Առանց Գյումրու, Վանաձորի ու Կապանի. Առաջնությունը կորցնում է համն ու հոտը

Հայաստանի ընթացիկ առաջնության ավարտին քիչ է մնացել, շատ հարցեր դեռ չունեն պատասխաններ: Չեմպիոնական մրցավազքում պայքարը նոր թափ է ստացել, պարզ չէ՝ ինչպես թիմերը կդասավորվեն մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Ներքևում պատկերն այլ է: Հետնապահ «Շիրակն» ակտիվում ունի 13 միավոր, իսկ մոտակա մրցակից «Փյունիկը» նրանից առաջ է 8 միավորով: Գյումրեցիներին մնացել է երեք հանդիպում, փյունիկցիներին՝ չորս, իսկ նախավերջին տուրում մրցելու են միմյանց հետ:  Միայն ֆուտբոլային հրաշքը կարող է օգնել շիրակցիներին խուսափել վերջին տեղից:

Դավթյանի սաները պետք է հաղթեն մնացած երեք խաղում (այդ թվում նաև «Փյունիկին») և հուսան, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը «Շիրակի» հետ խաղից բացի մյուս երեք խաղում չի վաստակի մեկ միավորից ավելի: Այս դեպքում կողմերը կունենան 22-ական միավոր, բայց շիրակցիներն առաջ կանցնեն, քանի որ միմյանց միջև խաղերում ավելի շատ միավոր կվաստակեն:

Մրցաշարային աղյուսակում երկու և ավելի թիմերի միավորների հավասարության դեպքում թիմերի դասակարգման ժամանակ առավելությունն առաջին հերթին տրվում է այն թիմին, որը հավակնորդ թիմերի միջև խաղերում վաստակել է ավելի շատ միավոր

«Շիրակը» մրցաշարային աղյուսակում կարող է անցնել «Փյունիկից» մի դեպքում ևս, եթե առնվազն վաստակի 8 միավոր, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվի մնացած խաղերում (այդ թվում նաև «Շիրակին»):

23 միավոր ունի Վանաձորի «Լոռին»: Ճիշտ է, վանաձորցիները դուրս են եկել առաջնությունից, բայց կեսից ավելի հանդիպումներին մասնակցել են, հետևաբար նրա արդյունքները չեն զրոյացվել:  Եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես նշված է վերևում, ապա թիմերը մրցաշարային աղյուսակում կդասավորվեն հետևյալ հերթականությամբ՝ «Լոռի», «Շիրակ», «Փյունիկ»:

Անկախ ամեն ինչից, եթե նույնիկ «Շիրակը» հաղթի մնացած երեք խաղում, ապա չի կարողանա անցնել «Լոռիից»: Վերևում նշված հնարավոր զարգացումները հրաշքի ժանրից են և շատ քիչ է հավանականությունը, որ «Փյունիկը» մնացած չորս խաղում չի կարողանա վաստակել անհրաժեշտ միավորները վերջին տեղից խուսափելու համար: Մյուս կողմից ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, առավել ևս որ փյունիկցիները բացի «Շիրակից», մրցելու են «Արարատ-Արմենիայի», «Նոայի» ու «Ուրարտուի» հետ: Մեծ հաշվով թեման կփակվի, եթե «Փյունիկը» հաղթի «Շիրակին»: Այստեղ ինչքան «Փյունիկից» կախված չէ ամեն ինչ, որքան «Շիրակից»: Քչերն են հավատում, որ Դավթյանի սաներին կհաջողվի մնացած երեք խաղում վաստակել միավորների առավելագույն քանակը:

Բարձրագույն խմբի առաջնությունում մրցաշրջանի արդյունքներով մրցաշարային աղյուսակում վերջին տեղը զբաղեցրած թիմը զրկվում է հաջորդ մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունքից և կարող է մասնակցել միայն հաջորդ մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը՝ համապատասխան արտոնագիր ունենալու պարագայում:

Եթե «Շիրակին» չհաջողվի անցնել «Փյունիկից», ապա գյումրեցիները մրցաշարային աղյուսակում կզբաղեցնեն վերջին հորիզոնականը: «Վանին» հասնել չեն կարող (25 միավոր), երեք խաղ հաղթելու դեպքում չեն անցնի նաև «Լոռիից»: Սա կնշանակի՝ «Շիրակը» դուրս կմնա Բարձրագույն խմբից և եթե ունենա համապատասխան արտոնագիր ու ցանկություն, ապա հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Առաջին խմբում:

Անցումային փուլում միմյանց դեմ մրցում են տվյալ մրցաշրջանի արդյունքներով Բարձրագույն խմբի առաջնությունում նախավերջին և Առաջին խմբի առաջնությունում երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը։ Անցումային փուլը անցկացվում է մեկ խաղով։

Իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ նախավերջին տեղը կարող է զբաղեցնել Վանաձորի «Լոռին»: Այս պահին ամեն ինչ հենց դրան է տանում: Ասել է, թե անցումային խաղում հենց «Լոռին» պետք է խաղա, սակայն մրցումների անցկացման կանոնակարգը հուշում է, ցանկության դեպքում «Լոռին» հաջորդ մրցաշրջանում կարող է մասնակցել միայն Առաջին խմբի առաջնությանը: Ասել է, թե անցումային խաղին, եթե իհարկե դա կայանա, կմասնակցի մեկ այլ թիմ:

Այն թիմերը, որոնք սեփական նախաձեռնությամբ հրաժարվել են Բարձրագույն խմբի առաջնության մասնակցությունից, ապա հաջորդ մրցաշրջանում կարող են մասնակցել միայն Առաջին խմբի առաջնությանը:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության անցկացման կանոնակարգը նախատեսում է, որ մրցաշարին կարող են մասնակցել առավելագույնը 10 թիմ: Մյուս կողմից մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի համապատասխան որոշմամբ: Այս առումով դժվար է ասել, թե ինչ որոշում կկայացնեն ոլորտի պատասխանատուները գալիք մրցաշրջանից առաջ և արդյոք չեն լինի ակումբներ, որոնք չեն արժանանա «Գանձասար-Կապանի» ու «Լոռիի» ճակատագրին:

Առաջնությունը կորցնում է համն ու հոտը

Ընթացիկ առաջնությունը մեկնարկեց տասը թիմով, որոնցից չորսը չէին ներկայացնում Երևանը՝ «Շիրակը», «Լոռին», «Գանձասարն» ու «Վանը»: Ճիշտ է, գանձասարցիներին վերապահումով կարելի էր անվանել մարզային թիմ՝ հաշվի առնելով այն, որ թիմը վաղուց մարզվում ու խաղում էր Կապանից կիլոմետրերով հեռու:

Մրցարջանը մոտենում է ավարտին, իսկ հանդիպումներին մասնակցում են ութ թիմ: «Գանձասարը» դեռ հասարակածին չհասած լքեց պայքարն ու լուծարեց թիմը, «Լոռին» դա արեց ավելի ուշ: Ամեն ինչ տանում է նրան, որ գալիք մրցաշրջանում Բարձրագույն խմբում չի լինի նաև «Շիրակը»: Ի դեպ, Գյումրին ներկայացնող թիմը միակն է, որն անկախացումից հետո մասնակցել է բարձրագույն դիվիզիոնի բոլոր առաջնություններին: Մինչ այս եղել է դեպքեր, երբ «Շիրակն» առաջնությունն եզրափակել է վերջին տեղում, սակայն առաջնությունից դուրս չի մնացել: Մեկ անգամ նույնիսկ ֆեդերացիան է ընդառաջ գնացել ու «Շիրակին» Բարձրագույն խմբում խաղալու իրավունք տվել:

Բարձրագույն խմբի առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի պահանջների համաձայն Ազգային արտոնագիր ստացած և մարզական առումով համապատասխան որակավորում ունեցող ակումբների առաջին թիմերը:

Չի բացառվում, որ գալիք մրցաշրջանում կհայտնվեն նոր անուններ: Ոչ դուստր թիմից Առաջին խմբում են հիմա խաղում «Սևանը», ԲԿՄԱ-ն, «Վեստ Արմենիան», «Նորավանքն» ու «Լեռնային Արցախը»: Եթե հանենք հաշվից բանակայիններին, որոնք կազմված են ազգային ընտրանիների թեկնածուներով, ապա մնացածի դեպքում այս պահին դժվար է հեռուն տանող կանխատեսումներ անել: Դժվար է ասել՝ որքան կյանք նրանք կունենան կամ նրանցից քանիսին կհաջողվի կայանալ որպես ակումբ ու ամրապնդել դիրքերը հայկական ակումբային ֆուտբոլում: Հստակ է մի բան՝ Հայաստանի առաջնությունը գնալով կորցնում է իր համն ու հոտը: Այլկերպ դժվար է գնահատել: Փաստացի հայկական ֆուտբոլի էլիտան Աբովյանից, Կապանից հետո մնում է նաև առանց Գյումրու ու Վանաձորի: