում, որ նա այլևս մեզ հետ չէ: Շատ ափսոս:
  • Առողջական լուրջ խնդիրներ ունե՞ր, թե ամեն ինչ հանկարծակի է ստացվել:
  • Ճնշման հետ կապված խնդիրներ ուներ, բայց կարծես վիճակը վերահսկելի էր: Եթե չեմ սխալվում այս ընթացքում մեկ անգամ է  եղել, որ հիվանդանոց է պառկել մի քանի օրով:
  • Ինչպիսի՞ն էր Միխայիլ Բաղդասարովը:
  • Նրան ճանաչողները կփաստեն, որ որպես ակումբի ղեկավար շատ խիստ էր ու պահանջկոտ, իր գործի նվիրյալն էր: Ոչ մի մանրուք չէր վրիպում աչքից ու մեծ սիրով ու նվիրվածությամբ էր մոտենում իր աշխատանքին, հատկապես երբ խոսքը վերաբերում էր իր հարազատ «Միկային»: Բարի մարդ էր, հոգատար: Չեմ ճանաչում մեկին, որն եղել է «Միկայում» և այս ընթացքում վատ վերաբերմունքի է արժանացել Միխայիլ Իվանովիչի կողմից:
  • Կասկած չկա, որ շատ ծանր է տարել «Միկան» լուծարելու որոշումը կայացնելիս:
  • Գաղտնիք չէ, որ այդ տարի ամեն ինչ գնում էր դրան: Իրականում ֆինանսական տեսանկյունից ծայահեղ ծանր վիճակում էր ակումբը: Ճիշտ է, փորձում էինք ինչ-որ կերպ փրկել իրավիճակը, բայց միևնույն ժամանակ հասկանում էինք, որ գրեթե անհնար էր ինչ-որ բան անել: Նույնիսկ նման վիճակում նա փորձում էր ոչ մեկին չնեղացնել: Թիմում բացի հայ տղաներից, կային նաև արտասահմանցիներ, մարզչական շտաբ: Ճիշտ է, այդ ժամանակ ՈւԵՖԱ-ից մեզ հասանելիք գումարը ստացանք, սակայն դա բավական չէր բոլոր ծախսերն ու պարտքերը փակելու համար: Հիշում եմ՝ նույնսիկ դիմեցի նրան և ասացի, որ բոլորն էլ հասկանում են իրավիճակը:  Պատասխանեց, որ իր կյանքի ընթացքում ոչ մեկին պարտք չի մնացել: Կարողացավ հայթայթել նաև պակասող գումարն ու փակել բոլոր պարտքերը: Ասում էր՝ ինչու վատով բաժանվենք:
  • Իրականում ծանր է տանել նման կորուստները, քիչ խնդիրների միջով չի անցել: Հայտնի մարդ էր, գործարար:
  • Ինչ որ ասում եմ հիմա Միխայիլ Իվանովիչի մասին չի վիրաբերում հարցի ֆինանսական կողմին: Ուզում եմ, որ ճիշտ հասկացվի: Ճանաչված ու հարգված մարդ էր իր շրջապատում, հայրենիքում և նրա սահմաններից դուրս: Նման մարդու համար կարծում եմ դժվար է հաշտվել մի շարք հանգամանքների հետ: Բնական է, որ այդ ամենը նույնպես ազդում է մարդու վրա, բայց նա կյանքով լի էր: Վերջերս, որ զրուցում էինք, ասում էր որ ամեն ինչ կարծես կարգավորվում է: Ծրագրեր շատ ուներ, ափսոս մնացին կիսատ:
  • Մտածու՞մ էր «Միկայի» վերածննդի մասին:
  • Այո, միանշանակ: Նա հույս ուներ, որ մի օր դա տեղի կունենա: Ճիշտ է, ոչ մոտ ժամանակում, բայց նա անընդհատ դրա մասին էր մտածում: Ինքը ֆուտբոլ չի խաղացել, բայց շատ էր սիրում: Էդուարդ Մարգարովի և Արկադի Անդրեասյանի խաղով էր շատ տպավորված: Պատահական չէ, որ երկուսն էլ ժամանակին եղել են «Միկայում»: Ֆուտբոլային այդ քաղցը նա հենց «Միկայով» էր հագեցնում: «Միկան» կարծես նրա երեխան լիներ: Յուրաքանչյուր հաղթանակ տոնում էր այնպես, ինչպես փոքրիկն է ուրախանում, երբ իր սիրելի խաղալիքն է նվեր ստանում: Պարտություններն ու միավորների կորուստները շատ ծանր էր տանում: Գիշերներով չէր քնում: Հանկարծ գիշերվա ուժ ժամին կզանգեր ու կհարցներ. «Ինչու այդպես եղավ, ինչն այնպես չարեցինք, ինչպես շտկենք…»: Մարդն ապրում էր այդ ամենով: Կարծում եմ՝ նրա ավանդը շատ մեծ է հայկական ֆուտբոլում: Նրա ստեղծած համալիրը այսօր ծառայում է ոչ միայն Շենգավիթ համայնքին, այլ ամբողջ Երևանին: Ճիշտ է անվանումը հիմա այլ է, բայց դա չէ էականը:
  • Բոլորի համար էլ այն շարունակում է մնալ որպես «Միկայի» համալիր:
  • Այո, դա այդպես է և կարծում եմ պատահական չէ: «Միկան» հայկական ֆուտբոլի ամենավառ կետերից մեկն է, որը տարիներ շարունակ կարողացել է բարձր պահել հայկական ֆուտբոլի պատիվը: Պատկերացրեք ինչպես էր ուրախացել Միխայիլ Իվանովիչը, երբ առաջին հաղթանակը տարանք եվրագավաթներում: «Ռապիդին» հաղթեցինք, բայց չանցանք, սակայն նա հանդիպումից հետո բոլորիս պարգևատրեց՝ ասելով, որ դա պատմական հաջողություն էր: Ի դեպ, այդ խաղն անցկացրեցինք Գյումրիում, Սամվել Նիկոլյանն էլ խփեց գոլը:  Ընդհանրապես նա գնահատում էր մարդու կատարած աշխատանքը: Կյանքում չեմ մոռանա օրը, երբ հոգեբանական ծանր վիճակում նա իր մեջ ուժ գտավ, հանդիպեց մեզ ու շնորհավորեց գավաթի խաղարկությունում հաղթելու առթիվ: 2006 թվականի մայիսի 9-ին գավաթի խաղարկության եզրափակչում մրցելու էինք «Փյունիկի» հետ, իսկ դրանից օրեր առաջ տեղի էր ունեցել «Արմավիայի» ողբերգական ավիավթարը: Տղաներով որոշել էինք հաղթանակը նվիրել զոհերի հիշատակին, ինչպես նաև հրաժարվել ոչ միայն անցած ամսվա, այլև առաջիկա ամսիների աշխատավարձից ու պարգևավճարներից:  Ամեն ամիս մենք ստանում էինք նախորդ ամսվա աշխատավարձը: Այդ ամիս պետք է ստանայինք նաև երկու պարգևավճար: Որոշել էինք, որ հրժարվելու ենք՝ հաշվի առնելով այն լուրջ խնդիրները, որին բախվել է մեր ղեկավարն ու նրա ընկերությունը: Չնայած դրան նա ոչ միայն չընդունեց մեր որոշումը, այլ գավաթը հաղթելուց հետո մեզ կանչեցին գրասենյակ ու վճարեցին բոլոր գումարներն ու լրացուցիչ պարգևավճար: Հաղթանակը տոնելու սիրտ էլ չունեինք: Տղաներով հավաքվեցինք առանց երաժշտության ու նման բաների: Միխայիլ Իվանովիչը նույնիսկ այդ ժամանակ կարողացավ մի քանի րոպեով այցելել մեզ, շնորհավորել ու հեռանալ:
  • Վերջին տարիներին որտե՞ղ էր նա բնակվում: Լինու՞մ էր Երևանում:
  • Այո, հատկապես վերջին շրջանում ինչքան զանգում էի, Երևանում էր: Հիշում եմ մի անգամ էլ հարցրեց, թե ես երբ եմ գալու Երևան: Հաճախ էր ինձ հարցնում, թե ինչպես եմ ապրում առանց ֆուտբոլի: Ես էլ հակադարձ հարցն էի տալիս, թե Միխայիլ Իվանովիչ դուք ինչպես եք ապրում առանց ֆուտբոլի: Ասում էր դե դու այդքան տարի խաղացել ես: Չգիտեմ, ափսոս: Շատ եմ ցավում: Նույնիսկ երբ գտնվում էր արտասահմանում, խաղի օրը հասցնում էր գալ Երևան: Օդանավակայանից գալիս էր մարզադաշտ, դիտում էր խաղն ու կրկին մեկնում էր: Երբ հնարավորություն չէր ունենում ներկա գտնվել խաղերին, ասում էր. «Գոլ եղավ կզանգեք», բայց տասը րոպեն մեկ զանգում էր. «Какой счет?»: Անելիք շատ ուներ, նրա նմանների կարիքը միշտ զգում ենք ու կզգանք: Ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին, հարազատներին: Մեծ կորուստ էր շատերի համար:

Հաբեթ Հարությունյան

Hot Videos