Առաջատարը հաղթեց, չեմպիոնը նույնպես

Հայաստանի ընթացիկ առաջնության շրջանակներում տեղի ունեցան հետաձգված խաղերից երկուսը: Առաջատար «Նոան» արտագնա մրցավեճում մրցեց «Փյունիկի» հետ ու կարողացավ երեք միավոր վաստակել: Գունկոյի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց Պետրոս Ավետիսյանը՝ մրցակցի դարպասը գրավելով խաղի հիմնական ժամանակի ավարտից րոպեներ առաջ: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն լավ մարզավիճակ է հավաքել, նա երրորդ գոլը խփեց վերջին երկու խաղում: Խաղային օրվա երկրորդ մրցավեճում մրցեցին «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան»: Ծանր հանդիպում ստացվեց կողմերի համար, արդյունքում բախտը ժպտաց գործող չեմպիոնին: Բայդաչնիի սաները հաղթեցին ու շարունակում են չեմպիոնական պայքարը: «Ուրարտուն» պարտվեց և կորցրեց 17բոլոր հնարավորություններն առաջին տեղի համար պայքարում:

Չեմպիոնական մրցավազք

Վերը նշված խաղերում գրանցված արդյունքներից հետո մրցաշարային աղյուսակում հետևյալ պատկերն է: «Նոան» առաջին տեղում է՝ վաստակած 41 միավորով: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», իրենց ակտիվում ունեն 37-ական միավոր: Չորրորդ հորիզոնականում «Արարատն» է 36 միավորով, «Ուրարտուն» հինգերորդն է 32 միավորով:

Խաղացանկ

Առաջատար «Նոային» մնացել է երկու հանդիպում: Թիմը հյուընկալվելու է «Ուրարտուին», հետո ընդունելու է «Վանին»: «Ալաշկերտն» այս ընթացքում չորս հանդիպում ունի անցկացնելու. Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն երկու անգամ դեռ մրցելու է «Արարատ-Արմենիայի» հետ (տանը և դրսում), ինչպես նաև մեկական անգամ խաղալու է «Արարատի» ու «Վանի» հետ (երկուսն էլ դրսում): Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիային», ապա թիմը նախ ընդունելու է «Արարատին», հետո երկու խաղ ունի «Ալաշկերտի» հետ: Չորս խաղ պետք է անցկացնի նաև «Արարատը»: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը բացի «Ալաշկերտի» հետ խաղից (տանը), դեռ մրցելու է «Արարատ-Արմենիայի» (դրսում), «Շիրակի» (տանը) և «Ուրարտուի» (դրսում) հետ:  «Ուրարտուն» իր հերթին պահեստում ունի երեք հանդիպում. թիմը մրցելու է «Նոայի», հետո «Փյունիկի» ու «Արարատի» հետ:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Նոա 22 12 5 5 34 17 41
2.  Արարատ-Արմենիա 21 10 7 4 30 13 37
3.  Ալաշկերտ 20 10 7 3 20 11 37
4.  Արարատ 20 10 6 4 28 12 36
5. Ուրարտու 21 9 5 7 24 19 32
6.  Վան 22 7 4 11 20 28 25
7.  Լոռի ՖԱ 24 7 2 15 16 44 23
8.  Փյունիկ 22 5 7 10 15 16 22
9.  Շիրակ 22 2 7 13 16 43 13

Պայքարը ստորին հատվածում

«Շիրակին» մնացել է երկու հանդիպում, բայց փրկել իրավիճակն այլևս հնարավոր չէ: Գյումրեցիները մրցաշրջանը կփակեն վերջին տեղում, իսկ թե որ թիմը կզբաղեցնի նախավերջին հորիզոնականը՝ պարզ չէ: Այս պահին «Փյունիկն» է՝ վաստակած 22 միավորով: Նրանից մեկ միավորի առավելություն ունի «Լոռին» (23), երեք միավորի՝ «Վանը» (25):

Խաղացանկ

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին մնացել է երկու հանդիպում: Խաղալու են «Շիրակի» և «Ուրարտուի»: Ինչ վերաբերում է «Վանին», ապա չարենցավանցիները մրցելու են «Ալաշկերտի» և «Նոայի» հետ: Չի բացառվում, որ հենց «Վանը» կդառնա այն թիմը, որն ավելի կսրի պայքարը չեմպիոնական մրցավազքում: