Առաջատարը փոխվեց, «Շիրակը» կորցրեց բոլոր հնարավորությունները

Հայաստանի ընթացիկ առաջնության հերթական տուրի ավարտից հետո առաջատարը փոխվեց: Խաղային երկրորդ օրվա առաջին խաղում չեմպիոնության համար պայքարող «Նոան» հաղթեց հետնապահ «Շիրակին» և բարձրացավ առաջին հորիզոնական: Պարտությունից հետո գյումրեցիները կորցրեցին բոլոր հնարավորությունները և մրցաշրջանը կավարտեն վերջին տեղում:

Տուր 23 Քաղաք Մարզադաշտ
11.05.21 Ուրարտու
2 — 1
Վան Երևան  Ուրարտու-1
11.05.21 Փյունիկ
0 — 0
Արարատ-Արմենիա Երևան  «Հանրապետական»
11.05.21 Նոա
3 — 0
Շիրակ Երևան  Ֆուտբոլի ակադեմիա
10.05.21 Արարատ
0 — 0
Ալաշկերտ Երևան  «Հանրապետական»

Չեմպիոնական մրցավազք

Հաշվետու տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Արարատն» ու «Ալաշկերտը», գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Սրանից օգտվեց «Նոան», բայց ոչ՝ «Արարատ-Արմենիան»: Եթե Գունկոյի սաները կարողացան «Շիրակի» դարպասն երեք անպատասխան գնդակ ուղարկել, ապա Բայդաչնիի սաները հետնապահներից մյուսի՝ «Փյունիկի» հետ խաղում բավարարվեցին ընդամենը մեկ միավորով. կրկին գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջատարը «Նոան» է 38 միավորով, 37 միավոր ունի «Ալաշկերտը», 36 միավոր «Արարատը», 34 միավոր «Արարատ-Արմենիան», 32 միավոր «Ուրարտուն»:

Խաղացանկ

Առաջատար «Նոային» մնացել է երեք հանդիպում: Թիմը հյուընկալվելու է «Փյունիկին» ու «Ուրարտուին», ընդունելու է «Վանին»: Երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտն» այս ընթացքում չորս հանդիպում ունի անցկացնելու. Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն երկու անգամ դեռ մրցելու է «Արարատ-Արմենիայի» հետ (տանը և դրսում), ինչպես նաև մեկական անգամ խաղալու է «Արարատի» ու «Վանի» հետ (երկուսն էլ դրսում): Չորս խաղ պետք է անցկացնի նաև «Արարատը»: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը բացի «Ալաշկերտի» հետ խաղից (տանը), դեռ մրցելու է «Արարատ-Արմենիայի» (դրսում), «Շիրակի» (տանը) և «Ուրարտուի» (դրսում) հետ: Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիային», ապա թիմը նախ ընդունելու է «Արարատին», հետո երկու խաղ ունի «Ալաշկերտի», ինչպես նաև մեկ հանդիպում «Ուրարտուի» հետ:  «Ուրարտուն» իր հերթին պահեստում ունի չորս հանդիպում. թիմը մրցելու է «Նոայի» հետ, հետո «Փյունիկի», «Արարատի», ինչպես նաև «Արարատ-Արմենիայի» հետ:

Առաջին հայացքից «Նոան» անմիջական մրցակիցների հետ այլևս խաղ չունի, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ հենց Գունկոյի սաներից է կախված, մրցակիցներն էլ հեշտ անցանելի են: Հինգերորդ տեղում գտնվող «Ուրարտուից», որի հետ դեռ հանդիպում ունեն, առաջ են ընդամենը վեց միավորով: Նույն «Փյունիկը», կամ «Վանը» դժվար թե ցանկանան անցումային խաղի մասնակցել, հետևաբար կփորձեն միավոր վաստակել ամեն խաղում: Առավելագույնն ինչ այս պահին կարող է անել «Նոան»՝ հաղթել մնացած բոլոր խաղերում և սպասել մրցակիցների սայթաքումներին: Մնացած հավակնորդների մասով շատ բան կախված է նրանից, թե որի նյարդերն ավելի պինդ կգտնվեն: Թերևս սրանով կարելի է բացատրել վերջին գոլազուրկ ոչ-ոքիները չեմպիոնության համար պայքարող թիմերից երեքի մասնակցությամբ: Լարվածությունը հասել է գագաթնակետին, ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել: Մյուս կողմից հնարավոր չէ հասնել նպատակին, առանց գոլ խփելու:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Նոա 21 11 5 5 33 17 38
2.  Ալաշկերտ 20 10 7 3 20 11 37
3.  Արարատ 20 10 6 4 28 12 36
4.  Արարատ-Արմենիա 20 9 7 4 28 12 34
5. Ուրարտու 20 9 5 6 23 17 32
6.  Վան 22 7 4 11 20 28 25
7. Լոռի 24 7 2 15 16 44 23
8.  Փյունիկ 21 5 7 9 15 15 22
9.  Շիրակ 22 2 7 13 16 43 13

Պայքարը ստորին հատվածում

«Շիրակին» մնացել է երկու հանդիպում, բայց փրկել իրավիճակն այլևս հնարավոր չէ: Գյումրեցիները մրցաշրջանը կփակեն վերջին տեղում, իսկ թե որ թիմը կզբաղեցնի նախավերջին հորիզոնականը՝ պարզ չէ: Այս պահին «Փյունիկն» է՝ վաստակած 22 միավորով: Նրանից մեկ միավորի առավելություն ունի «Լոռին» (23), երեք միավորի՝ «Վանը» (25):

Խաղացանկ

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին մնացել է երեք հանդիպում: Խաղալու են «Շիրակի», «Ուրարտուի» և «Նոայի» հետ: Ինչ վերաբերում է «Վանին», ապա չարենցավանցիները մրցելու են «Ալաշկերտի» և «Նոայի» հետ: Չի բացառվում, որ հենց «Վանը» կդառնա այն թիմը, որն ավելի կսրի պայքարը չեմպիոնական մրցավազքում: