Չեմպիոնական մրցավազքում ոչինչ պարզ չէ

Հայաստանի ընթացիկ առաջնության նախավերջին տուրի խաղային առաջին օրը կայացավ երեք հանդիպում: Նորընծա գավաթակիր «Արարատը» մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղաց առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ «Ալաշկերտը» Չարենցավանում պարտվեց «Վանին»: Ավելի ուշ մրցակիցներից պոկվելու ու չեմպիոնության ճանապարհին նախավերջին վճռորոշ քայլը կարող էր անել «Նոան», բայց պարտվեց «Ուրարտուի» հարկի տակ՝ յուրօրինակ նվեր անելով անմիջական մրցակիցներին:

Չեմպիոնական մրցավազք

Չեմպիոնության համար պայքարող բոլոր թիմերը միավորներ կորցրեցին: Գրանցված արդյունքներից հետո մրցաշարային աղյուսակում հետևյալ պատկերն է: «Նոան» առաջին տեղում է՝ վաստակած 41 միավորով: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Արարատ-Արմենիան», որն ակտիվում ունի 38 միավոր: Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Արարատն» ու «Ալաշկերտը», իրենց ակտիվում ունեն 37-ական միավոր: «Ուրարտուն» հինգերորդն է 35 միավորով:

Խաղացանկ

Առաջատար «Նոային» մնացել է մեկ հանդիպում: Թիմն ընդունելու է «Վանին»: «Ալաշկերտն» այս ընթացքում երեք հանդիպում ունի անցկացնելու. Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն երկու անգամ դեռ մրցելու է «Արարատ-Արմենիայի» հետ (տանը և դրսում), ինչպես նաև խաղալու է «Արարատի» հետ (դրսում): Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիային», ապա թիմն երկու խաղ ունի «Ալաշկերտի» հետ: Երեք խաղ պետք է անցկացնի «Արարատը»: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը բացի «Ալաշկերտի» հետ խաղից (տանը), մրցելու է «Շիրակի» (տանը) և «Ուրարտուի» (դրսում) հետ:  «Ուրարտուն» իր հերթին պահեստում ունի երկու հանդիպում. թիմը մրցելու է «Փյունիկի» ու «Արարատի» հետ:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Նոա 23 12 5 6 34 18 41
2.  Արարատ-Արմենիա 22 10 8 4 31 14 38
3.  Արարատ 21 10 7 4 29 13 37
4.  Ալաշկերտ 21 10 7 4 21 14 37
5. Ուրարտու 22 10 5 7 25 19 35
6.  Վան 23 8 4 11 23 29 28
7.  Լոռի ՖԱ 24 7 2 15 16 44 23
8.  Փյունիկ 22 5 7 10 15 16 22
9.  Շիրակ 22 2 7 13 16 43 13

Պայքարը ստորին հատվածում

«Շիրակին» մնացել է երկու հանդիպում, բայց փրկել իրավիճակն այլևս հնարավոր չէ: Գյումրեցիները մրցաշրջանը կփակեն վերջին տեղում, իսկ թե որ թիմը կզբաղեցնի նախավերջին հորիզոնականը՝ պարզ չէ: Այս պահին «Փյունիկն» է՝ վաստակած 22 միավորով: Նրանից մեկ միավորի առավելություն ունի «Լոռին» (23), վեց միավորի՝ «Վանը» (25):

Խաղացանկ

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին մնացել է երկու հանդիպում: Հաշվետու տուրում խաղալու են «Շիրակի», հետո մրցելու են «Ուրարտուի» հետ: Ինչ վերաբերում է «Վանին», ապա չարենցավանցիներին մնացել է մեկ խաղ «Նոայի» հետ: Նշել էինք, որ հենց «Վանը» կարող է դառնալ այն թիմը, որն ավելի կսրի պայքարը չեմպիոնական մրցավազքում: Ալաշկերտցիների հետ խաղում տարած հաղթանակը դրա վառ օրինակն է: