Առանց ավագի, բայց ուղեղով. Կապառոսի հույսը, հաղթաթուղթն ու հաջողության գաղտնիքը

Հայաստանի ազգային հավաքականը Մունդիալի ընտրական փուլի մեկնարկային երեք խաղում տարավ երեք հաղթանակ՝ սահմանելով իր համար յուրօրինակ ռեկորդ: Կայացած խաղերում Կապառոսի սաները խփեցին վեց գոլ, բաց թողեցին երկուսը: Առաջին երկու տուրում ընդհանրապես սեփական դարպասը պահեցին անառիկ: Ավելի լավ ընթացք դժվար էր կանխատեսել:

Առանց առաջատարի

Հայաստանի հավաքականն այս հաջողությանը հասավ առանց իր առաջատարի: Սա առանցքային նշանակություն ունի: Կան անփոխարինելի արժեքներ, իսկ Հենրիխ Մխիթարյանը դրանց շարքում է: Մինչ այս ամեն ինչ կապված էր Հենոյի հետ, ամեն ինչ պտտվում էր նրա շուրջ: Այս մասին չիմանար էլ անպայման կհուշեին Կապառոսին: Մարզավիճակի պատճառով ավագը չմիացավ առաջին հավաքին, իսպանացին ստիպված էր հենց սկզբից ելքեր փնտրել՝ բացը փակելու համար՝ զուգահեռ պատրաստելով տղաներին խաղի առանց ավագի:

«Ռուսական դեսանտը», Ուդոն ու Անգուլոն

Կապառոսը սկսեց առանց Մխիթարյանի, բայց Յուրչենկոյով, Բայրամյանով, Կորյանով, թիմում է արդեն Սպերցյանը, հավաքականում խաղալու իրավունք ստացան Ուդոն ու Անգուլոն: Սա մանևրելու հնարավորություն տվեց մարզչին: Իսպանացուց առաջ նման շռայլություն ոչ մի մարզիչ իրեն չէր կարող թույլ տալ, պարզապես հնարավորություն չուներ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է «ռուսական դեսանտին»: Կար լիմիտ Ռուսաստանում, որը վերացվեց: Ժամանակահատվածները համընկան ու լավ է, որ համընկան, մինչդեռ դժվար է ասել՝ կխփեր իր գոլն Իսլանդիային Բայրամյանը, եթե համարվեր լեգեոներ Ռոստովում, կամ արդյոք Սպերցյանը կշտապեր երազանքի նորամուտի ետևից: 

Եթե ոչ իրենք, ապա ով

Կապառոսի օրոք Հայաստանի ընտրանին ինը հանդիպում է անցկացրել, Հենոն մասնակցել է դրանցից երկուսին, երկուսն էլ ավարտվել են ոչ-ոքի: Մնացած յոթից վեցում թիմը հաղթել է, հինգն անընդմեջ: Կապառոսը ոչ թե դժգոհեց, այլ օգտվեց Մխիթարյանի բացակայությունից: Նա այդ հանգամանքից չփորձեց օգտվել որպես հնարավոր արդարացում, այլ դա օգտագործեց հօգուտ հավաքականի: Տղաներին հասցրեց՝ եթե ոչ իրենք, ապա ով: Արդյունքն աչք է ծակում, պարզվեց նաև՝ առաջատարի հատկանիշներով այլ խաղացողներ ևս կան, մասնավորապես խոսքը վերաբերում է Տիգրան Բարսեղյանին, որին ի դեպ իր նորամուտի խաղում Կապառոսը թողել էր պահեստայինների նստարանին: Հենոյի բացակայության պայմաններում Տիկոն իր վրա է վերցրել առաջատարի պարտականությունները, նրանից փորձում է հետ չմնալ նաև Ադամյանը: Այս ֆոնին, սակայն, նկատելի է, թե ինչպես է Կապառոսը վերահսկում իրավիճակը՝ ամեն առիթի դեպքում ցույց տալով, թե ում է պատկանում վերջին ու որոշիչ խոսքը հանդերձարանում:

Առաջատարը հանդերձարանում

Այս օրերին շատ է խոսվում ազգային հավաքականի ճամբարում տիրող լավ մթնոլորտի մասին, թե ինչպիսի ցանկությամբ ու նվիրումով են տղաները մարզվում ու ձգտում հայտնվել հայտացուցակում: Սա, իհարկե, նպաստում է մրցակցության աստիճանի բարձրացմանը, ինչն էլ պետք է մարզչին: Կապառոսը գիտեր դրան հասնելու ճանապարհը, բայց այս հարցում նրան շատ օգնեց սեփական հեղինակությունը: Ներկայիս հավաքականում, թերևս բացառությամբ Մխիթարյանի, իսպանացուն ապացուցելու բան ունեին և ունեն: Կապառոսի աչքին բոլորը հավասար են՝ Այվազովից մինչև Բալեկյան, Շաղոյանից մինչև առաջին լիգայի վերջին համարը: Իսպանացին չի խորշում նաև միտումնավոր քայլերի դիմել՝ ստիպելով տղաներին չբավարարվել ունեցածով, երբեմն՝ գնում ռիսկային լուծումների՝ փորձելով նրանց մեջ արթնացնել մարզական չարությունը: Նման պայմաններում ոչինչ չի մնում, քան մարզվել ու հաճույք ստանալ հավաքականում անցկացրած ժամանակահատվածից: Սա է նրա հույսը, հաղթաթուղթն ու հաջողության գաղտնիքը: 

Առաջատարը խմբում

Արդյունքում Հայաստանի ընտրանին այս պահին գլխավորում է ընտրական փուլի «J» խումբը: Նրա թիկունքում են բոլորը՝ սկսած Գերմանիայի հավաքականից: Անցկացրած երեք խաղից հետո Կապառոսի սաներն իրենց ակտիվում ունեն ինը միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Բունդեսթիմն ու մակեդոնացիները, որոնց, ի դեպ, հաջողվեց արտագնա խաղում հաղթել Յոահիմ Լյովի սաներին: Հիմա դժվար է ասել՝ ձեռնտու էր մեզ մակեդոնացիների հաղթանակը Գերմանիայում, թե՝ ոչ: Ամեն դեպքում, իրադարձությունների նման զարգացման քչերն էին պատրաստ: Մյուս կողմից նման ընթացքը կրկին հուշում է՝ չկան ուժեղ ու թույլ մրցակիցներ: Մինչև սեպտեմբեր դադար է լինելու: Առաջիկա խաղին չեն մասնակցի վերջին խաղերի առաջատարներից մի քանիսը, սակայն ինչ-որ մի բան հուշում է ու հույս տալիս՝ Կապառոսը թույլ չի տա իրեն կարոտել:

Հաբեթ Հարությունյան

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Լուսանկարները՝ ՀՖՖ

Hot Videos