Առաջատարը Պրեմիեր լիգան է. Առաջին անգամ՝ ինը տարում

Ինը տարում առաջին անգամ ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անգլիա Պրեմիեր լիգան կլինի առաջինն՝ անցնելով իսպանական Պրիմերայից: Մեկ մրցաշրջանում հավաքած միավորներով անգլիական ակումբները ռեկորդ են սահմանել: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունների եզրափակիչներում կխաղան անգլիական երեք թիմ (Չեմպիոնների լիգա՝ «Մանչեսթեր Սիթի», «Չելսի»/Եվրոպայի լիգա՝ «Մանչեսթեր Յունայթեդ»): Սրանից առաջ Պրեմիեր լիգան եղել է առաջինը աղյուսակում 2007/08 մրցաշրջանից մինչև 2011/12 մրցաշրջանը:

Վերջին հինգ մրցաշրջանից երեքում անգլիական թիմերը հավաքել են ավելի շատ միավորներ, քան իսպանական թիմերը: վերջին անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իսպանական թիմը հաղթանակ է տարել 2018 թվականին՝ «Ռեալ մադրիդը»: Անցած տարի Եվրոպայի լիգայի խաղարկությունում հաղթեց «Սևիլիան»:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթեց «Լիվերպուլը»՝ եզրափակչում մրցելով «Տոտենհեմի» հետ, իսկ Եվրոպայի լիգայի խաղարկությունում «Չելսին» ուժեղ գտնվեց «Արսենալից»: «Լիվերպուլը» խաղացել է նաև 2015/16 Եվորպայի լիգայի խաղարկության եզրափակչում, ինչպես նաև 2017/18 Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում: 2016/17 մրցաշրջանում Եվրոպայի լիգայի խաղարկությունում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գավաթը կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», իսկ Եվրոպայի լիգայի խաղարկության գավաթը «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վիլյառեալը»: